Երեկվանից մեկնարկել է Գյումրու ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը, որը կավարտվի հոկտեմբերի 15-ին։ Մրցակցության դուրս եկած քաղաքական ուժերը դեռ պասիվ են, թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովը խախտումների վերաբերյալ բողոքներ դեռ չի ստացել։ Այս պահին ինքնաբացարկ է հայտնել մեկ թեկնածու․ Հովհաննես Մարգարյանի գլխավորած «Արժանապատիվ ուղի» կուսակցության ցուցակի 14-րդ համարը՝ Լիանա Գասպարյանը։ Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց թիվ 31 տարածքային հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը։
«Դեռ բողոքներ չենք ստացել, կուսակցություններն ու դաշինքները դեռ ակտիվ քարոզարշավի փուլ չեն մտել, երևի նոր են ձևավորում իրենց շտաբները, քարոզարշավի ժամանակացույցը։ Ակտիվություն դեռ չի երևում»,- ասաց մեր զրուցակիցը։
Հարցին՝ ինչպե՞ս են բաշխվելու գովազդային վահանակների տեղերը, որպեսզի չստացվի՝ մի քաղաքական ուժ իր ցուցապաստառները փակցնի քաղաքի կենտրոնական հատվածներում, մյուսներին էլ բաժին հասնեն ծայրամասային հատվածները, Տիգրան Ղազարյանը պատասխանեց․ «Անվճար պաստառների համար տեղեր են հատկացված․ կենտրոնական հանձնաժողովը վիճակահանությամբ բոլոր մասնակից կուսակցություններին տրամադրել է տեղեր։ Պարզ է, որ բոլորն ուզում են կենտրոնում, բոլոր տեղերը հավասարաչափ բաշխվել են, նաև ծայրամասերի տեղերը հավասարաչափ բաշխվել են բոլոր կուսակցությունների միջև։
Վճարովի պաստառները կենտրոնական հանձնաժողովի կամ մեր տիրույթում չեն, այս դեպքում վերահսկվում է հիմնադրամների ծախսային մասը, դաշինքներն ու կուսակցությունները 60 միլիոնից ավելի չեն կարող ծախսել։ Եթե իրենց հնարավորությունները ներում են ու կարող են իրենց թույլ տալ շատ տեղեր վերցնել, բոլորդ էլ գիտեք, որ գովազդային վահանակները վճարովի են ու բարձր գներ են սահմանված, եթե 60 միլիոնի սահմանում կարող են՝ թող անեն»։
Կարդացեք նաև
Տիգրան Ղազարյանը նաև ասաց, որ իրենք չեն կարող արգելել ՌԴ նախագահ Պուտինի լուսանկարներով հայտնված ցուցապաստառների տեղադրումը։ Գյումրիում դրանք ևս հայտնվել են՝ Պուտինի լուսանկարով ու «Հավերժ միասին» մակագրությամբ, միաժամանակ ռուսերեն թարգմանությամբ։
«Նշված կուսակցությունը համար է գտել այդպես անել, այդ առումով կենտրոնական հանձնաժողովը կամ օրենսգիրքը ոչ մի բան չի ասում։ Կարող է՝ մեկի պաստառի վրա էլ առյուծ նկարած լինի, չգիտեմ ինչ ասեմ այս պարագայում, որովհետև ամեն մարդ ընտրում է իր քարոզչության ձևը՝ քարոզը կամ հակաքարոզը։ Դե հիմի կարող է մեկն էլ Նիկոլայ թագավորի նկարը խփի պաստառի վրա, այս առումով չկա արգելք, որ օտարերկրյա քաղաքացու կամ ուրիշ երկրի ղեկավարի նկար չես կարող խփել։
Հիմա էս մարդիկ էդպես են մտածել, գուցե մտածել են՝ բարեկամ երկիր է, հիմա մեկն էլ կարող է Մակրոնի նկարը կպցնել, ստեղ արգելք կամ սահմանափակում չկա, իրենք մտածում են ինչ-որ հատվածի ձայներ գրավեն, որոնք որ Ռուսաստանի հետ կապեր ունեն։ Չգիտեմ՝ իրենք ինչո՞վ են առաջնորդվել, մենք այստեղ գործառույթ չունենք, ամեն մեկն ունի իր քարոզի ձևը, չունենք այդպիսի բան, որ ասենք հենց էսպես պիտի քարոզ անես»։
Հանձնաժողովի նախագահն ասում է, որ այստեղ անելիք ունի լեզվի պետական տեսչությունը, քանի որ պաստառներ վրա ռուսերեն թարգմանություն էլ կա։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
նույն տրամաբանությամբ կարելի է՞ արդյոք Գյումրու փողոցներում Քյազմ Կարաբեքիր փաշայի նկարները կախել, կամ ասենք Աթաթուրքի․․․․