«Հաշվի առնելով փորձը, վերլուծելով անցած ճանապարհը՝ մենք փորձել ենք շարունակել համայնքների միավորման գործընթացը»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Նախագծով Հայաստանի 441 համայնք առաջարկվում է միավորել 37 համայնքային փնջերի կամ միավորումների մեջ:
Հիշեցնենք, որ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտել են նիստը՝ հայտարարելով, որ օրակարգում անօրինական հարցեր են, հակասում են սահմանադրությանը, իսկ իրենք անօրինականությունների չեն մասնակցի:
Գնել Սանոսյանը նախագիծը ներկայացնելիս ասաց. «Հաճախ հարցնում են՝ սա քաղաքակա՞ն պրոցես է, թե՞ ոչ: Իհարկե, քաղաքական պրոցես է, ընտրություններ են, այն էլ՝ համամասնական, քաղաքական ուժեր են մասնակցում: Սա շատ լավ է, քաղաքական ուժերը ոչ միայն կմասնակցեն, այլեւ սրանից հետո Հայաստանի բոլոր բնակավայրերում տեղի ունեցող պրոցեսների, զարգացման գործընթացների համար հենց քաղաքական ուժերը նաեւ պատասխանատվություն կկրեն, որովհետեւ իրենց թիմի ներկայացուցիչները այնտեղ կլինեն կամ ավագանու անդամ, կամ համայնքապետ»:
Կարդացեք նաև
Իսկ թե ինչու են այսպես հրատապ բերել այս նախագիծը՝ Սանոսյանը այսպես պարզաբանեց, որ 2020-ին պատերազմ էր, դրանից առաջ՝ կորոնավիրուսը կար, իսկ հիմա շատ համայնքներում կան ընտրություններ, չէր լինի այնպես, որ այդ համայնքներում ընտրություններ անցկացվեին, ծախսեր արվեին, 2-3 ամիս հետո խոշորացնեին համայնքը:
Նախարարը հավաստիացրեց, որ խոշորացման արդյունքում բյուջեն արդար կբաշխվի ու խելամիտ:
Սանոսյանն ասաց, որ համայնքապետարանները չեն փակվելու, գյուղերի անունները չեն փոխվելու խոշորացման արդյունքում, իզուր են մտահոգություններ առաջանում, միակ փոփոխությունը այն է լինելու, որ համայնքապետարաններում ոչ թե 17 մարդ կտեսնեն, այլ՝ 3, բայց կլինեն մասնագետներ ու նորմալ ծառայություններ կմատուցեն. «Կարող են իրենց գյուղում զագսավորվել, ստանալ կադաստրի վկայական եւ այլն: Այսինքն, ոչ թե փակում ենք, այլ՝ ծառայություններն ենք ավելացնում: Եթե մինչեւ հիմա ցեխոտ ճանապարհով էր գնում համայնքապետարան, միավորման արդյունքում ճանապարհները կսարքենք, ինքը մաքուր ճանապարհներով կգնա նույն համայնքապետարանը իր հարցերը կլուծեի»:
Արդեն խոշորացված համայնքներում 1400 հաստիք է կրճատվել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ