«Դավիթը երազում էր իր ընտրած բնագավառում լավագույն մասնագետը դառնալ ու բարեկեցիկ կյանքով ապրել։ Նա միանշանակ գիտեր, թե ինչի էր ձգտում ու հստակ քայլերով գնում էր այդ ճանապարհով»,-պատմում է Դավիթի մայրը։
2001 թվականին ծնված Դավիթն ավարտել էր Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը, ապա ընդունվել Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ: 2019թ. հուլիսի 19-ին զորակոչվել էր բանակ:
Ուսումնական զորամասում գերազանց հանձնելով քննությունները՝ կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևը դարձել էր հրետանային ինքնագնաց կայանքի հրամանատար։
Պատերազմի օրերին արդեն դասակի հրամանատարի տեղակալ Դավիթը Մարտունու շրջանի թեժ կետերից մեկում էր։
Կարդացեք նաև
Մաթեմատիկական փայլուն գիտելիքների շնորհիվ ճշգրիտ հաշվարկներով ոչ միայն արագ ու անվրեպ ոչնչացրել էր թիրախները, այլև օգնել էր մարտկոցի մյուս երեք հրետանային ինքնագնաց կայանքների հաշվարկները կատարելուն։
Նա երազում էր իր ընտանիքի պես երջանիկ ու ներդաշնակ ընտանիք ունենալ։ Դավիթի մայրը պատմում է, որ որդին դեռ դպրոցը չէր ավարտել, սակայն արդեն մտածում էր իր տունն ունենալու մասին․ «Պլանավորում էր թե՛ իր ապագա կյանքը, թե՛ օրվա անելիքները։ Դավիթի ամեն օրն իր նպատակին հասնելու մի քայլ էր։ Մի տեսակ սովորություն էր դարձրել այդ ճանապարհն անցնելու համար անհրաժեշտ միջավայր ստեղծելը»։
Հոկտեմբերի 26-ին Դավիթը 11 ընկերների և հրամանատարի հետ զոհվեց սմերչի հարվածից։ Դավիթը հետմահու արժանացել է ԱՀ Մարտական ծառայության և արիության համար մեդալի։ Անվերջ շտապող Դավիթն անմահացավ՝ հավերժ մնալով 19 տարեկան…
Փառք ու խոնարհում մեր սուրբ հայրենիքի համար իրենց կյանքը, առողջությունը զոհաբերած բոլոր արիներին։ Հիմնադրամի ֆոնդը ձևավորում ենք մենք՝ ՀՀ և Արցախի քաղաքացիներս։ Ֆինանսական կայուն հատուցումն ամենաքիչն է, որ կարող ենք անել մեր քաջերի և մեր հոգու հանգստության համար։
Զինծայառողների ապահովագրության հիմնադրամ