«Իմ կարծիքով՝ Փաշինյանին ոչ մեկ չի էլ բացատրել, դժվար էլ ինքը հասկանա, թե Ադրբեջանն ինչու փակեց այդ ճանապարհը՝ Գորիս-Կապան-Ճակատեն հատվածում։ Հայկական հողի վրա գտնվող ճանապարհը զավթեց, հետո փակեց»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով ՀՀ միջպետական ճանապարհին ադրբեջանական անցակետի առկայությանը։ «Այստեղ մեծ քաղաքական խաղ կա եւ առաջին հերթին այն ուղղված է Իրանի դեմ։ Երբ որ մեր վրա կհարձակվեն, Իրանը կարող է եւ փորձի պաշտպանել։ Իսկ ճանապարհի այդ հատվածը մոտ 70-80 կմ է, եւ դրա կեսից ավելին տվել ենք ադրբեջանցիներին։ Վկայակոչվել է, որ տվել ենք GPS-ով, եւ դա իսկապես այդպես է։ Չգիտես ինչու, այդպես այդ ճանապարհը մեր սահմանից դուրս է հայտնվում։ Հետո պարզվեց, որ այդ GPS-ը գծած «Google maps»-ին Ադրբեջանը 20 միլիոն դոլարի դրամաշնորհ է տվել մի քանի տարի առաջ»,-նշեց Հրանտ Բագրատյանը։
Նա շարունակեց․ «Վարչապետն էլ ասեց, թե ճանապարհը տրվել է ԳՇ-ի քարտեզների համաձայն։ Չկա նման բան։ Ինչո՞ւ, որովհետեւ նախ հայ-ադրբեջանական սահման չկա։ Սա ասում եմ հատկապես ժողովրդի այն հատվածի համար, որն իրեն դրել է չհասկացողի տեղ։ Սահման եղել է, բայց հիմա մենք անկախ պետություն ենք, եւ այդ գծից բացի՝ բուֆերային գոտի պետք է լինի։ Սա չի նշանակում, թե հիմա սահման չկա։ Ակնհայտ է, որ Վարդենիսում եւ Սյունիքում թշնամին սահմանագիծը խախտել է։ Որպեսի ժամանակին Գորիսից Կապան ճանապարհը կառուցվեր, հողահատկացումը պետք է արած լիներ կամ ՀԽՍՀ նախարարների խորհուրդը, կամ, եթե Ադրբեջանինն է(Դանդուրովի ինստիտուտից իմացեք), ուրեմն Ադրբեջանն է հողհատկացում արել։ Այս ճանապարհը ես շատ եմ կարեւորում, որովհետեւ Ադրբեջանի հետ խաղաղության մեծ պայմանագիր է լինելու, եւ մենք ճանապարհը պետք է հետ բերենք։ Եթե չանենք, ճանապարհ չենք ունենա։ Խոսքը Գորիս-Կապան ճանապարհահատվածի Որոտանի հատվածի մասին է, որը զիջել ենք Ադրբեջանին, եւ Կապան-Ճակատեն հատվածը»։
Հրանտ Բագրատյանը բոլոր նրանց, ովքեր պնդում են, թե միջպետական ճանապարհի նշյալ հատվածներն ադրբեջանական են, նորից խորհուրդ տվեց բացել եւ կարդալ հողհատկացման փաստաթղթերը․ «Ձեզ թվում է, թե Ադրբեջանի տարածքով մեզ թողելու էին ճանապարհ սարքե՞լ․․․Բա պատերազմի ժամանակ ինչի՞ Ադրբեջանը չէր ասում, թե այսինչ մասն իմն է ճանապարհի․․․ի դեպ, ճանապարհների հարցից հետո Ադրբեջանը դնելու է երկրորդ հարցը՝ ադրբեջանցի փախստականները պետք է վերադառնան ՀՀ։ Կարող է անգամ ասեն՝ թող հայերը վերադառնան Ադրբեջան։ Մի քանի անգամ Ադրբեջանն է այդ մասին հայտարարել։ Ադրբեջանում երկու անգամ ավելի շատ հայեր էին ապրում՝ չհաշված Արցախում։ Բաքվում 300 000 հայեր են ապրել, Գանձակում՝ 80 000։ Եթե հիմա խաղաղության պայմանագիր ստորագրենք, կորած ենք։ Ստորագրելիս պետք է պայման դնել, որ Ադրբեջանն ազատելու է միջպետական ճանապարհը։ Հայաստանը պետք է հայտարարի, որ ճանապարհը պետք է վերադարձվի, ադրբեջանական պաստառներն էլ պետք է հանվեն։ Բա երկրի ղեկավարն ինչի՞ համար է։ Թող նման խնդիր դնի ու լուծի։ Իրանի հետ կապ չկա այդ ճանապարհի պատճառով»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ