Զրո հանդուրժողականություն՝ քրեական ենթամշակույթի նկատմամբ սկզբունքին ավելացնում եմ զրո հանդուրժողականություն՝ բոլոր տեսակի ապօրինությունների նկատմամբ սկզբունքը։ Այս մասին այսօր հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ Քրեակատարողական ծառայության աշխատակիցներին ՔԿԾ նորանշանակ պետ Սերգեյ Ատոմյանին ներկայացնելիս։
Նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Ծառայության նախկին պետ, գեներալ-մայոր Արթուր Գոյունյանին՝ վերջին 2 տարիների ընթացքում կատարած հսկայական աշխատանքի ու արձանագրած առաջընթացի համար և ընդգծել, որ այդ գնահատականը նաև ամբողջ քաղաքական թիմինն է:
Շնորհավորելով Սերգեյ Ատոմյանին նշանակման կապակցությամբ՝ Կարեն Անդրեասյանը նշել է, որ Քրեակատարողական ծառայության նորանշանակ պետն ունի ոչ միայն իրավաբանական բարձր գիտելիքներ, այլև անցել է քաղաքական ուղի, ունի կազմակերպչական, կառավարչական աշխատանքների մեծ փորձ, և քաղաքական թիմը մեծ վստահություն ունի պարոն Ատոմյանի նկատմամբ: «Բարեփոխումների ծրագրերի հարցում մենք միակարծիք ենք, ունենք կոնկրետ ծրագրեր, որոնք կիրականացնենք համատեղ ուժերով»,- ասել է արդարադատության նախարարը։
Անդրադառնալով համակարգի բարեփոխումներին միտված մյուս սկզբունքներին՝ նախարար Անդրեասյանը կարևորել է նաև բոլոր ՔԿՀ-ներում մարդու իրավունքների պաշտպանության ապահովումն ու ազատազրկվածների համար արժանապատիվ պայմանների ստեղծումը, ինչպես նաև նոր մոդելի քրեակատարողական հիմնարկի կառուցումը, որը նոր կլինի ոչ միայն շինությամբ, այլև նոր կրթությամբ ու պատրաստվածությամբ «զինված» ծառայողներով։
Կարդացեք նաև
Ծառայության նախկին պետ Արթուր Գոյունյանը շնորհակալություն է հայտնել գնահատականի համար և ընդգծել, որ առաջընթացի արձանագրումը հնարավոր է դարձել Կառավարության բարձր աջակցության ու ծառայակիցների ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ։
Ծառայության նորանշանակ պետ Սերգեյ Ատոմյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Կառավարության ծրագրում քրեակատարողական համակարգի առնչությամբ կա մեծ տեսլական, այն է՝ ունենալ ավելի կայուն, հզոր քրեակատարողական ծառայություն, նպատակն էլ մեկն է՝ վերասոցիալականացման ծրագրերի միջոցով դատապարտյալին վերադարձնել հասարակություն՝ որպես օրինապահ քաղաքացի։
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն