«Այս պահին որեւէ գիտական փաստ չկա, որ կորոնավիրուսի պատվաստումները ազդում են մարդու վերարտադրողական առողջության վրա: Շատ երկրներում հղիները եւս պատվաստվում են: Վերջերս կարդում էի գիտական պարբերականներից մեկում, որ հետազոտությունների շրջանակներում նաեւ փաստվում է՝ պատվաստանյութի արդյունքում ստեղծված հակամարմինները անցնում են երեխային եւ որոշ չափով իմունիտետային շերտ են ձեւավորում»,- ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովում կորոնավիրուսով պայմանավորված խստացումների թեմայով քննարկմանը ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա ասաց, որ եթե նախկինում հղիները հիվանդության թեթեւ ընթացք էին ունենում, հիմա արդեն դելտա շտամ կա ու մեր հիվանդանոցները շարունակում են ընդունել բավական շատ հղի կանանց, որոնք ունեն թոքաբորբ. «Ցավոք, գրանցեցինք մահ: Բաղդատելով ռիսկը, թե ինչ հիվանդացություն ունենք ու պատվաստման կողմնակի ռիսկը՝ դրանք անհամեմատելի են: ԱՄՆ-ում տասնյակ հազարավոր հղիներ անցել են պատվաստում»:
Նախարարն ասաց, որ ինչ ինտենսիվ պատվաստման են անցել, հիվանդության ծանր դեպքերի դինամիկան նվազել է: Ըստ նրա, եթե շատ դեպքերում Սինգապուրն են մատնանշում Հայաստանում, թե ինչու այդ ուղիով չենք գնում ու Սինգապուրի արդյունքներին չենք հասնում, պետք է նկատի ունենալ, որ Սինգապուրի բնակչության 80%-ը պատվաստված է. «Մենք պիտի շարունակենք անընդհատ հարցե՞ր գեներացնենք, թե՞ պիտի առաջնորդվենք այս պահին առկա փաստերով ու ճիշտ որոշում կայացնենք՝ մեր առողջությունը ապահովելու: Սա միայն անհատի առողջության հարց չի»:
Բժիշկ, ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի նախկին ղեկավար Սամվել Գրիգորյանը ասաց, որ պատվաստանյութերից մեկի ցուցման մեջ հղիության հետ ուղիղ հակացուցում կա: Անահիտ Ավանեսյան արձագանքեց. «Հղիները բոլոր երկրներում էլ պատվաստվում են: Բայց չասացի՝ չկա պատվաստանյութ աշխարհում, որը կարող է ունենալ հակացուցում»:
Կարդացեք նաև
Սամվել Գրիգորյանը բերել էր պատվաստանյութի «ինստրուկցիան», որտեղ նշված է, որ ոչ միայն հղիները, այլեւ կերակրող մայրերը ուղիղ հակացուցման մեջ են: Նախարարը պատասխանեց. «Բանավիճելու որեւէ ցանկություն չունեմ: Շարունակեք բղավել»:
Ավանեսյանն ասաց, որ մասնագիտական դիսկուրս կա միանշանակ ու շատ բժիշկներ, կենսաբաններ, գենետիկներ ներկայացնում են մասնագիտական տարբեր քննարկում անցկացնող խմբեր:
Սամվել Գրիգորյանը բազմաթիվ հարցադրումներ հնչեցրեց. «Առ այսօր ՀՀ-ում պատվաստում ստացած քաղաքացիներից քանի՞սն են եղել օտարերկրյա քաղաքացի, ՀՀ պատվաստված քաղաքացիներից քանի՞սն են հիվանդացած եղել կորոնավիրուսով: Հայաստանում COVID-ի ոչ բոլոր դեպքերն են գրանցվել, իրականացվե՞լ է հետազոտություն, թե մեր բնակչության քանի տոկոսն է վարակվել: Գիտե՞ք աշխատատեղերում քանի՞ տոկոսն է աշխատողների վարակվել ու ունի բնական պաշտպանվածություն COVID-ից, տեղյա՞կ եք: Ինչո՞ւ Հայաստանում չի հրապարակվում COVID-ով վարակվածների հոսպիտալացվածների, մահացածների տարիքասեռային վիճակագրությունը: Ինչու պետք է պատվաստվեն արդեն իսկ COVID-ով հիվանդացած մարդիկ: Բազմաթիվ հետազոտություններ փաստում են, որ բնական իմունիտետն ավելի կայուն է, քան պատվաստման ժամանակ ձեռք բերված իմունային պաշտպանվածությունը, ապա ինչո՞ւ պետք է հարյուր հազարավոր մարդիկ պատվաստվեն, անհասկանալի է: Արդեն ապացուցված փաստ է, որ պատվաստված անձը նորից վարակվում է ու փոխանցում, ինչո՞ւ պատվաստված անձից չի պահանջվում ՊՇՌ թեստի բացասական արդյունք: Պատվաստման հակացուցումներ ունեն մարդիկ, ինչո՞ւ նրանցից չի պահանջվում ՊՇՌ թեստ: ՀՀ-ում մահացածներից քանի՞սն են պատվաստված եղել կորոնավիրուսի դեմ՝ անկախ մահվան պատճառներից»:
Ի պատասխան այս հարցադրումների՝ Ավանեսյանը պատասխանեց. «Մեր կայքում հարյուրավոր նյութեր կան, որոնք պատասխանում են ձեր հարցին»: Նախարարը շտապում էր պաշտոնական հանդիպման, ուստի սա ասելուց հետո՝ լքեց քննարկումը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ