Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու գեներալ, երկու ճակատագիր

Սեպտեմբեր 23,2021 21:21

Կարդալով ԱԺ պատգամավոր, ՔՊ խմբակցության անդամ, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանի խոսքերը․ «Երկու հոգի մոլորվում են, իշխանություննե՞րն են մեղավոր», հիշեցի ոչ այնքան հեռավոր՝ 2008թ․։ Օպերայի հրապարակում հավաքված ամբոխին, այսօրվա վարչապետ կոչեցյալ, այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի ֆանատը, խոսափողի մեջ ղժղժում էր․ «Լե՛-վոն, Լե՛-վոն» , և ամբոխը ոգևորված նրան ձայնակցում էր։ Սակայն, մոտենում է Լևոն Տեր-Պետրոսյանն ու հանդիսավոր կերպով հայտնում, որ պաշտպանության նախարարության երկու փոխնարարաներ՝ Մանվել Գրիգորյանն ու Գագիկ Մելքոնյանը «միացել են ժողովրդին» և մեծահոգաբար հորդորում ամբոխին, գոռալ ոչ թե «Լե՛-վոն, Լե՛-վոն» , այլ «Մա՛ն-վել, Մա՛ն-վել, Գա՛-գիկ, Գա՛-գիկ»։

Հետագայում, երկու գեներալներն էլ պաշտոնանկ արվեցին, առանց նրանց հանդեպ քրեական գործեր հարուցելու։ Կարճ ժամանակ անց, Սերժ Սարգսյանն ու Մանվել Գրիգորյանը միմյանց հետ «լեզու գտան» և ինչպես 90-ականներից սկսած Մանվել Գրիգորյանը դարձավ, ավելի ճիշտ շարունակեց լինել իշխանությունների «հավատարիմ» ներկայացուցիչն ու տերը Էջմիածնի տարածաշրջանում, իսկ Գագիկ Մելքոնյանը մոռացվեց։ Բայց մոռացվե՞ց, արդյոք։ Արդեն 2017թ․ նա դարձավ ՕՐՕ ընդդիմադիր դաշինքի անդամ, փաստորեն այսօրվա ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի համախոհը։

Ինչևէ, հոդվածի նպատակն է ցույց տալ , թե ինչպիսի ճակատագրեր ունեցան 2008թ․, այսօրվա վարչապետի և ամբոխի հերոս գեներալները։

2018թ․ ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո, առաջին աղմկոտ քրեական գործ հարուցվեց, դեռևս պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ։ Գործի հարուցումն ուղեկցվեց «տուշոնկա, զինվորներին ուղղված սրտաճմլիկ նամակներով» շոու-բեմադրությամբ։ Ցուցադրված տեսարանները ցնցեցին հասարակությանը,ապշած էին նաև «Հանրապետական» խմբակցության պատգամավորները, ովքեր էլ քվեարկեցին և անձեռնմխելիությունից զրկեցին իրենց հիմնական հենարաններից մեկին։ Անկեղծ ասած, երբեք չեմ հարգել Մանվել Գրիգորյանին, իմանալով նրա տարբեր «քաջագործությունների» մասին, իսկ եթե իսկապես նա ավանդ է ունեցել արցախյան պատերազմում, ապա նրան կարելի էր շքանշաններ շնորհել, նշանակել բարձր կենսաթոշակ, այլ արտոնություններ և վերջ։ Ինչևէ, միամիտս նույնպես հավատացի ստի և կեղծիքի հերթական շոուին  և նույնիսկ հույս հայտնեցի, որ կքննվեն այլ նախկին «քաջագործությունները» նույնպես։ Սակայն, հետագա գործընթացներն ապացուցեցին, որ Մանվել Գրիգորյանի դեմ գործ հարուցելը, ոչ թե արդարության վերականգման նպատակ էր հետապնդում, այլ միայն ու միայն վրեժի մոլուցք։

Վրեժ, որ Մանվել Գրիգորյանը ոչ միայն հապաղեց և չմիացավ 2008թ․ «ժողովրդին», այլև համագործակցեց իշխանության հետ։ Վրեժն ուղեկցվում էր նվաստացումներով, խախտելով մարդու տարրական իրավունքները,վարչապետի թերթում հրապարակելով Մանվել Գրիգորյանի տառապող լուսանկարը ԱԱԾ մեկուսարանի խցում։ Հետագայում, սրվեց Մանվել Գրիգորյանի խրոնիկական հիվանդությունները, սակայն շարունակվում էր դատավարությունը, ցուցադրելով անվասայլակի վրա նստած, ներարկումային խողովակներով, մի կերպ դիմացող «ամբաստանյալին»։ «Բարձրակարգ, անաչառ, անկախ» դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ դատավարությունը տարիներ տևեց․․․ և ոչ մի դատավճիռ։ Ի վերջո, տեղեկանալով, որ Մանվել Գրիգորյանն արդեն հոգեվարքի մեջ է, դատավորը «մեծահոգաբար» փոխեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը, իհարկե, առանց վարչապետի ցուցումի, ուղարկելով գեներալին տանը մահանալու։Կրկնեմ,իրականում, Մանվել Գրիգորյանից վրեժ էր լուծվում և նրան սպանեցին։ Սակայն, ի տարբերություն Հաց Բերողի, այս մահը հասարակական զայրույթ և ընդվզում չառաջացրեց, ինչպես մեկուսարանում հացադուլից մահացած, լրագրող Մհեր Եղիազարյանի մահը։ Այսպիսով, կարելի է փաստել, որ մեր քաղաքացիական կոչվող հասարակությունն ու իրավապաշտպանները, կամ շարժվում են քաղաքական համակրանքներով, որը հակասում է մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին, կամ՝ քաղաքական շարժառիթներով։

Իսկ ինչպիսի՞ ճակատագրի արժանացավ 2008թ․ հրապարակի մյուս հերոս՝ Գագիկ Մելքոնյանը։ Ինչպես վերը նշեցինք, նա 2017թ․անհաջող փորձ արեց քաղաքականություն վերադառնալու, հետո սպասեց իր աստեղային ժամին։ Եվ վերջապես, 2008թ․ նրա «ժողովրդին» միանալու պատրաստակամությունը գնահատվեց և նրան վարչապետը դարձրեց պատգամավոր։

Հետաքրքիր է, որ լինելով բարձրաստիճան զինվորական և 2008թ․ պատրաստ լինելով միանալ ընդդիմությանը, Գագիկ Մելքոնյանը հայտարարում է․ «Եթե բանակը խառնվում ա քաղաքականությանը, բանակի ղեկավարությանը ինչ ասես հասնում ա»։

Ամփոփենք․ եթե Մանվել Գրիգորյանը 2008թ․ հետո չհամագործակցեր իշխանության հետ, այսօր կլիներ ՔՊ  խմբակցության պատգամավոր, իսկ եթե Գագիկ Մելքոնյանը համագործակցած լիներ, նա այսօր մահացած կլիներ։

Ավետիք Իշխանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անուշ says:

    Իմ կարծիքով Մանվել Գրիգորյանին կալանավորելու հեռահար նպատակը երկրապահը թուլացնել ու կազմալուծելն էր։

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930