Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքները միավորելով՝ խորհրդային շրջաններից մոտ 20-ը կվերականգնվի. Գնել Սանոսյան

Սեպտեմբեր 23,2021 17:54

«Տարիների փորձը ցույց է տալիս, որ եթե համայնքի բնակչությունը 3 հազարից պակաս է, այդ համայնքում լրջագույն խնդիրներ են առաջանում օրենքով վերապահված լիազորությունների կամ ծրագրերի իրականացման հարցում»,-այսօր ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում համայնքների միավորումն այսպես հիմնավորեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նիստում քննարկվեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի փաթեթը:

Նախարարի խոսքով, մեր երկրում 866 համայնք գյուղական են եւ նրանց մեջ բավական մեծ թիվ են կազմում փոքրաթիվ բնակչություն ունեցող համայնքները, ուստի այս իրավիճակից ելնելով էլ, դեռեւս 2008 թվականից սկսած, կառավարությունը փորձում է կառավարման մոդելը փոխել:

Նախարարի տվյալներով, 2016-2017 թվականներին 486 համայնք միավորվել են՝ 54 համայնքային խմբերի կամ փնջերի մեջ. «Փաստացի նրանցից 52-ն է, որ այս պահին աշխատում են, իսկ 2 համայնքի մասով որոշումները կան, բայց կորոնավիրուսի պատճառով կյանքի չեն կոչվել»:

Գնել Սանոսյանն ասաց, որ համայնքների միավորման գործընթացը պետք է շարունակվի եւ այն համայնքները, որոնք դեռ չեն խոշորացել, կամ նախկինում խոշորացել են, ավելի մեծ փնջերում կմիավորվեն: Ասաց, որ նախկին խորհրդային շրջաններից մոտ 20-ը կվերականգնվեն և, ընդհանուր առմամբ կունենանք 78 համայնք՝ այդ թվում՝ Երեւանը:

Գնել Սանոսյանը մեկ առ մեկ թվարկեց՝ որ համայնքը, որի հետ է միավորվելու: Ասաց, որ Գյումրին որեւէ մեկին չի միանալու, մնալու է առանձին համայնք:

Վայոց Ձորի Հերհեր եւ Կարմրաշեն համայնքները Ջերմուկից կառանձնացվեն՝ միավորվելով Վայքին: Նախարարի խոսքով, Ջերմուկը որպես տուրիստական կենտրոն, քաղաքային բնակավայր թողել են առանձին:

«Արմավիր քաղաքի շուրջ հավաքել ենք 65 հազար բնակչությամբ փունջ, Մեծամորի շուրջ՝ 75 հազարանոց փունջ:

Ոսկեհատ համայնքը քանի որ միաձուլված է Էջմիածնի հետ, միավորում ենք Էջմիածնին, բայց, որպես կրոնական, մշակութային, հոգեւոր կենտրոն լինելու հանգամանքը հաշվի առնելով՝ Էջմիածինը կունենա առանձին կարգավիճակ: Ֆերիկ գյուղը, որը բնակեցված է ազգային փոքրամասնություններով, նույնպես կմնա առանձին գյուղ»,-ասաց նախարարը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ տեղյակ են արդյոք, որ Դիմիտրով համայնքի ազգությամբ ասորի բնակչությունը դեմ է միավորմանը՝ մտավախություն ունենալով, որ խոշորանալու դեպքում կկորցնեն իրենց ազգային ինքնությունը: Բագրատյանն առաջարկեց Դիմիտրով համայնքում պետության միջոցներով կազմակերպել հանրաքվե՝ պարզելու ասորի բնակչության կարծիքը՝ Արտաշատին միավորվելու վերաբերյալ:

Գնել Սանոսյանն ի պատասխան ասաց, որ ոստիկանության տրամադրած տվյալների համաձայն՝ Դիմիտրով համայնքում ասորիները կազմում են ամբողջ բնակչության 14 տոկոսը: Նախարարը կարծիք հայտնեց, որ Դիմիտրովի միավորմամբ համայնքն ավելի շատ կշահի. «Դիմիտրովին, եթե ամբողջովին մենակ թողնենք, ավելի շատ վնաս կտանք: Համայնքի կառավարման մոդելն է փոխվում ընդամենը եւ կարող են մեծ արտոնություններ լինել՝ ֆինասական, կադրային, ծառայությունների մատուցման, որը կարող է համայնքում շատ բան փոխել: Ենթակառուցվածքների առումով խնդիրները լուծվելու են, կարող ենք հաստիքներ նախատեսել՝ համայնքում ազգային փոքրամասնություններին առնչվող՝ մշակույթի, կրթության, հոգեւոր եւ այլ ոլորտներում: Այսինքն՝ կարող ենք մի շարք լրացուցիչ արտոնություններ նախատեսել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930