Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք անկեղծ զրույց բնակչության հետ ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ… պատվաստվելուց բարդություններ կան, այդ թվում՝ վիժումներ». Սամվել Գրիգորյան

Սեպտեմբեր 23,2021 16:19

«Այսօր դժվար թե կգտնեք մարդ, ով կատեգորիկ կասի՝ դեմ եմ պատվաստումներին եւ վերջ»,- ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովում կորոնավիրուսով պայմանավորված խստացումների թեմայով քննարկմանը ասաց արդարադատության փոխնախարար Սուրեն Գրիգորյանը:

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի նախկին ղեկավար, բժիշկ Սամվել Գրիգորյանը ներկայացրեց կորոնավիրուսի պատվաստումների հետ կապված իր ուսումնասիրություններն ու հավաքագրած փաստերը. «Ինչո՞ւ պետք է հիվանդացած, ապաքինված մարդիկ պատվաստվեն. չկա այս հարցի պատասխանը: Աշխարհում կան արդեն բազմաթիվ հետազոտություններ, որ հիվանդացած մարդկանց մոտ իմունիտետը հիվանդանալուց հետո լինում է կայուն, արդյունավետ եւ կարող է լինել անգամ ցմահ: Ուսումնասիրվել է 2020-ի հունիսից մինչեւ 2021-ի մայիս 4 մլն բրիտանացի, որոնք հիվանդացել եւ ապաքինվել են կորոնավիրուսից: Արձանագրվել է 19 հազար 893 հնարավոր կրկնավարակում, 478 հավանական կրկնավարակում եւ ընդամենը 53 հաստատված կրկնավարակում՝ 4 մլն-ի մեջ: Այսինքն, հաստատված դեպքերը կրկնավարակման ընդամենը 0,001% է: Մեր համալսարանի տվյալներով, 1500-ից ընդամենը 1 կրկնավարակում կա, ինչը փաստում է, որ բնական իմունիտետը կայուն է: Բայց ոչ մի հիմք չկա այսօր ռեսուրս ծախսել պատվաստման տեսանկյունից, ընդգրկվել պատվաստման մեջ, որովհետեւ հայտնի չի, թե ինչ ազդեցություն է ունենալու բնական իմունիտետը ստեղծվածի հետ: Հիվանդանալուց հետո մարդն ունենում է իմունիտետի հիշողության բջիջներ, որոնք հետագայում առնչվելով վիրուսի հետ՝ շատ արագ հրաման են արձակում իմունային համակարգին ու արդեն վարակված, ապաքինված մարդու մոտ հակամարմինների ցիկլը մի քանի անգամ անմիջապես բարձրանում է: Որեւէ գիտական պատասխան, թե ինչու պետք է վարակված, ապաքինված մարդը պատվաստում անի՝ չունենք»:

Սամվել Գրիգորյանն ասաց, որ այն երկրներում, որտեղ 70-80%-ը պատվաստվել են, դեպքերը այդ երկրներում ոչ միայն չեն նվազել, այլեւ պիկի են հասել: Օրինակ, Իսրայելում: Առողջապահության նախարարը Սինգապուրի օրինակը բերեց, որտեղ բնակչության 80%-ը պատվաստվել է: Սամվել Գրիգորյանն ասաց, որ վարակման թվերը գրեթե նույնն են, պատվաստումը որեւէ նշանակություն չի ունեցել գրեթե. «Սինգապուրում դեպքերի աճ է արձանագրվել: Եթե պատվաստումը չի լուծում վարակի շղթայի ընդհատումը, հետեւաբար ինչպե՞ս բացատրենք առողջապահության նախարարի գրառումը՝ Հանրայինում պատվաստվել են՝ պաշտպանելու իրենց աշխատակիցներին եւ անխափան եթեր ապահովելու: Սա մանիպուլյացիա չի՞: Ի սկզբանե ակնհայտ է, չի կարող նախարարը չիմանալ, որ պատվաստումը մարդուն չի պաշտպանում վարակվելուց եւ վարակի փոխանցվելուց: Մենք անկեղծ զրույց բնակչության հետ ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ: Սա մանիպուլյացիա է»:

Նախարարը նաեւ ասել էր, որ վերարտադրողական առողջության վրա պատվաստանյութը չի ազդում, բայց, ըստ Սամվել Գրիգորյանի, ընդամենը 1 տարի պատվաստանյութի կիրառման ժամանակ չի կարելի նման պնդում անել. «Այս պատվաստանյութերի հեռակա ազդեցությունը հայտնի չէ, այս պատվաստանյութերից մեծ մասը ստեղծվել են գենային ինժեներային տեխնոլոգիաներով ու դասական պատվաստանյութերի հետ համեմատությունը տեղին չէ: Նման մասսայական կիրառում աշխարհում չի եղել: Այդ տեխնոլոգիաներով պատվաստանյութի համար ասում են՝ դադարեցրեք մասսայական կիրառումները: Ընդամենը 1-2 օր առաջ բրիտանական պառլամենտում հայտարարվում էր, որ եղել են բարդություններ եւ 35 հազար դեպք վերարտադրողական առողջության ֆունկցիայի խանգարման, այդ թվում՝ վիժումներ: Սրանք փաստեր են: Իսկ մեզ պնդում են այլ բան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930