Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանն իր ուղերձում ընդգծում է, որ հարգում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը. վերլուծաբան. «Ամերիկայի ձայն»

Սեպտեմբեր 24,2021 09:55

«Ամերիկայի ձայն». Անցած մի քանի շաբաթների ընթացքում Թուրքիայի և Հայաստանի առաջնորդների միջև արձանագրվեց ուղերձների փոխանակում, որն ազդարարում է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հերթական փորձի մասին, ասում է «Կովկասյան հրատարակության» հանդեսի խմբագիր, վերլուծաբան Ֆիլիպ Գամաղելյանը հանդեսի կազմակերպած հերթական վեբինարի ընթացքում՝ նվիրված հայ-թուրքական հարաբերություններին: Գամաղելյանը հիշեցնում է՝ հարաբերությունների կարգավորման այս փորձն առաջինը չէ. նախորդ բոլոր փորձերը, և հատկապես 2009 թ.-ի «ֆուտբոլային» դիվանագիտությունը ձախողվել են:

Գամաղելյանը մատնանշում է նախորդ և ներկա կարգավորման փորձերի միջև առկա տարբերությունները, որոնցից ամենացայտուն օրինակն է, որ 2009 թ-ին Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորել էր ԼՂ բանակցություններում առաջընթացի հետ, որը, փաստորեն, նշանակում էր հայկական զորքերի դուրսբերում ԼՂ-ի շուրջ ընկած տարածքներից:

«Հաշվի առնելով, որ ուղերձների փոխանակումը նախաձեռնել է, որքան հայտնի է, Թուրքիան, ենթադրաբար, այդ պայմանն այլևս գոյություն չունի»,- նշել է Գամաղելյանը:

Վերլուծաբանի մատնանշած այլ տարբերությունների շարքում են ջանքերի ուղիղ, չմիջնորդավորված ձևը ի տարբերություն նախորդ փորձերի, ինչպես նաև երկխոսության թափանցիկ ու հանրային բնույթը:

Իր հերթին, International Crisis Group Թուրքիայի ծրագրի ղեկավար, վերլուծաբան Նիգար Գյոքսելը նկատում է՝ կողմերի միջև երկխոսությունը պարունակում է հստակ ուղերձներ: Ըստ նրա՝ Անկարան իր ուղերձում ընդգծում է, որ հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն ու սպառնալիք չէ Երևանի համար: Միևնույն ժամանակ, ըստ Գյոքսելի, Թուրքիան այսպիսով կարևորում է նաև Ադրբեջանի և իր սեփական տարածքային ամբողջականությունը:

«Չեմ կարծում, որ այն ներկայացված է որպես նախապայման: Դա ավելի շուտ ուղերձ է, որ կարգավորումը չի կարող սեպ խրել Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Չեմ կարծում նաև, որ այս ուղերձն անպայման ուղղված է միայն Երևանին: Այն ուղղված է նաև Բաքվին, Մոսկվային, երկրի ներսում՝ ազգայնականներին»,- նշում է Գյոքսելը:

Գյոքսելը գտնում է, որ Անկարան, հաշվի առնելով Ադրբեջանի, Ռուսաստանի, ինչպես նաև ներքաղաքական գործոնները, փորձում է առաջ քաշել տարածաշրջանային ինտեգրման հեռանկարը, որը բխում է Հայաստանի, Թուրքիայի և տարածաշրջանի շահերից:

«Այս մոտեցումը հիմնված է այն գաղափարի վրա, որ Թուրքիան և Հայաստանը կարող են փորձել կարգավորել հարաբերությունները, սակայն թե՛ Ադրբեջանը և թե՛ Ռուսաստանը կարող են խափանել գործընթացն ամեն րոպե, ուստի նրանք ևս պետք է ընդգրկվեն գործընթացում»,- նկատում է Նիգար Գյոքսելը:

Ֆիլիպ Գամաղելյանի կարծիքով էլ Թուրքիայի հետ հարաբերություների հարցում Հայաստանում առկա բևեռացումը ավելի է բարդացնում գործընթացը, սակայն վերջին ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ գործող իշխանությունները Հայաստանում ստացել են կարճաժամկետ հանրային աջակցություն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում: Կարգավորումը, սակայն, ինքնին ինքնանպատակ չէ, այլ պետք է լինի շահավետ կամ առնվազն ընդունելի հայկական կողմի համար, նկատում է Գամաղելյանը:

«Սա է այն կետը, որտեղ հռետորաբանությունը դառնում է կարևոր: Այն, ինչ ասում է Թուրքիայի ղեկավարությունը և այն իրական նախապայմանները, որոնք առաջ է քաշում Անկարան, չափազանց կարևոր են` որոշելու համար, թե արդյոք Հայաստանի կառավարությունը կարող է շարունակել կարգավորման գործընթացը, թե ոչ: Այստեղ առկա են «կարմիր գծեր», որոնց հատումը գործընթացը դարձնում է պարզապես ավելի վտանգավոր և ոչ շահավետ հայկական կողմի համար ինչպես ներքաղաքական, այնպես էլ երկրի անվտանգության տեսանկյունից»,- նշում է Գամաղելյանը:

Վերլուծաբանները համակարծիք են Երևանի ու Անկարայի միջև ուղիղ երկխոսության ու կապի անհրաժեշտության հարցում, եթե կողմերը ցանկանում են առաջ շարժվել: Դրա հետ մեկտեղ չափազանց կարևոր է հաշվի առնել տարածաշրջանային խաղացողների դիրքորոշումներն ու դինամիկան:

Նիգար Գյոքսելն էլ հիշեցնում է՝ Թուրքիան ծայրահեղ տարաձայնություններ ունի Հունաստանի հետ բազմաթիվ հարցերում, ներառյալ Կիպրոսի, բայց դա չի նշանակում, որ կողմերը պետք է խզեն դիվանագիտական հարաբերությունները, որոնց առկայությունը, ըստ թուրք վերլուծաբանի, չի նշանակում, որ կողմերը հանգել են համաձայնության յուրաքանչյուր խնդրի կամ դրանց մեծ մասի շուրջ:

Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930