Այսօր կառավարության առաջարկով ԱԺ արտահերթ նիստ է, որի օրակարգում 2 հարցեր են՝ համայնքների խոշորացումը՝ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը եւ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխությունները:
«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտեցին նիստը՝ հայտարարելով, որ օրակարգում անօրինական հարցեր են, հակասում են սահմանադրությանը, իսկ իրենք անօրինականությունների չեն մասնակցի:
ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հիմնական զեկուցող, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին հարցրեց՝ մինչ այս պահը հանձնաժողովում երկու անգամ քննարկումներին մասնակցել եմ, իրենք հարցեր էին տալիս, առաջարկություններ անում, եթե անօրինական էր, ինչո՞ւ էին դա անում ու այն ժամանակ մասնակցում:
Գնել Սանոսյանը պատասխանեց, որ այդ համատեքստում ընդդիմադիրները ոչինչ չեն ասել, ավելին՝ համայնքների խոշորացման նախաձեռնողները ժամանակին եղել են իրենք: Ըստ նախարարի, իրենք գալով իշխանության՝ ավելի բարելավել են համայնքների միավորման գործընթացը:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Արծվիկ Մինասյանի հայտարարությանը, որ սա անօրինական գործընթաց է՝ Սանոսյանը հիշեցրեց, որ համայնքների խոշորացումը մեկնարկել է 2016-2017-ին. «Դավիթ Լոքյանը՝ ՀՅԴ-ական, եղել է կառավարության անդամ եւ այս ամենի ջատագով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ