Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ալիևը կոչ է արել ՄԱԿ անդամ երկրներին չօգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը

Սեպտեմբեր 24,2021 11:15

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում, կոչ է արել ՄԱԿ անդամ պետություններին և ՄԱԿ քարտուղարությանը չօգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը:

«Ադրբեջանը ռազմաքաղաքական ճանապարհով կարգավորեց 30-ամյա հակամարտությունը, վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնացել է անցյալում: Ադրբեջանում այլևս չկա Լեռնային Ղարաբաղ անունով վարչատարածքային միավոր: 2021թ. հուլիսի 7-ի նախագահական հրամանով մենք ստեղծել ենք Ղարաբաղյան և Արևելյան Զանգեզուրի տնտեսական գոտիներ: Առիթից օգտվելով՝ կոչ եմ անում ՄԱԿ անդամ երկրներին և ՄԱԿ քարտուղարությանը մեր տարածքների մասին խոսելիս չօգտագործել իրավական տեսանկյունից գոյություն չունեցող, քաղաքական առումով կանխակալ անվանումը, որը կրում է մանիպուլյացիոն բնույթ»,- ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը հերթական անգամ հայտարարել է՝ քանի որ հակամարտությունն ավարտված է՝ Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ՝ սահմանազատման և սահմանագծման, միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ճանաչելու սկզբունքների վրա:

«Այդպիսի համաձայնագիրը կարող է մեր տարածաշրջանը վերածել խաղաղության և գործակցության տարածաշրջանի: Սակայն մենք դեռ դրական արձագանք չենք նկատում Հայաստանից մեր առաջարկին»,- ասել է Ալիևը:

Նրա խոսքով՝ խաղաղության և գործակցությանը նպաստող այդպիսի ոլորտ կարող են լինել տնտեսական նախագծերը: «Այդ համատեքստում Զանգեզուրի միջանցքը, որը կմիացնի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ, նոր հնարավորություններ կստեղծի մեր տարածաշրջանի համար»,- ասել է նա:

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը Հարավային Կովկասում նոր իրողություն է ստեղծել, և յուրաքանչուրը դա պետք է հաշվի առնի: Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է ընտրություն կատարի «տարածաշրջանային գործակցության և հարևանների նկատմամբ անօրինական, չհիմնավորված տարածքային հավակնությունների միջև»:

«Միջազգային հանրությունն այդ իմաստով պետք է դրական դեր խաղա և կոչ անի Հայաստանին գիտակցել, որ խաղաղությանն այլընտրանք չկա: Պետք է վերջ դնել Հայաստանի ռևանշիզմին ուղղակի կամ անուղակի աջակցությանը և նրան զինելու փորձերին»,- ասել է Ալիևը՝ հույս հայտնելով, որ Հարավային Կովկասում ի վերջո երկարաժամկետ խաղաղություն և կայունություն կհաստատվի:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930