ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության հարցերի բաժնի ղեկավար Գեւորգ Էմին-Տերյանը ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանի հրամանով օրերս հեռացվել էր աշխատանքից, ինչի մասին գրառում էր կատարել ֆեյսբուքի իր էջում: Մեկ այլ գրառմամբ նա անդրադարձել էր Հովհաննես Հովհաննիսյանի`«Սիվիլնեթի» եթերում արված հայտարարությանը, թե իբր ԵՊՀ֊-ում հումոր է պտտվում, որ եթե իրեն փող տան, Գեւորգ Էմինի եւ Վահան Տերյանի դեմ էլ կգրի։
Aravot.am-ը Գեւորգ Էմին-Տերյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է պատրաստվում անել, եթե ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը չապացուցի, որ ինքը փողի դիմաց պատրաստ է գրել Գեւորգ Էմինի և Վահան Տերյանի դեմ:
«Դա ինձ համար շատ վիրավորական էր, որովհետեւ ես նույնիսկ նյութական ամենից ծանր ժամանակ երբեք փողով ոչ մի տող ինչ-որ մեկի դեմ չեմ գրել։ Եվ եթե ինչ-որ բան գրել եմ, դա գրել եմ իմ սկզբունքներից, համոզմունքներից, իմ դավանած արժեքներից ելնելով: Իր այդ հայտարարությունը նշանակում է, որ ինքն այսքան ժամանակ եթե, օրինակ, գրել է դիակիզարանների եւ այլնի մասին` հիմնավորելով, որ պետք է թաղում չանել եւ դիակները պետք է այրել, թեեւ իր հարազատների դիակները երբեք չի այրել, նշանակում է դա փողով է արել, եւ փողով էլ չափում աշխարհը: Այսինքն, երբ իրեն հարցնում են, թե ինչու է Գեւորգը այդպիսի հարցեր բարձրացնում, ինքը ոչ թե պատասխանում է հարցերին, այլ ասում է, որ Գեւորգը իմ դեմ փողով է գրում: Ընդ որում, եթե ես փող վերցնող լինեի, փողը նախ իրենից կվերցնեի, որովհետեւ ինքն էր ինձ առաջարկում դեկանի պաշտոն, ինքն էր առաջարկում հանդիպել …
Կարծում եմ, որ իմ հանդեպ բոլոր գործողությունները եղել են կանխամտածված, ինքը մինչեւ արձակուրդից իմ աշխատանքի վերադառնալը իմացել է, որ ինձ հեռացնելու է, բայց չի պատկերացրել, որ աղմուկը այսպիսին կլինի, կդիմեմ դատարան, ցույց կտամ իր ապօրինությունները: Դրա համար հիմա մի ուրիշ բան է գտել, որ իբր ես փողով նյութ գրող եմ: Սա մաքուր զրպարտություն է, ես անպայման դիմելու եմ դատարան եւ անպայման ստիպելու եմ, որ ինքը դատարանում ինձանից ներողություն խնդրի»,-ասաց Գեւորգ Էմին-Տերյանը:
Կարդացեք նաև
Քանի որ Հովհաննես Հովհաննիսյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, եւ «ավանդույթի» համաձայն միայն ֆեյսբուքյան գրառումներին է արձագանքում կամ այդ կերպ է ինչ-որ մեկնաբանություն տալիս, ստիպված նրան ֆեյսբուքյան նամակով հարց ուղղեցինք` արդյոք պատրաստվո՞ւմ է ապացուցել, որ Գեւորգ Էմին-Տերյանը գումարի դիմաց կարող է անգամ Գեւորգ Էմինի եւ Վահան Տերյանի դեմ նյութ գրել: Այս անգամ պարոն Հովհաննիսյանն անպատասխան թողեց մեր հարցը, բայց պատրաստ ենք հրապարակել թեմայի վերաբերյալ նրա տեսակետը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ