ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ
Սեպտեմբերի 23-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ:
Ողջունելով ԵԽ Գլխավոր քարտուղարին՝ նախարար Միրզոյանը գոհունակություն է հայտնել կազմակերպության հետ տարիներ ի վեր ձևավորված բազմաշերտ համագործակցության կապակցությամբ և նշել, որ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ապահովման ու մարդու իրավունքների պաշտպանության գործընթացում Եվրոպայի խորհուրդը մնում է մեր երկրի կարևորագույն գործընկերներից մեկը:
Կարդացեք նաև
Մարիա Պեյչինովիչ Բուրիչը շնորհավորել է Հայաստանին ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխան խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիային ու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ նախարարը բարձր է գնահատել պատերազմի առաջին իսկ օրվանից Եվրոպայի խորհրդի տարբեր մարմինների և անձամբ Գլխավոր քարտուղարի կողմից հնչող հայտարարություններն ու կոչերը՝ ուղղված ռազմական գործողությունները դադարեցնելուն և պատերազմի հումանիտար հետևանքները վերացնելու անհրաժեշտությանը:
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը մինչ օրս շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի, ինչպես նաև եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունների խախտում է: Նախարար Միրզոյանը կարևորել է նաև միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի իրավասու մարմինների՝ Արցախ անխափան մուտքն ապահովելու անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրին վերաբերող հարցեր։
ՀՀ ԱԳՆ