«Համայնքների խոշորացումը պետք է լինի տրամաբանական եւ պատճառաբանված, ոչ թե քաղաքական նպատակներով։ Մինչդեռ իշխանությունը որոշել է խոշորացնել, որպեսզի ազատվի ընդդիմադիր համայնքների ղեկավարներից։ Ընդ որում, մինչեւ այդ նշանակում է պաշտոնակատարների, որոնք կպատրաստվեն ՏԻՄ ընտրություններին»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ընդդիմության կողմից համայնքների խոշորացման հարցով նիստերի օրակարգը բոյկոտելուն՝ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը։
Նա շեշտեց՝ չափազանց կարեւոր է այն փաստը, որ 2021թ․ մայիսից համայնքների խոշորացման գործընթացը կտրուկ փոխվել է, եւ պատճառը ՍԴ որոշումն էր, որով ամրագրվեց՝ համայնքները պետք է խոշորացվեն համայնքների կարծիքը լսելով (փոքր համայնքի դեպքում) եւ տեղական հանրաքվեով (մեծ համայնքի դեպքում)․ «Երկուսից որեւէ մեկը չի կատարվել՝ ոչ համայնքների կարծիքն են լսել, ոչ տեղական հանրաքվե արել։ ՍԴ որոշումը ցինիկաբար խախտում են, դա հանցանք է, ոչ թե զուտ ապօրինություն։ ԱԺ դահլիճում ամրագրվեց, որ գործընթացն իրենից ներկայացնում է հանցանք։ Նախագահը պետք է կասեցնի սա»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ