Նիկոլ Փաշինյանի երբեմնի ընկեր ու հոգեւոր հայր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախկին տնօրեն Աշոտ Բլեյանը նախօրեին Ազգային ժողովում էր։ Նա «ռյուգզագն» ուսին, եկել էր ԱԺ-ում համայնքների խոշորացման թեմայով խորհրդարանական լսումներին մասնակցելու։ Քանի որ Բլեյանը Հայաստանի պատմության մեջ ամենահին պացիֆիստն է եւ հայ-թուրքական բարիդրացիության ամենամեծ ջատագովը, առիթն օգտագործեցինք եւ նրան մի քանի հարց ուղղեցինք՝ ակնկալելով նրա գնահատականը երկրում ստեղծված իրավիճակի, իր երբեմնի ընկերոջ ձեռամբ Հայաստանը մաս-մաս հանձնելու գործընթացների վերաբերյալ։
– 2008-ին, երբ ինքը լրագրող էր եւ ընդդիմադիր էր, այն ժամանակ Դուք նրան աջակցել եք, ապաստան եք տվել նրան Ձեր տանը՝ թաքցնելով օրվա իշխանությունների հետապնդումներից։ Մարդիկ հիշում են դա։ Փոշմանե՞լ եք դրա համար։
– Ես չեմ պատասխանում էդ հարցերին, որովհետեւ, եթե ես կարող եմ մարդուն, էն էլ ինձ մտերիմ, ինձ հարազատ երիտասարդին օգնել, ես անպայման դա անում եմ։ Ես դա անում եմ հիմա, անում եմ յուրաքանչյուրի նկատմամբ եւ կանեմ էլի։
– Ուղղակի շատերը, որ օգնել են Նիկոլ Փաշինյանին, այսօր զղջում են դրա համար, ասում են՝ եթե ժամանակին նրան օգնած չլինեինք, նա այսօր երկիրը կործանման եզրին չէր հասցնի։
Կարդացեք նաև
– Լավ, էլի։ Էդ բոլորն ուզում են սրբագրեն, մի մարդու վրա գրեն։ Էդպես շատ հեշտ է։
– Մեղք չունի՞ Նիկոլ Փաշինյանը։
– Ուրեմն Նիկոլ Փաշինյանի մեղքը 2018-ին իշխանության գալն ու չձեւակերպելն է խաղաղության՝ ուզում եք դրան դոկտրին ասեք, դա։ Այսինքն, ինքը պետք է գար՝ չունենալով ղարաբաղյան էդ հակամարտության բեռը, ինքը պետք է գար ու հասկանար, իմանար, թե դա ինչ ողբերգական ազդեցություն կարող էր ունենալ։ Երկրորդը․ որ ինքը, լինելով թիվ մեկը պետական կառավարման համակարգում, պետք է բացառեր պատերազմը։ Այսինքն՝ չէր կարելի թույլ տալ, որ հարցի կարգավորման համար՝ անգամ որպես հնարավորություն, լինի պատերազմը։ Այսինքն՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի պատերազմը չբացառելուց ավելի մեծ մե՞ղք կար։ Նա թերագնահատեց պատերազմի ողբերգականությունը, դրա հրեշավորությունը, դրա անթույլատրելիությունը։
– Բայց նա հայտարարում էր, թե արցախյան հարցի լուծումը պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի համար։
– Դուք ինձ ուրիշ բան եք ասում, Դուք ինձ հարցնում եք, ես պատասխանում եմ, ես հիմա, տվյալ դեպքում, չեմ մտնում բանավեճի մեջ։ Դուք իմ տեսակետը հարցնում եք՝ վերջ, կարող եք դա օգտագործել, կարող եք՝ ոչ։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: