Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կարաք ասեք ամբողջ Թուրքիայի տարածքները ձեր պատմական տարածքներն են, կարաք էդ էլ ասեք՝ Ղարսը մերն է, սա մերն է, նա մերն է»

Սեպտեմբեր 24,2021 14:30

Գագիկ Մելքոնյանը հանձնված տարածքների համար հանդիմանում է լրագրողին, թե՝ աղջիկ ջան, չտայի՛ք, ո՞վ ձեզ ասեց տվեք:

Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ պարզաբանումներ տվեց Որոտանի հատվածում ստեղծված իրավիճակի հետ կապված ու բացատրեց, թե ինչու է ինքը ադրբեջանական տեղանունները նշել՝ Չայզամի, Էյվազլի: Նա նաեւ մատնանշեց Սովետական քարտեզներն ու «Վարչատարածքային բաժանման մասին օրենքի» 2010-ի փոփոխությունները: Թե ինչու է հայկական կողմը հենվում Սովետական քարտեզների վրա կամ ինչու է վարչատարածքային բաժանման մասին օրենքը, որը Հայաստանի գյուղերի, համայնքների բաժանումների մասին է, բերում պետական սահմանի հետ խառնում ու մանիպուլյացիա անում՝ «Առավոտի» հետ զրույցում ՊՆ նախկին փոխնախարար, ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը պատասխանեց. «Վարչապետն ասեց Չայզամի, Շուռնուխն ու Էյվազլարը, եթե այդ գյուղերի անունն այդպես է կոչվում, ի՞նչ ասենք դրան: Էյվազլարին ի՞նչ ասենք, ասենք Նոր Էրզրո՞ւմ, չե՛ք դրել էդ անունը: Եթե Նոր Էրզրում դնեիք, կասեինք Նոր Էրզրում: Բայց Չայզամի է մնացել, Էյվազլարն էլ մինչեւ հիմա մնացել է Էյվազլար: Եթե ընդդիմությունն անընդհատ ասում է՝ ադրբեջանական անունով դիմեց, հա՛, դուք անուն ասեք, Էրզրումով դիմենք: Կամ Չայզամիի համար հայկական մի անուն մտածեք, ասեք՝ այ սրանից հետո ասեք հայկականը: Սյունեցիները բոլորը գիտեն, որ այդ անուններով գյուղերն այդտեղ են, իրենք էլ բոլորը գնում գալիս են այդ ճանապարհներով ու գիտեն որը ինչ է ու ինչ չի: Այն մարդիկ, որոնք կյանքում Որոտանում չեն եղել, Որոտանի տեղն էլ չգիտեն, իրենք են խոսում այդ մասին: Դրա համար խորհուրդ կտամ, որ եթե մեկն ուզում է Սյունիքի համար ինչ-որ բան խոսա, գոնե մի անգամ գնա այդ ճանապարհով անցնի մինչեւ Մեղրի, հետ գալուց արդեն ինքը կտենա, որ այնտեղ Չայզամին ու Էյվազլարն է»:

Մեր դիտարկմանը, որ մինչ այս ադրբեջանական ուժերը այդտեղից 70 կմ հեռու են եղել, հիմա են ոտք-ոտք մոտենում ու իրենց մնա՝ Երեւանը Էրիվան կասեն ու իրենցով կանեն, մեր բոլոր տեղանունները ադրբեջանական անուններով են ասում, բա ինչո՞ւ ենք մենք երկրորդում իրենց՝ փոխանակ ասենք՝ Որոտանի հատվածը, ինչո՞ւ ենք ասում, որ դա ադրբեջանական տարածք է, ինչո՞ւ ենք Սովետական քարտեզներն ընդունում՝ Գագիկ Մելքոնյանը պատասխանեց. «Լսի, թե մենք գնում ենք սահմանագծում-սահմանազատում, պիտի մենք գնանք Սովետական Հայաստանի եւ Սովետական Ադրբեջանի սահմաններով պիտի բաժանվենք իրարից, չէ՞»: Մեր զարմանքին, որ դեռ չի եղել սահմանագծում, ինչո՞ւ ենք ի սկզբանե ընդունում, որ դա ադրբեջանական է, մենք ի՞նչ գիտեք, թե որտեղով է անցնելու սահմանը՝ Մելքոնյանը պատասխանեց. «Երբ կլինի սահմանազատումը, սահմանագծումը, այն ժամանակ, եթե ինչ-որ բան կլինի, մենք կարանք խոսենք, բայց ոչ սահմանագծում է եղել, ոչ սահմանազատում է եղել: Մենք կանգնել ենք նախկին Սովետական Հայաստանի եւ Սովետական Ադրբեջանի սահմանների վրա այս դրությամբ: Ուրիշ սահամանագծում չունենք: Վաղը, մյուս օրը, երբ սահմանազատումը եղավ, օրինակ, Որոտան գետն է, Որոտան գետի աջը Ադրբեջանն է, ձախը Հայաստանն է, պիտի պայմանավորվենք այդպես, չէ՞: Հիմա այդ սահմանը որ կա՝ Էյվազլարի հատվածը, որ ասում ենք, ինքը գետից անցնում է դեպի մեր սահմանը: Հիմա այդ գծման ժամանակ արդեն ինձ թվում է, որ պիտի քանոնը սենց դնենք գծենք հետո, ասենք՝ ինչ մնաց մեզնից՝ ձեզ լինի, ձեզնից էլ ինչ մնաց մեր կողմ՝ մեզ լինի: Նույնը Շուռնուխի հատվածում, նույնը Չայզամի հատվածում քանոնը պիտի դրվի գծվի ու ասենք՝ գծից ներքեւը ձեզ, գծից վերեւը՝ մեզ»: Երբ ասացինք՝ լավ, դեռ չի գծվել, բայց արդեն ՀՀ վարչապետն ասում է՝ ադրբեջանական է, այսինքն՝ ինքը որոշել է արդեն՝ Մելքոնյանն արձագանքեց. «Հիմա ինքը ադրբեջանական է այդ տարածքը, Սովետական Ադրբեջանի տարածք է, արեք մենք ճիշտ հասկանանք»:

Հակադարձեցինք՝ մեր պատմական տարածքներն են, ի՞նչ Ադրբեջան՝ Գագիկ Մելքոնյանը հեգնեց. «Ձեր պատմական տարածքներն են, դուք կարաք ասեք՝ ամբողջ Թուրքիայի տարածքները ձեր պատմական տարածքներն են, կարաք էդ էլ ասեք՝ Ղարսը մերն է, սա մերն է, նա մերն է: Բայց մենք մենակ ասում ենք: Մենք հազիվ տարածքներ վերցրեցինք, ազատագրեցինք մեր տարածքները ու չզինվեցինք, միասնական չեղանք, դրա համար այդ տարածքները հետ տվեցինք: Ամբողջ աշխարհը ընկել էր մեր հետեւից 20 տարի, ասում էր արեք այս հարցերը լուծեք: Մենք չէինք լուծում, որովհետեւ վախենում էինք, որ մեզ ասեին դավաճան: 20 տարի մեր երկրի ղեկավար բերեցինք դրեցինք ղարաբաղցիներին, որ իրենք այդ հարցը լուծեին, իրենք չլուծեցին: Ոչ թե միայն չլուծեցին, այլ իրենք բանակը բանակ չսարքեցին: Այն սպառազինությունը, որ պետք էր մեզ, չունեցանք: Այն տեխնիկան չունեցանք: Հարց տվեք իրենց՝ ինչի՞ չարեցիք: Հարց տվեք՝ այս ի՞նչ արեցիք: Հիմա էլ ուզում են այս երկիրը վարի տան, իրանց սարքել են ընդդիմություն, բերել գցել են այստեղ: Մի հատ բան չկա, որ այդ մարդիկ կողմնակից լինեն այս երկրին, այս իշխանություններին»:

Փոխանցեցինք, որ իրենք ասում են՝ Փաշինյանը գնա, բոլոր հարցերը կլուծվեն՝ Մելքոնյանը պատասխանեց. «Իհարկե, էլի իրանք կգան իշխանության, նույն պետությունը կստեղծվի, նախկին իշխանությունները կլինեն, էդ վախտ Էյվազլարի անունն ի՞նչ են դնելու, Չայզամիի անո՞ւնն ինչ են ասելու: Էյվազլարը լրիվ վերցնելո՞ւ են, հա՞, այդ տարածքները նորից վերցնելո՞ւ են, թե՞ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը իրենք չեղյալ են համարելու»:

Հիշեցրինք՝ չեղյալ չեն համարի, բայց նոյեմբերի 9-ի համաձայնագրով կողմերը պետք է մնային այնտեղ, որտեղ դադարել էր պատերազմը, ինչո՞ւ տվեցինք Սանասարը, Կովսականը՝ Մելքոնյանը պատասխանեց. «Ոչ, այնտեղ կան կետեր, որ մենք Աղդամը հետ պիտի տանք, Քելբաջարը հետ պիտի տանք, մնացածը, բան…այնտեղ կետեր կան, դա գալիս էր Սովետական Հայաստանի ու Սովետական Ադրբեջանի սահմանը: Որ դուք ասում եք՝ որտեղ կանգնած էինք, այնտեղ պետք է մնայինք՝ այդպես չէ, պայմանագիրը լավ նայեք: Զանգելանի կողմից իրենք արդեն եկել հասել էին Զանգելան, մտնում էին Մեղրի»:

Ուշագրավ էր Գագիկ Մելքոնյանի արձագանքը մեր հարցադրումներին, որ եթե Սանասարը, Կովսականը տված չլինեիք, դեպի Հայաստան մուտք չէին ունենա: Մելքոնյանը ձեռքերը պարզեց դեպի ինձ ու հանդիմանեց. «Է չտայի՛ք: Աղջիկ ջան, չտայի՛ք, ո՞վ ձեզ ասեց տվեք»: Շփոթվեցինք այս արձագանքից ու հիշեցրինք՝ ախր դուք եք իշխանության, ե՞ս եմ տվել՝ Գագիկ Մելքոնյանը պատասխանեց. «Մի րոպե, դուք հելնեիք էթայիք: Ոչ թե ամսի 10-ին հարձակվեիք կառավարության շենքի վրա, Ազգային ժողովի շենքի վրա, հելնեիք էթայիք այնտեղ դիրքերը պահեիք: Այնտեղ էին դիրքերը, Ազգային ժողովի շենքը չէր, կառավարության շենքը չէր: Մենք միշտ ասել ենք՝ ժողովուրդ, այնտեղ հավաքվելու տեղ չի, արեք մեզ օգնեք: Ես անձամբ մի քանի անգամ դիմել եմ ժողովրդին, խնդրել եմ՝ արեք, ձեր կարիքն ենք զգում: Իրանք ուզում էին՝ շատ շուտ ավարտվեր այս ամեն ինչը, թուրքերը հաղթեին՝ պրծնեին»:


Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սուրեն Պետրոսյան says:

    Զարմանում եմ, որ սրան լսող կա:
    Ավելի լավ է ինքը ”էթա” և ուրիշ մեկն իրեն ասի ”կարաք” ու ”լսի”

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930