Լրահոս
Օրվա լրահոսը

Գազաբալոն տեղադրողները պետք է լիցենզավորվեն, գազալցակայաններն էլ կտուգանվեն, եթե չլիցենզավորված ընկերության գազաբալոն լիցքավորեն

Սեպտեմբեր 23,2021 16:01

Մոտ օրերս կառավարությունը կքննարկի աշխատող տրանսպորտային միջոցներում գազաբալոնների տեղադրման նոր կարգը, համաձայն որի՝ գազաբալոն տեղադրող ընկերությունը պետք է ունենա լիցենզիա: Փոփոխությունները կատարվել են «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում: Այսօր այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման եւ թույլտվությունների վարչության Լիցենզավորման եւ թույլտվությունների բաժնի պետ Արայիկ Ստեփանյանը:

Մինչ այժմ գազաբալոն տեղադրող կազմակերպությունները աշխատել են հավատարմագրված եղանակով, ինչը Արայիկ Ավետիսյանի կարծիքով, չի նպաստել որոտի կանոնակարգմանը:

Վարչական օրենսգրքում կատարված փոփոխությամբ էլ պահանջներ են ներկայացվել գազալցակայանների սեփականատերերին. 200-300-ապատիկի չափով կտուգանվեն այն գազալցակայանները, որոնք իրենց մոտ կլիցքավորեն չլիցենզավորված ընկերության տեղադրած գազաբալոնը: Թե ինչպես են «բռնացնելու», որ գազալցակայանը լիցքավորել է չլիցենզավորված կազմակերպության գազաբալոն, Արայիկ Ավետիսյանն ասում է՝ լինելու է միասնական էլեկտրոնային շտեմարան, որտեղ կներառվեն բոլոր գազաբալոնների վերաբերյալ տվյալները, տրանսպորտային միջոցների պետհամարանիշը, նույնականացման համարը եւ գազաբալոնի հերթական վկայագրման ժամկետները: Հենց այդ տվյալներով էլ ստուգելու են. «Այսինքն՝ ի՞նչ իմաստ կա գազաբալոնը տեղադրել չլիցենզավորված կազմակերպությունում, եթե գազալցակայանն այդպիսի գազաբալոնները չի լիցքավորելու»:

Արայիկ Ավետիսյանը համոզված է, որ դաշտը կանոնակարգելով նվազագույնի կհասցվեն գազաբալոնների պայթյունի դեպքերը:

Ըստ ոլորտի պատասխանատուի, կարգավորումներով շրջանառությունից դուրս կգան բոլոր այն գազաբալոնները, որոնք օգտագործման համար պիտանի չեն. «Իրականացնելով պարբերաբար վկայագրում՝ պիտանելիության ստուգում, որը կատարվում է բարձր ճնշման տակ, հնարավորինս կնվազեցվեն գազաբալոններից տեղի ունեցող դեպքերը: Փոփոխության նպատակն է նաեւ սահմանել միասնական պայմաններ՝ դաշտում գործող բոլոր կազմակերպությունների համար: Լիցենզավորման կարգում պահանջներ կներկայացվեն նաեւ այդ կազմակերպություններում աշխատանքներ կատարող բանվորական եւ ինժեներատեխնիկական անձնակազմին: Խոսքը՝ մասնագիտական որակավորման մասին է: Եվ մինչեւ այս պահանջները չբավարարվեն, կազմակերպությունները չեն կարող լիցենզավորվել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930