«Սյունիքը կլինի սկիզբը, ինչպես Աջարիան Վրաստանի համար եղավ սկիզբը»,- «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը։
Գագիկ Մինասյանը համարում է, թե ակնհայտ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ունի նպատակ. «Եթե մենք հետևում ենք իր արած գործերին և իր քայլերին, ապա առաջին հերթին դա Սյունիքի հայաթափումն է, նրա մարտնչող ուժի գլխատումը, որովհետև բոլոր այն համայնքապետերը, որոնք այսօր գտնվում են անազատության մեջ, իրենք իրենց կյանքով ապացուցել էին, որ որևէ մետր իրենց հայրենիքի տարածքից իրենք զիջողը չէին։ Այդպիսի մարդը Նիկոլ Փաշինյանի համար անընդունելի է։ Եվ գլխատելով Սյունիքի այդ մարտնչող շարժման պարագլուխներին, ինքը իրականացնում է իր ծրագիրը, և այդ ծրագիրը մեկն է՝ Սյունիքը դարձնել վիլայեթ, Սյունիքը դարձնել անեքսիայի ենթարկված մի տարածք, մասնավորապես՝ այնպիսին, ինչպիսին Աջարիան է Վրաստանում»։
Նրա խոսքով՝ եթե Աջարիան գերնշանակություն չունի Վրաստանի համար, Սյունիքը Հայաստանի համար ամեն ինչ է. «Որովհետև միակ ճանապարհն է դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն։ Եվ եթե աստված մի արասցե Սյունիքում տեղի ունենա այն, ինչ մենք տեսնում ենք Աջարիայում, ապա Հայաստանի մնացած ամբողջ տարածքի ապագան կանխորոշված պիտի լինի»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ