Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանն անփոփոխ է

Սեպտեմբեր 24,2021 10:00

«Ես չափից դուրս շատ եմ սիրում Ռուսաստանը, որպեսզի անընդհատ տեսնեմ նրան աչքիս առաջ», – գրում էր աշխարհում ամենահայտնի եւ ամենասիրված ռուսներից մեկը՝ Պյոտր Չայկովսկին, որն իր 53-ամյա կյանքի 10 տարին (տարբեր ժամանակահատվածներն իրար գումարած) անցկացրել էր արտասահմանում: Ընդ որում, հանճարեղ կոմպոզիտորն իսկապես հայրենասեր էր, նվիրված էր իր պետությանն ու ցարին (ռուսների մեծամասնության համար այդ երկու հասկացությունները փոխկապակցված են), հպարտանում էր, որ իր համաշխարհային համբավը նպաստում էր նաեւ Ռուսաստանի փառքին: Բայց չէր կարողանում երկար ապրել հայրենիքում, իսկ մյուս կողմից՝ երբ գնում էր Եվրոպա (մի անգամ էլ՝ ԱՄՆ), արագ ձանձրանում էր, կարոտում էր եւ ձգտում էր վերադառնալ:

Այդ երկիրը, նրա մեծերի, նրա ժողովրդի ոգին պետք է հասկանալ՝ չշտապելով գնահատողական դատողություններ անել: Կարո՞ղ է Ռուսաստանը կայսրություն չլինել: Ո՛չ, այդպիսով կվերանա այդ պետության գոյության իմաստը՝ Ռուսաստանը թեեւ թույլ եւ աղքատ, բայց կայսրություն է: Կարո՞ղ է Ռուսաստանն իրական դաշնային կառուցվածք ունենալ: Ո՛չ, դա կբերի կենտրոնախույս շարժումների եւ ապակայունացման. նահանգապետերը պետք է լինեն ցարի հավատարիմ ծառաները, որոնց նա երբեմն պարգեւատրում է, իսկ երբեմն՝ պատժում: Կարո՞ղ է Ռուսաստանը արեւմտյան տիպի ժողովրդավարական լինել, որտեղ խորհրդարանն ունի առանձին եւ ինքնուրույն դեր: Ո՛չ, Դուման պետք է լինի ցարի կցորդը եւ կատարի նրա կամքը:

Այդ ամենը հաշվի առնելով՝ առանձնապես իմաստ չեմ տեսնում մեկնաբանելու Պետական Դումայի վերջին ընտրությունները: Կարելի է այդ ընտրություններն ընդհանրապես չանցկացնել, Պուտինը կարող է ժամանակ առ ժամանակ նշանակել պատգամավորներին, որոնք կընդունեն իր ուզած օրենքները: Ընտրական «ընթացակարգերը» զուտ ձեւական բնույթ են կրում եւ կոչված են աշխարհին ինչ-որ բան ցույց տալ՝ ինձ համար մինչեւ վերջ հասկանալի չէ, թե ինչ: Ընտրություններից առաջ էլ պարզ էր, որ իշխանության կուսակցությունը ստանալու է սահմանադրական մեծամասնություն, որ երեք հայտնի «ընդդիմադիր» կուսակցությունները հանդես են գալու որպես «ֆոն», իսկ «Նոր մարդիկ» կուսակցությունն ամենեւին նոր չէ, որովհետեւ այն արտահայտում է նույն օլիգարխիայի եւ տեղական բյուրոկրատիայի շահերը: Մարդիկ եւ կուսակցությունները, որոնք փորձում են հակադրվել Պուտինին, չեն գրանցվում որպես թեկնածու եւ չեն մասնակցում ընտրություններին:

Սա ես գրում եմ զուտ որպես արձանագրում, եւ, կրկնեմ, չեմ փորձում գնահատական տալ՝ այս կամ այն ռեժիմն ունենալը, ի վերջո, Ռուսաստանի քաղաքացիների որոշելիքն է: Այդպիսին էր Ռուսաստանը 18,19, 20-րդ դարերում, այդպիսին է նաեւ հիմա, եւ ես վստահ չեմ, որ ինչ-որ բան փոխելն այդ երկրի համար բարիք է: Վկա՝ «տուրբուլենտ» 1990-ական թվականները:

Մենք պետք է հաշվի առնենք, որ Հայաստանի ճակատագիրը մեծապես կախված է հենց այդպիսի՛ երկրից: Հաշվարկները պետք է հիմնված լինեն այն փաստի վրա, որ Կրեմլը երբեք էապես չի փոխի իր ներքին եւ արտաքին քաղաքականությունը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ալֆրեդ says:

    Մարդիկ էլ կան որոնք Ռուսաստանի օրերն են հաշվում

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930