Հայ-Ռուսական համալսարանում այսօր տեղի է ունեցել Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակում Հայ-Ռուսական համալսարանի կողմից հիմնադրված «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման կրթական և գիտական գերազանցության կենտրոնի» բացման հանդիսավոր արարողությունը:
Երկու տարվա ընթացքում դրամաշնորհի շրջանակում ձեռք են բերվել գենոմի սեքվենավորման և խմբագրման նորագույն սարքավորումներ, որոնք առաջին իսկ օրվանից կիրառվել են գիտահետազոտական և կրթական ծրագրերում։ Մասնավորապես, նանոպորային սեքվենավորման սարքի միջոցով իրականացվել է նոր կորոնավիրուսի տարբերակների մոլեկուլագենետիկական բնութագրում։ Մշակվել և ներդրվել է նոր մագիստրոսական ծրագիր, և լրամշակվել են առկա կրթական ծրագրերը։ Կենտրոնի հենքի վրա իրականացվել են սեմինարներ, վերապատրաստումներ և գիտաուսումնական միջոցառումներ։ Վերոնշյալ ծրագրով ՀՌՀ-ի Կենսաբժշկության և ֆարմացիայի ինստիտուտի հենքի վրա «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման» կրթական և գիտական գերազանցության կենտրոնի ստեղծման հիմնական նպատակն է խթանել ՀՌՀ-ի, այլ բուհերի, կենսաբժշկական ոլորտի գիտական և տեխնոլոգիական կազմակերպությունների զարգացումը, ազգային և միջազգային համագործակցությունը, կրթական, գիտահետազոտական և նորարարական գործունեությունը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀՀ ԿԳՄՍ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար Գրիշա Հովհաննիսյանը, ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանը, ՀՌՀ-ի գիտական գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը, ՀՌՀ-ի Կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի վարիչ, Հայ-Ռուսական համալսարանի գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման կենտրոնի ղեկավար Ռոքսանա Զախարյանը, Հայ-Ռուսական համալսարանի Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը, ՀՌՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:
Կարդացեք նաև
Լաբորատորիայի հանդիսավոր բացումից հետո ԿԳՄՍ նախարարը բուհի ղեկավարության ուղեկցությամբ շրջել է կենտրոնի լաբորատորիաներում, ծանոթացել սարքավորումների հագեցվածությանը, լսարանային և սեմինարային դասասենյակների կահավորմանը:
Շնորհավորելով ներկաներին կենտրոնի բացման կապակցությամբ՝ Վահրամ Դումանյանն արձանագրել է բարձրագույն կրթության և գիտության ամբողջականության փաստը և նշել, որ չի կարելի առանձին-առանձին դիտարկել այս երկու կարևոր ոլորտները:
«Չկա որակյալ բարձրագույն կրթություն առանց գիտության, և չի կարող լինել շարունակական գիտություն առանց որակյալ բարձրագույն կրթության. դրանք գոյատևում և զարգանում են համատեղ: Նման լաբորատորիան, միանշանակ, ողջունելի է, այն նվաճում է և խիստ անհրաժեշտ կրթական գործընթացներում: Բոլոր բնագավառներում մենք պետք է շարունակենք այս մոտեցումները, որպեսզի լաբորատոր ապահովվածությունը լինի, առանց որի դժվար է պատկերացնել և՛ որակյալ կրթությունը, և՛ հետազոտական հատվածը»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարը՝ հաջողություններ մաղթելով գիտական գործընթացներում ներգրավված ուսանողներին, գիտնականներին, պրոֆեսորադասախոսական կազմին:
Վահրամ Դումանյանը նաև վստահություն է հայտնել, որ նմանօրինակ գիտական, հետազոտական լաբորատորիաների ստեղծումը լինելու է շարունակական՝ շեշտելով, որ Կառավարության գործողությունների ծրագրի շրջանակում բոլոր դպրոցներում նախատեսվում են ստեղծել լաբորատորիաներ՝ կենսաբանություն, ֆիզիկա, քիմիա առարկաների համար, ինչպես նաև ժամանակակից մոտեցումների համատեքստում կստեղծվեն արտադրական լաբորատորիաներ, որտեղ, առանց տարիքային սահմանափակումների, բոլոր աշակերտները կարող են իրենց գաղափարները և ստեղծարար մտքերն իրականություն դարձնել:
Հատկանշական է, որ «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման կրթական և գիտական գերազանցության» կենտրոնը կարող է լուծել կարևոր խնդիրներ առողջապահության մի շարք ոլորտներում՝ իրականացնելով հետազոտություններ, փորձարկումներ: Կենսաինֆորմատիկան և գենոմիկան այն բեկումնային ոլորտներն են, որոնք հիմք են հանդիսանում անձնավորված բժշկության, նորարարական ախտորոշիչ մոտեցումների և դեղամիջոցների մշակման համար: Այս ոլորտները Հայաստանում հիմնարար և կիրառական կենսաբժշկության հետազոտությունների զարգացման հենասյուներից են:
«Այս լաբորատորիան մեր լավագույն ձեռքբերումներից մեկն է. ո՛չ առաջինը, և հուսով եմ` ո՛չ վերջինը: Կարծում եմ, որ հենց նման գործունեության և համագործակցության մեջ է մեր գիտության և կրթության ապագան: Ուզում եմ նշել, որ ինչպես Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտը, այնպես էլ մեր STEM (Science, Technology, Engineering և Mathematics) ուղղությունների գծով ինստիտուտները պատրաստ են էլ ավելի ընդլայնել իրենց կարողությունները, և մենք միշտ պատրաստ ենք և ուզում ենք, որ այս համագործակցությունը պսակվի հաջողությամբ»,- նշել է Արմեն Դարբինյանը:
Նշենք նաև, որ ծրագրի շրջանակում ձեռք բերված լաբորատոր սարքավորումներով առաջին անգամ Հայաստանում իրականացվել է նոր կորոնավիրուսի 12 ամբողջական գենոմի վերծանում՝ 3-րդ սերնդի սեքվենավորման կիրառմամբ։
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ