Ասում է «Հերոսների վերականգնողական քաղաք» նախագծի հեղինակ Սուրեն Արեենցը
ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անունը կրող «Հերոսների վերականգնողական քաղաք» նախագիծը, որը նախագծի հեղինակ Սուրեն Արեենցի խոսքով, Հայաստանում հոգեբանական առաջին լուրջ կենտրոնն է լինելու, շուտով կբացի իր դռները, եւ 1000-ավոր զինվորներ կկարողանան նեղ մասնագիտական բուժում ստանալ: «Առավոտի» հետ զրույցում Սուրենը տեղեկացրեց, որ հոգեբանների իրենց թիմը կարողացել է ուսումնասիրել 90-ականների պատերազմում հոգեկան խնդիրներ ունեցող տղաների սինդրոմը (ինչպես Վիետնամի պատերազմի սինդրոմը), ինչը հնարավորություն կտա բուժում գտնել այդ տրավմայի համար: «Սա լուրջ առաջխաղացում է, որովհետեւ հիվանդության նախատիպը չունենալու դեպքում դու չես կարող գտնել բուժումը: Իսկ մենք արդեն ունենք, այսպես ասած, հոգեբանական ռենտգենը»,-նշեց մեր զրուցակիցը: Հավելեց, որ «Հերոսների վերականգնողական քաղաք» նախագիծը կունենա նաեւ Հայաստանում նմանը չունեցող գերժամանակակից եռաչափ հոգեբանական կենտրոն` տղաների վախերի հաղթահարման եւ մասնագիտական օգնություն ցուցաբերելու համար:
«Հերոսների վերականգնողական քաղաք» նախագծի հեղինակը նշեց նաեւ, որ կենտրոնի շինարարության 50 տոկոսն ավարտված է, առաջին շենքը ոչ միայն մեկ հարկով են հանձնելու, այլեւ ունենալու են մեկ հարկ փակ տարածք, երկրորդ հարկում բաց տարածք, ինչը նշանակում է, որ տղաները հավելյալ 140քմ ավելի մեծ բուժական վայր կունենան, կառուցվում է նաեւ հացատուն, տարբեր թերապիաների վայրեր, շուտով պատրաստ կլինի Վարդան Ամալյանի անվան պուրակը, քանի որ ծառերն արդեն գնված են, անցկացվում են ջրամատակարարման խողովակները: Այս տարի ավարտին կհասցվի նաեւ հոգեկան առողջության ջրվեժի շինարարությունը, եւ տղաները հնարավորություն կունենան ստանալ ջրային թերապիաներ եւս:
Սուրեն Արեենցը հավելեց, որ մի քանի պայմանագրեր են կնքել, դրանցից մեկը մի խոշոր ընկերության հետ է, ինչի շնորհիվ տղաները ՏՏ ոլորտի մասնագիտություններ ձեռք կբերեն, բարձր աշխատավարձով աշխատանք, իսկ պատվերների շնորհիվ կենտրոնը կունենա ֆինանսական ռեսուրսներ, որոնք ամբողջությամբ կուղղվեն տղաների բուժմանը:
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցն ընդգծեց, որ «Հերոսների վերականգնողական քաղաք» նախագիծն առաջիկայում պայմանագրեր կկնքի Գերմանիայի, Հունաստանի հոգեբանների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել որոշ ժամանակ աշխատել կենտրոնի մասնագետների հետ` 2016թ. ապրիլյան պատերազմի մասնակիցների հոգեկան խնդիրների բացահայտման եւ բուժման ուղղությամբ, կամավորներ կունենան նաեւ Ֆրանսիայից: Նա անդրադարձավ Արցախի Ամարաս վանական համալիրում վերականգնողական քաղաքի կառուցմանը, որը եւս ծառայելու է զինվորների ու նրանց ընտանիքների անդամների հոգեկան առողջության բարելավմանը։
Սուրենն ասում է, որ իրենց համար շատ կարեւոր է, որ նվիրատվությունները չդադարեն, որպեսզի կարողանան ավարտին հասցնել բոլոր ծրագրերը, ավելացնել թերապիաների ծավալը, վերապատրաստել հոգեբաններին եւ մասնավորապես զինվորական հոգեբաններին: Նրա խոսքով, պատերազմում վիրավորում եւ հաշմանդամություն ստացած տղաները մեր ազգի կորիզն են, եւ նրանց պետք է ամեն ինչով սատար կանգնել, որպեսզի կյանք վերադառնան: Այդ համատեքստում համագործակցում են «Գուրմե Դուրմեի», «Բարիբիշոփի», «Մեգերյան կարպետի» եւ այլ ընկերությունների հետ: Շուտով կսկսեն նաեւ «Օգնություն դպրոցին» ծրագիրը` զոհվածների երեխաների համար, նրանց հետ վիրտուալ դասապատրաստում կիրականացվի:
Մեր զրուցակիցը նշում է, որ «Հերոսների վերականգնողական քաղաք» նախագիծը նաեւ մի նշաձող է սահմանելու, որից ներքեւ չպետք է զինվորների բուժում իրականացվի` հատկապես հոգեկան առողջության «մասով»: Ասում է, որ պետություն, մասնավոր հատված, հ/կ-ներ, գիտնականներ համագործակցության արդյունքում առաջիկայում գիտաժողով կանցկացվի` ոլորտի հրամայականներն ու անելիքները հստակեցնելու համար:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները` Սուրեն Արեենցի ֆեյսբուքյան էջից
«Առավոտ» օրաթերթ
23.09.2021