Այսօր կառավարության նիստում, երբ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց մեր երկրում համաճարակային իրավիճակն ու պատվաստման ցուցանիշները, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով այն հարցին, որ հոկտեմբերի 1-ից քաղաքացիներն աշխատանքի գնալիս կամ պետք է ներկայացնեն պատվաստված լինելու մասին փաստաթուղթ, կամ 14 օրը մեկ թեսթի պատասխաններ, ասաց. «Ինձ զարմացնում է այն, երբ հարցադրում է արվում, թե ինչպես կարելի է մարդկանց համար թեստավորման համար լրացուցիչ ֆինանսական ծախսեր սահմանել: Մարդկանց ամենեւին որեւէ լրացուցիչ ծախս չի սահմանվում, որովհետեւ մարդիկ այդ ծախսն անելու կարիքը չունեն, պետությունը հոգում է, որ բոլոր մարդիկ բացարձակապես անվճար ստանան պատվաստում: Քաղաքացին ինքն է ընտրում՝ ծախս անի՞, թե՞ չանի»:
Նիկոլ Փաշինյանն էլ վստահեցրեց, որ մոտ 300 հազար պատվաստվածներից որեւէ բացասական կամ բարդություններով ընթացող դեպք չունենք: Նա ասաց, որ պետք չէ պատվաստման մեջ դավադրություններ փնտրել եւ որ կառավարության անդամներն առաջինն են պատվաստվել. «Այս դահլիճում բոլորը պատվաստված են, եթե չունեն հակացուցում: Ես ինքս պատվաստված եմ, մեր ընտանիքի անդամները պատվաստված են: Եթե մենք հակամարմինների հետ կապված զգանք, որ կա անհրաժեշտություն նորից պատվաստվելու ենք, մենք դա անպայման պետք է անենք: Մենք այսօր կարողություններ ունենք օրական մինչեւ 10 հազար մարդու պատվաստել: Մենք հիմա եզրային վիճակում ենք եւ պետք է կոչ անեմ համաճարակային կանոնները պահել»:
Փաշինյանի խոսքով, Հայաստանում պատվաստման ցուցանիշները այլ երկրների համեմատությամբ շատ ցածր են:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ