Սեպտեմբերի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի նախաձեռնությամբ Նորավանք եկեղեցում կատարվեց Մատաղի արարողակարգ՝ ի պատիվ Հայոց բանակից զորացրված վայոցձորցի երիտասարդների:
Մատաղի և օրհնության կարգը կատարվեց Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի ձեռամբ:
Արարողակարգին ներկա էին մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, ՀՀ ԳՄ ուժային կառույցների մարզային ծառայությունների և մարզի համայնքների ղեկավարներ, հոգևորականներ, զինվորականներ, զորացրված երիտասարդների հարազատներն ու ընկերները:
Կարդացեք նաև
Մարզպետ Արարատ Գրիգորյանը, ողջունելով հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարած և տուն վերադարձած երիտասարդներին, շնորհակալություն հայտնեց իրենց նվիրումի և գերազանց ծառայության համար, որը համընկել է հայրենիքի պատմության ամենադժվար և վճռորոշ պահերից մեկի՝ Արցախյան 44-օրյա պատերազմի հետ:
Նրանց մաղթելով խաղաղ ու ստեղծարար քաղաքացիական կյանք, մարզպետը նշել է,- «Սիրելի՛ տղաներ, երկար ենք սպասել ձեր վերադարձին, և այսօրվա մատաղը ձեր՝ առողջ և խաղաղությամբ վերադարձի համար է: Աստված պահապան մեր բոլոր զինվորներին, ովքեր այսօր ամուր են պահում Հայրենիքի սահմանները»:
Նշենք նաև, որ ԱՀ նախագահի հրամանագրով Վայոց ձորից 10 ժամկետային զորացրված զինծառայող պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, որոնք միջոցառման ընթացքում Վայոց ձորի մարզպետը փոխանցեց հերոսներին:
Վայոց ձորի մարզպետարան