Նարեկի հայրը որդուն գտել է Մեծամորի դիահերձարանում
«Շուտ հարմարվեց բանակային կյանքին, չնայած որ մեզ շատ կարոտում էր: Հպարտությամբ էր կրում զինվորական համազգեստն ու ամեն անգամ իրեն տեսնելիս մենք էլ էինք հպարտություն զգում իր այդ կեցվածքից՝ կոկիկ, մաքուր։ Գյումրուց տեղափոխվեց Արցախ, անցավ ծառայության Հադրութի զորամասում ու միշտ ասում էր՝ տղան պետք է Արցախում ծառայի, սահման պահի, հայրենիքի դարպասները պաշտպանի։ Ինչպես միշտ գոհ էր ու երբեք չէր դժգոհում, իր տեսակն էր այդպիսին, իր առջեւ դրված յուրաքանչյուր խնդիր պատասխանատվությամբ էր կատարում։ Իր ձեռքերով մատուռ էր սարքել իր պաշտպանական դիրքում ու ամեն անգամ մեծ հավատքով ու սիրով էր խոսում այդ մասին։ Աստվածապաշտ էր»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Նարեկի քույրը՝ Աննա Սերոբյանը:
Նարեկ Սերոբյանը 44-օրյա պատերազմի հերոս- նահատակներից է: Նա զորակոչվել է բանակ 2019 թվականի հուլիսի 1-ին՝ սկզբում ծառայության անցնելով Գյումրու «Հակատանկային ուսումնական զորամասում», այնուհետեւ Արցախի Հանրապետության Հադրութի զորամասում։ Զորամասում հրամանատարության կողմից նշանակվել է զորամասի խմբագրության բաժնի խմբագիր, եղել է ակտիվ զինվոր: Հարազատները պատմում են, որ ստեղծագործել է, որոնք փակցվել են զորամասի պատերին:
«Դպրոցում Նարեկը միջոցառումների ակտիվ մասնակից էր: Մի օր մայիսյան եռատոնին նվիրված միջոցառում են կազմակերպում, որի սցենարը գրում է Նարեկը, որտեղ էլ նա եւ իր ընկերը պատերազմի մասնակից զինվորներ են։ Սցենարով՝ պատերազմից վերադառնում է ընկերը, իսկ Նարեկը զոհվում է՝ թողնելով մի նամակ, որ այն փոխանցեն մայրիկին: Նամակը հետեւյալ բովանդակությամբ է գրել՝ մամ, դու իմ արեւն ես, բայց ես ունեմ ավելի մեծ արեւ, առանց որի 3 միլիոն կյանք կմթնի, 10 միլիոն կյանք կզրկվի ջերմությունից, ու հիմա ես գնում եմ պաշտպանելու այդ արեւը… Մամ, չտխրես, դու կկորցնես ինձ, բայց ձեռք կբերես 3 միլիոն զավակ, որովհետեւ 3 միլիոն հայերի սրտերի մի անկյունում ապրում եմ ես: Մամ, կներես ինձ, իմ մա…»,-պատմում է Նարեկի քույրը:
Կարդացեք նաև
Պատերազմի սկսվելու ժամանակ Նարեկը դիրքերում հերթափոխության է եղել, սեպտեմբերի 27-ին թշնամին տանկերով հարձակվել է դիրքերի վրա ու տղաները անցել էին պաշտպանության, նույնիսկ ավտոմատներով են տանկերին կանգնեցրել։ Լուսաբացից մինչեւ ուշ երեկո համառ պայքար են տվել, սակայն չդիմանալով անհավասար պայքարին՝ կորուստներ տալով հետնահանջի հրաման են ստացել: «Անընդհատ զանգում էինք՝ անհասանելի էր, տագնապած էինք ու հանկարծ իր զանգը ստացանք կրակոցների ու ռմբակոծությունների ձայների տակ։ Հարցնում ենք՝ Նար, ո՞նց ես, ինչ կա՞, ի՞նչ է ձեր մոտ կատարվում: Իսկ նա հարցնում է՝ իսկ էդտեղ ի՞նչ են ասում։ Չցանկանալով մեզ անհանգստություն պատճառել, մեզանից է հարցնում՝ արդյոք տեղյա՞կ ենք, մենք էլ մեր հերթին չցանկանալով իրեն ասել «պատերազմ» բառը, մտածելով իրենց մոտ ուրիշ իրավիճակ է։ Չասեցինք պատերազմ է, պարզապես ասեցինք ռմբակոծում են, ու լսելով հեռախոսից այնտեղի ձայները, հարցրեցինք՝ էդտեղ ի՞նչ է կատարվում, ռմբակոծո՞ւմ են: Ասաց՝ լավ է ամեն բան, ուշ-ուշ կզանգեմ։ Այդպես 2-3 օրը մեկ կապ էր հաստատում ու մեզ հանգստացնում, որ ամեն բան լավ է, չվախենաք, մենք հաղթած տուն ենք գալու, սրանք շատ են փոշմանելու, որ պատերազմ են սկսել ու մեր հողն են մտել, մենք սրանց հող տվողը չենք»,-պատմում են հարազատները։
Նրանց խոսքով, սեպտեմբերի 28-ից Նարեկին տարել են Ֆիզուլիի (Վարանդայի) առաջնագիծ: Այնտեղ տղաները 16 օր շարունակ ծանր մարտեր են մղել, իսկ հոկտեմբերի 13-ին թշնամու ԱԹՍ-ի հարվածից անմահացել է Նարեկ Սերոբյանը, չնայած որ գիտակցությունը որոշ ժամանակ եղել է եւ ճանապարհին ողջ ընթացքում խոսել, ասել է իր անուն-ազգանունը, ասել, որ Երեւանից է՝ Կոմիտասից, ընտանիք ունի, մեծ քույր, սակայն, ցավոք սրտի, ոչինչ անել այլեւս չեն կարողացել: Տնեցիները լուր էին ստացել, որ վիրավոր է դուրս եկել, պետք է հիվանդանոցներում փնտրեն, 1 ամիս փնտրելուց հետո՝ պատահական Նարեկի հայրը որդուն գտնում է Մեծամորի դիահերձարանում:
Նարեկն այժմ ննջում է Եռաբլուրում՝ մնացած զոհերի կողքին: Սեպտեմբերի 12-ին էլ բացվեց հերոսի հիշատակին նվիրված հուշաղբյուրը:
Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.09.2021