Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես բուժակը հայտնի օպերային երգիչ դարձավ

Սեպտեմբեր 24,2021 12:30

Ավստրիացի բաս-բարիտոն Մաթիաս Հոֆմանն առաջին անգամ հանդես կգա Հայաստանում

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հրավերով առաջին անգամ Հայաստանում է ավստրիացի ճանաչված օպերային երգիչ, բաս-բարիտոն Մաթիաս Հոֆմանը։ Նա մեր հանդիսատեսին քաջածանոթ օպերային երգիչներ Ջուլիանա Գրիգորյանի (սոպրանո), Սոֆյա Թումանյանի (մեցցո սոպրանո), Տիգրան Հակոբյանի (տենոր) ընկերակցությամբ, ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան) հետ «Արամ Խաչատրյան» համերգասրահում սեպտեմբերի 24-ին, մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ կհնչեցնի Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան։ Այս սիմֆոնիան հանդիսանում է դասական երաժշտության ամենահայտնի ստեղծագործություններից մեկը եւ համարվում է Բեթհովենի գլուխգործոցը։ Լայն ընթերցողին տեղեկացնենք, որ մասշտաբային այս երկը կոմպոզիտորը ստեղծել է լսողության լիովին կորստից հետո։ Սիմֆոնիան իր մեջ ամփոփում է Բեթհովենի որոնումները սիմֆոնիկ երաժշտության ժանրում եւ, ինչպես շեշտում են երաժշտագետները, ամենից առաջ՝ հերոսական գաղափարները, պայքարի ու հաղթանակի կերպարները։

Ծանոթանալով 30-ամյա Մաթիաս Հոֆմանի ստեղծագործական ուղուն, նկատեցինք, որ նա 7 տարեկանից հանդես է եկել Ինսբրուկի տղաների երգչախմբում՝ այն էլ որպես սոպրանո։ Հենց այդ մասին հարցով սկսեցինք մեր զրույցը երգչի հետ։ «Ես երանությամբ եմ հիշում այդ տարիները։

Մայրս մասնագիտությամբ բժիշկ է, եւ բնական է, որ ցանկություն ուներ ինձ տեսնել իր մասնագիտությունը շարունակողի դերում, ինչը չեմ ասի հորս դեպքում։ Նա ինժեներ է։ Բայց մայրս՝ տեսնելով իմ սերը դեպի երաժշտարվեստը եւ ընդառաջելով իմ ցանկությանը, տարավ ինձ երգչախումբ։ Հաճույքով էի հաճախում, բայց ինձ հանգիստ չէր տալիս այն միտքը, որ, փաստորեն, մորս երազանքը չեմ կատարում։ Երգչախմբի պարապմունքներին զուգահեռ ուսանեցի բժշկական քոլեջում, այնուհետեւ աշխատանքի անցա շտապօգնությունում՝ որպես բուժակ։ Սակայն այստեղ էլ ինձ հանգիստ չէր տալիս վոկալիստ դառնալու երազանքը։

Երգչախմբի մտերիմ ընկերս, որն արդեն սովորում էր Վիեննայի երաժշտական համալսարանում, անվանի պրոֆեսորներ Կառլհայնց Հանսերի եւ Ֆլորիան Բոեշի ղեկավարությամբ, ինձ ներկայացրեց նրանց։ Դեռ առաջին ստեղծագործությունը չավարտած, պրոֆեսորները ընդհատեցին ինձ եւ նախատեցին՝ բուժակ կարող է դառնալ յուրաքանչյուրը, իսկ ծնողներդ գիտե՞ն, որ հիանալի վոկալ տվյալներ ունես, առանց դժվարության, ուսանելուց հետո իհարկե, կարող ես երգել եւ բասի, եւ բարիտոնի պարտիաներ։ Ոգեւորությունս շատ մեծ էր, երբ նրանք ինձ հրավիրեցին իրենց դասարանում ուսանելու»,- պատմեց մեր զրուցակիցը։ Իսկ թե հետագայում ինչու է թողել Ավստրիան ու տեղափոխվել Գերմանիա, կոնկրետ՝ Քյոլնի օպերային թատրոն, այս մասին արվեստագետը նշեց` շեշտելով, թե հավանաբար գիտենք, որ Գերմանիան հարուստ է օպերային թատրոններով: Հավելեց, որ 2019թ. իրեն հրավիրել են Քյոլնի օպերային թատրոնի երիտասարդական ծրագիր, որտեղ երկու տարի կատարելագործվելու ընթացքում իրեն վստահել են դերերգեր, իհարկե՝ սկզբում մանկական օպերային բեմադրություններում։ Հիշեց իր առաջին դերերգը Ինքֆրիդ Հոֆմանի «Ջազ օպերա» ներկայացման մեջ՝ ըստ «Ձկնորսը եւ իր կինը» գերմանական հեքիաթի, որին հաջորդել են «Կախարդական սրինգում» Պապագենոյի, «Կարմենում»՝ Ցունիգայի, «Դոն Ժուանում»՝ Մազետտոյի եւ այլ դերերգերը։ «2020-ին Ինսբրուկի թատրոնում նախատեսված էր բեմելս Նիլականտայի դերերգով Դելիբի «Լակմե»-ում, բայց հասկանալի պատճառով այն տեղափոխվեց 2021-22թթ. թատերաշրջան»,- տեղեկացրեց երգիչը։ Նա հաստատեց մեր այն դիտարկումը, թե արեւմտյան մամուլը առանձնացնում է իր կատարմամբ Ֆիգարոյի դերերգը՝ «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերային ներկայացման մեջ։

Այդ առիթով նա հիշեց. «Առաջին անգամ այդ դերերգը կատարել եմ առաջին կուրսի ավարտին, Շյոնբրունն քաղաքի Բարոկ-թատրոնում։ Ամենայն լրջությամբ եմ մոտենում բոլոր դերերգերին, բայց, չգիտես ինչու, մասնագետներն առանձնացնում են հատկապես այդ դերերգը։ Անկեղծ ասած, ինձ համար մինչ օրս դա հանելուկ է (ժպտում է-Ս.Դ.)»։

Հետաքրքրությանը՝ մինչ Հայաստան այցելելը ի՞նչ գիտեր մեր երկրի կամ մեր մշակույթի մասին, երգիչը ներողամտություն հայցելով ասաց. «Դեռեւս ոչ մի հայ կոմպոզիտորի ստեղծագործությամբ հանդես չեմ եկել, բայց Հայաստան երկրի ուրվագիծը ինձ ներկայացրել է ամենամոտ ընկերս՝ դիրիժոր Հարություն Մուրադյանը, որն այս պահին կատարելագործման նպատակով Քյոլնի կոնսերվատորիայում է։ Փոխարենը ես տեսա, թե այս փոքրիկ երկիրը ի՜նչ նվագախումբ եւ ի՜նչ երգչախումբ ունի, էլ չեմ խոսում մաեստրո Թոփչյանի՝ Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի իսկապես յուրահատուկ մեկնաբանման մասին։ Ընդ որում, այս սիմֆոնիայում բասի պարտիայով հանդես եմ եկել մի շարք երկրներում՝ Ավստրալիա, Չինաստան, Իտալիա, Ճապոնիա, Շվեյցարիա եւ այլն։ Տեսնելով այդ կոլեկտիվներին, վստահ եմ, որ ձեր կառավարությունը իմ երկրի եւ Գերմանիայի օրինակով մեծ ուշադրություն եւ աջակցություն է ցուցաբերում դասական երաժշտարվեստին, մասնագիտական ուսումնական հաստատություններին, մանավանդ՝ երաժշտական դպրոցներին»։

Մաթիաս Հոֆմանը մանրամասնեց, որ, օրինակ՝ Ավստրիայում եւ Գերմանիայում երաժշտական դպրոց կարող են հաճախել 5-60 տարեկանները եւ որ ամենակարեւորն է՝ կրթությունը թեպետ վճարովի է, բայց հասանելի է բոլորին։ Շատերը հասուն տարիքում հաճախում են պարզապես իրենց նախընտրած գործիքին տիրապետելու համար։

Կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե ինքը, բացի դաշնամուրից, տիրապետո՞ւմ է այլ գործիքի, մեր զրուցակիցը ժպիտով ասաց. «Հարցի ենթատեքստը հասկացա… Չեմ կարծում, բայց եթե հանկարծ օպերային ձայնս կորցնեմ, հանդես կգամ որեւէ երգչախմբում։ Չգիտեմ՝ երգչախմբային ուսուցումը ինչ մակարդակի վրա է ձեզ մոտ, բայց մի բան ակնհայտ է. այն պետք է լինի ոչ միայն երաժշտական, այլեւ հանրակրթական դպրոցներում»։

Մաթիաս Հոֆմանը տեղեկացրեց, որ երեւանյան ելույթից հետո մեկնելու է Նիդեռլանդներ. «Նախընտրում եմ նաեւ կամերային համերգները։ Այնտեղ կմասնակցեմ Lied Festival-ին՝ Լիզա Օյխսենդորֆի ընկերակցությամբ»։ Մենք էլ հավելենք, դարձյալ հղում անելով արեւմտյան մասնագիտական մամուլին, որ Մաթիաս Հոֆմանը՝ որպես քնարական Lied ժանրի մեկնաբան, հայտնի է Բրամսի, Շուբերտի, Շումանի, Շտրաուսի եւ մյուսների երգերի ինքնատիպ կատարումներով։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930