Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որոշմամբ, Տեղ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Ղուլունցը։ Նա փոխարինել է 5 տարի համայնքը ղեկավարած Ներսես Շադունցը։ Վերջինս չի առաջադրվել հոկտեմբերի 17-ին կայանալիք Տեղ համայնքի ավագանու անդամների ընտրություններին։ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը պետական կառավարման եւ ՏԻՄ համակարգում երկարամյա, բարեխիղճ աշխատանքի համար պատվոգիր հանձնեց Շադունցին։
Ի դեպ, նորանշանակ պաշտոնակատար Դավիթ Ղուլունցը Սյունիքի մարզպետի քրոջ որդին է, առաջիկա ավագանու ընտրություններին գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական 35 հոգանոց ցուցակը։ Ղուլունցը մասնագիտությամբ իրավաբան է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերում գրանցված է որպես անհատ ձեռներեց։
«Քաղաքացիական պայմանագրի» հետ ուժերը չափելու է նաեւ «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Վերջինս ներկայացրել է 20 թեկնածուից բաղկացած ցուցակ, բայց գրանցվել են 13 թեկնածու։ Ցուցակը գլխավորում է Արավուսի վարչական ղեկավար 58-ամյա Արգամ Հովսեփյանը։
Դավիթ Ղուլունցի լուսանկարը նրա ֆեյսբուկյան էջից:
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ