Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական որոշակի «առեւտրից» հետո Թուրքիան, այնուամենայնիվ, կհորդորի Ադրբեջանին՝ նստել Մինսկի խմբի բանակցային սեղանի շուրջ. «Հայաստանի Հանրապետություն»

Սեպտեմբեր 24,2021 11:21

Էրդողանի առաջնորդությամբ Թուրքիայի վարած քաղաքականության մեջ ավելի հաճախ են հանդիպում անտրամաբանական, հաճախ նաեւ՝ իրարամերժ գործողություններ: Շատ դեպքերում դրանք առավել քան ցցուն են, եւ հաճախ իրար բացառող քայլերն արվում են միաժամանակ: Անկարայի նման պահվածքը, պարզվում է, հեշտ բացատրելի է: Այն պայմանավորված է երկու գերտերության՝ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի «լարերի վրա միաժամանակ խաղալու» էրդողանի գործելաոճով: Այս միտման պրիզմայում է տեղավորվում Ղրիմում ՌԴ Պետդումայի վերջին ընտրությունները չճանաչելու մասին օրերս Թուրքիայի ԱԳՆ-ի հրապարակած հայտարարությունը: Իրադարձության գույները խտացնում է այն հանգամանքը, որ հայտարարությունը տարածվում է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի՝ Մոսկվա էրդողանի այցին ակտիվ նախապատրաստվելու մասին արված հայտարարության հաջորդ իսկ օրը:

Թուրքիան ակնհայտորեն ցանկանում է բարելավել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, ծայրահեղ դեպքում՝ կանխել դրանց հետագա վատթարացումը:

ԱՄՆ-ի առաջնորդի հետ հանդիպելուց առաջ նրա վերջին շրջանի դիրքորոշման կոշտության կոտրումը Էրդողանին շատ է անհրաժեշտ, քանի որ Նյու Յորքում շատ ասելիք ունի, մասնավորապես՝ Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի, Սիրիայում, Լիբիայում եւ Աֆղանստանում իր պահվածքի մասին: Այս առումով կանխատեսելի էր, որ Թուրքիայի առաջնորդը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի վեհաժողովում ունեցած  ելույթում կփորձեր արդարացնել Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հետ սանձազերծած ագրեսիան՝ այն շղարշելով Արցախի վերաբերյալ մոտ 30 տարի առաջ ՄԱԿ-ի ընդունած որոշումներով:

Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի հարցն է եղել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի հանդիպման առանցքային թեմաներից մեկը։ Արցախյան հիմնահարցը լինելու է նաեւ Էրդողան-Բայդեն հանդիպման օրակարգում: ԱՄՆ-ն, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, առաջ է տանելու այդ միջազգային ընդունված ձեւաչափում Արցախի կարգավիճակի որոշման գործընթացը, որը հակասում է Թուրքիայի եւ Ադրբեջանի արած հայտարարություններին, թե պատերազմով արդեն լուծել են հիմնահարցը: Այս հարցում ԱՄՆ-ն առավել քան հետեւողական է եւ նախատեսում է արդեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի վեհաժողովի ժամանակ ակտիվացնել Մինսկի խմբի գործողությունները:

Այսպիսով՝ եթե աշխարհաքաղաքական տարբեր հարցերում Էրդողանը ստիպված է լինում ոչ այնքան հաջող «խաղալ» ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հակադիր լարերի վրա, ապա Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցում, կարծես թե, նման երկընտրանքի առաջ կանգնած չէ, քանի որ եւ՛ ԱՄՆ-ն, եւ՛ ՌԴ-ն առաջ են քաշում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում արցախյան խնդրի հիմնարար ու երկարաժամկետ լուծում գտնելու թեզը: Սպասվում է, որ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական որոշակի «առեւտրից» հետո Թուրքիան, այնուամենայնիվ, կհորդորի իր «կրտսեր եղբորը»՝ Ադրբեջանին, նստել Մինսկի խմբի բանակցային սեղանի շուրջ:

Աշխարհաքաղաքական հագեցած զարգացումները, որոնց կիզակետերում է Թուրքիան, փաստում են, որ Էրդողանին օրեցօր ավելի ու ավելի դժվար է լինելու «խաղալ» երկու լարի վրա, եւ տրամաբանական հարց է ծագում, թե ընկնելիս կառչելու համար որ լարը կնախընտրի: Պատմությունը ցույց է տվել, որ Թուրքիայի վերջնական որոշումները սովորաբար Ռուսաստանի օգտին չեն լինում:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930