Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուսական Национальная оборона պարբերականին տված հարցազրույցում «անհեռանկարային» է համարել Հայաստանի կողմից բարձրացվող Արցախի կարգավիճակի հարցը:
«Ցավոք, մինչ այժմ բարձրացվում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ինչը միանգամայն անհեռանկարային է: Ես կարծում եմ դա վնասակար և վտանգավոր է Հայաստանի և նրա այսօրվա ողբերգական իրավիճակի համար: Նրանք չպետք է մոռանան Ղարաբաղյան երկրորդ պատերազմի դասերը: Եթե Հայաստանը շարունակի տարածքային հավակնություններն Ադրբեջանի նկատմամբ, ապա մեզ համար էլ դժվար կլինի զերծ մնալ Հայաստանի նկատմամբ պատասխան տարածքային նկրտումներից: Մենք ավելի շատ հիմքեր ունենք դրա համար՝ հաշվի առնելով նույն Զանգեզուրի և նույն Գեյչա լճի (նկատի ունի Սևանա լճի-խմբ.) շրջանի պատմական պատկանելությունը, ավելի շատ պատմական նախադրյալներ կան տարածքային հավակնությունների համար: Բայց չէ՞ որ մենք դրանք չենք ներկայացնում»,- ասել է Ալիևը:
Նա հարց է բարձրացրել՝ ինչու Հայաստանը, որ պարտվել է պատերազմում և ստորագրել կապիտուլյացիոն փաստաթուղթ, իրեն իրավունք է վերապահում խոսել ինչ-որ կարգավիճակի մասին: «Կարգավիճակ մի բանի համար, որը չկա: Լեռնային Ղարաբաղ չկա: Կա Ղարաբաղյան տնտեսական գոտի, կա Արևելյան Զանգեզուրի տնտեսական գոտի: Դա մեր տարածքն է, և միայն մենք պետք է որոշենք, թե ինչ վարչական միավորներ կարող ենք ունենալ: Միայն մենք, և ոչ մի այլ երկիր, առավել ևս Հայաստանը»,- ասել է նա:
Ալիևը սպառնացել է, որ Հայաստանի կողմից այդ դիրքորոշումը վտանգ է ներկայացնում հենց իր համար: «Ավելի լավ է մեզ չզայրացնել ու չնյարդայնացնել, այլ համաձայնել, քանի դեռ մեր առաջարկները սեղանի վրա են: Նույն բանը կարող է կրկնվել, ինչ որ պատերազմը: Չէ՞ որ մենք Հայաստանին առաջարկել էինք ժամանակին կանգ առնել: Մենք նրանց առաջարկում էինք ինքնակամ լքել մեր օկուպացված տարածքները, բայց նրանք չհամաձայնեցին, և հիմա դառը պտուղներ են քաղում»,- ասել է Ալիևը:
Կարդացեք նաև
Ադրբեջանի նախագահը նշել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը հիմնականում կախված են հայկական կողմի դիրքորոշումից: «Մենք մեր դիրքորոշումն ուղենշել ենք: Մենք պատրաստ ենք սկսել պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթաց: Մենք պատրաստ ենք աշխատանքներ սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ: Այն անհրաժեշտ է: Պատերազմն ավարտվել է, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դարձել է պատմություն: Անհրաժեշտ է բնականոն գործակցություն»,- ասել է նա:
Ալիևն ընդգծել է, որ այս պահին շարունակվում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները: «Տարածաշրջանի ապագայի վերաբերյալ աշխատանք տարվում է, չնայած որ դժվարություններով: Հայկական կողմը երկուսուկես ամիս թայմաութ էր վերցրել: Միայն օգոստոսի 17-ից վերականգնվեցին նշված աշխատանքային խմբի աշխատանքները: Մենք պատրաստ ենք առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, սակայն առայժմ հայկական կողմից դրական ազդակներ չկան»,- ասել է Ալիևը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ