Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Թատրոնում մարդը պետք է գտնի հեքիաթը»

Սեպտեմբեր 24,2021 12:00

Հարցազրույց «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գլխավոր ռեժիսոր Ռուզան Խաչատրյանի հետ

– Տիկին Խաչատրյան, դուք մինչեւ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գլխավոր ռեժիսոր դառնալը եղել եք Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ Ի՞նչ տվեց այդ ժամանակահատվածը ձեզ։

– Արցախյան թատրոնի տարիները կյանքի եւ մասնագիտական ահռելի փորձ են ինձ տվել: Մեղմ ասած, այնտեղ ես հասունացել եմ թե որպես մասնագետ, թե որպես անհատ: Իհարկե, իմ հասունության ճանապարհը դեռ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի՝ Երվանդ Ղազանչյանի արվեստանոցից է սկսվել… Ես ինձ համարում եմ երջանիկ եւ բախտավոր մարդ, որովհետեւ միայն ամենօրյա շփումը Երվանդ Ղազանչյան Մարդու եւ Արվեստագետի հետ, արդեն անփոխարինելի փորձ էր… Այնքան եմ զգում Վարպետիս կարիքը:

Երբ տիկին Նարինե Աղաբալյանից Ստեփանակերտի թատրոնի գեղարվեստական ղեկավարի պատասխանատվությունը ստանձն առնելու առաջարկը ստացա, հույզերս ու մտքերս միանշանակ չէին: Իհարկե, դեռ անչափ երիտասարդ աղջկա համար նման առաջարկը պետք է շատ գայթակղիչ լիներ, ինչու չէ՝ նաեւ ոգեւորիչ, բայց ես հասկանում էի պատասխանատվության աստիճանը, հասկանում էի սպասվող ահռելի աշխատանքը, մանավանդ որ, ես շատ լավ ծանոթ էի թատրոնի՝ այսպես ասած՝ ոչ բարենպաստ պայմաններին, ընդ որում՝ եւ շենքային պայմանների բացարձակ բացակայության, եւ ստեղծագործական, եւ կադրային գործունեության ճգնաժամային բազմաթիվ խնդիրների: Եվ ինձ համար այդքան կարեւոր, ճակատագրական պահին ինձ ուժ եւ մոտիվացիա տվեց էլի իմ Վարպետը` իր անփոխարինելի խորհուրդներով, իր ոգեւորիչ խոսքերով, իր` ինձ միշտ օգնելու եւ միշտ կողքիս լինելու պատրաստակամությամբ:

Այդպես սկսվեց իմ գործունեությունը Արցախի մայր թատրոնում: Ես նրան նվիրվեցի անմնացորդ, առանց հարցերի եւ առանց որեւի շահի… Իմ ճանապարհը ես համարեցի առաքելություն, գործունեությունս՝ պարտականություն: Այո, ես հավատում էի միայն այդ բանաձեւին, որ յուրաքանչյուրը պետք է իր գործի մեջ ներդնի ամենը ինչ կարող է, որ բացարձակ նվիրումն է պրոֆեսիոնալիզմի հասնելու միակ ճանապարհը, իսկ երբ երկրի յուրաքանչյուր ոլորտում իշխի պրոֆեսիոնալիզմը, տվյալ երկիրը «Դատապարտված» է հաջողության եւ երկարատեւ խաղաղության… (Ինչ խոսք, երկար եւ բովանդակալից թեմա է…): Ինձ`այդ բանաձեւի ճանապարհով աշխատելուն օգնել, հուսադրել եւ ոգեւորել են շատերը…

– Ինչո՞ւ հեռացաք թատրոնից ժամանակավոր եւ ինչպե՞ս անցավ այդ ժամանակահատվածը։

– Կան բաներ, որոնց մասին դեռ խոսել չեմ ուզում, վստահ եմ, որ մի օր կխոսեմ այդ մասին: Իսկ թատրոն երեւույթից առհասարակ չեմ բաժանվել, չեմ հասցրել, չեն թողել… Երեւանում գտնվեցին հարազատ մարդիկ, ովքեր թույլ չտվեցին հեռանամ թատրոնից: Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանն ու տնօրեն Կարո Շահբազյանն ինձ համար այդ դժվարին օրերին պնդեցին, որ պետք է շարունակեմ աշխատել եւ որ ինձ արդեն հարազատ թատրոնը (մինչեւ կյանքի վերջը Վարպետս այդ թատրոնում էր, եւ իմ ուսանողական կյանքի բոլոր օրերս այդ թատրում էին ավարտվում) պատրաստ է ընդունել ինձ իր մեծ ընտանիք: Շնորհակալ եմ նրանց:

Այդ նույն ժամանակահատվածում, բառացիորեն մի քանի օր անց, նույն առաջարկը ստացա նաեւ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնից: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանն ու տնօրեն Էդգար Բադալյանը համոզված էին, որ իմ՝ իրենց կողքին լինելն անհրաժեշտություն է, բայց ես, իհարկե, գիտեի, որ նրանք դա անում էին, որովհետեւ ճիշտ հակառակն էր… Շնորհակալ եմ նրանց անմնացորդ…

Իհարկե, նրանք, բոլորն էլ ըմբռնումով են մոտեցել, որ ես դեռ հոգեպես ի վիճակի չեմ ստեղծագործելու, եւ համբերատար սպասել են, եւ գուցե այդ դադարն է պատճառը, որ մտածել եք՝ հեռացել եմ թատրոնից: Իհարկե, հիմա երկու թատրոններում էլ ակտիվ ստեղծագործական պրոցեսի մեջ եմ: Էլի հարազատ եւ մտերիմ մարդիկ կային, ովքեր իրենց աջակցությունն ու պատրաստակամությունն են հայտնել ինձ, կյանքիս այդ դժվարին ու ճգնաժամային պահին: Անվերջ շնորհակալ եմ…

– Այժմ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գլխավոր ռեժիսորն եք։ Ձեր ռեժիսորական ձեռագրին կոնկրետ այս թատրոնի հանդիսատեսը ե՞րբ կծանոթանա…

– Այո, վերջերս նշանակվեցի: Մեծ պատիվ է հանճարեղ հայերի՝ Մհեր եւ Ալբերտ Մկրտչյանների հիմնադրած ուղու շարունակողներից մեկը լինել:

Բնականաբար յուրաքանչյուր ռեժիսոր իր աշխատանքով նոր ձեռագիր եւ նոր ոճ է բերում, հուսամ, հանդիսատեսը կհավանի ռեժիսորական իմ գունապնակը… Այս պահին աշխատում եմ Չեխովի երկու՝ «Չինովնիկի մահը» եւ «Արջը» ստեղծագործությունների վրա, իհարկե՝ մեկ ընդհանուր ներկայացման տեսքով: Եվ իմ կողմից կլինի նաեւ նոր մանկական ներկայացում՝ Ամանորին ընդառաջ: Իսկ թատրոնում առհասարակ այս պահին ակտիվ ստեղծագործական եռուզեռ է, նոր ներկայացումներ կլինեն առաջիկայում:

– Հասարակություն-թատրոն կապի մասին ի՞նչ կասեք։ Այսօր ինչքանո՞վ է ամուր այդ կապը։

– Թատրոնը վայր է, որտեղ մարդը պետք է գտնի հեքիաթը…
Մնացածն ուղղակի խոսքեր են…

Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
23.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930