Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրավիճակային կառավարման տեղապտույտը

Սեպտեմբեր 23,2021 14:21

Ինչու է անհրաժեշտ համազգային ռազմավարական կառավարումը

Նշելով անկախության 30-ամյակը, թերևս, ամենակարևոր հարցն ինձ համար այն է, թե ինչու, ունենալով պետականություն և պետություն, ինչը հնարավորություն է տալիս իրացնել համազգային ներուժը, 30 տարի շարունակ մենք այդպես էլ չկարողացանք դուրս գալ հատվածական մտածողության ծուղակից և չձևավորեցինք իրապես ռազմավարական համազգային օրակարգ։

Մենք շարունակաբար ստեղծում ենք հատվածական ռազմավարական օրակարգեր կառավարության, կուսակցությունների, հասարակական նախաձեռնությունների մակարդակում, որոնք, միմյանց հետ մրցելով և բախվելով արտառոց իրավիճակների հետ (հեղափոխություն, համաճարակ, պատերազմ, ընտրություններ և այլն), ուշ թե շուտ դատապարտվում են անհաջողության։ Արդյունքում մենք՝ որպես ազգ, 30 տարի շարունակ գոյատևել ու զարգացել ենք առանց համազգային ռազմավարական օրակարգի։ Օրակարգի, որը հիմք կծառայեր ցանկացած իշխանության համար։ Օրակարգի, որը կհամախմբեր բազմաշերտ աշխարհասփյուռ հայությանն ինչպես ազգային արժեքների ու նպատակների, այնպես էլ պետության բեկումնային զարգացման գործնական տեսլականի ու թիրախների շուրջ։ Օրակարգի, որի կենսունակությունը կախված չէր լինի ընտրական ցիկլերով, անկանխատեսելի կամ մեզ պարտադրված իրավիճակներով։

Շատերը կարող են հակադարձել՝ ինչ պարտադիր է ժողովրդավարական պետությունում ունենալ ընտրական ցիկլերի տրամաբանությունից դուրս համազգային ռազմավարական օրակարգ։ Կարելի է վկայակոչել բազմաթիվ ժողովրդավարական երկրների օրինակներ, որոնք առանց որևէ համազգային օրակարգի կարողացել են հասնել ռազմավարական առավելության, զգալիորեն ամրապնդել իրենց դիրքերը։

Կան երկու փոխկապակցված գործոններ, որոնք թույլ չեն տալիս նմանատիպ ճանապարհով զարգացնել մեր պետությունը։ Առաջինը, ներկայիս պետական կառավարման համակարգի մեր կարողությունները հավասարազոր չեն պետության առջև ծառացած մարտահրավերներին, այսինքն, այն պետական ինստիտուտները, որոնք դե յուրե իրենց գործունեությամբ պետք է նպաստեն մեր պետության դիրքերի ամրապնդմանը, դե ֆակտո ի զորու չեն դա անել։ Երկրորդը, պետական կառավարման համակարգն առայժմ չունի մեր համազգային մտավոր և նյութական ներուժը բավարար չափով իրացնող կառուցակարգեր. սփյուռքի ուղեղներին, կառավարիչներին և կապիտալը ներգրավելու և պետականաշինությանը հաղորդակից դարձնելու փոխարեն հաճախ գործում են վերջիններիս վանող գործելաոճն ու մոտեցումները։

Ուղիղ մեկ տարի առաջ, 2020 թվականի սեպտեմբերի 21-ին, մենք, թերևս, ամենամոտն ենք եղել իրավիճակային կառավարումից ռազմավարական կառավարմանն անցում կատարելուն։ Վարչապետի կողմից Մատենադարանում ներկայացված Հայաստանի վերափոխման 2020-2050 ռազմավարության շնորհանդեսը ոչ միայն խորհրդանշում էր համազգային ռազմավարական օրակարգի կարևորության գիտակցումը, այլև ուղղակիորեն մեկնարկում այն կարևորագույն մոտեցումը, որ այսուհետ որևէ պետական մարմնի որևէ որոշում պետք է տրամաբանական և գործնական կապ ունենար այդ օրակարգի հետ ։ Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ ամենաբարձր պետական մակարդակով սահմանվեցին ազգային արժեքներն ու նպատակները, նախաձեռնվեց ընտրական ցիկլերի տրամաբանությունից դուրս գտնվող, համազգային ռազմավարական կառավարման օրակարգ ու կենդանի գործընթաց։ Մի գործընթաց, որի հաջողության գրավականը մշակման մոտեցումների մեջ է, ըստ որոնց ռազմավարության մշակողն ու իրագործողը պետք է դառնար ոչ միայն ՀՀ քաղաքացիների մեծամասնության կողմից ձևավորված իշխանությունը, այլ նաև աշխարհասփյուռ հայությունն ու բոլոր նրանք, ովքեր ունեն Հայաստանի բեկումնային զարգացման տեսլականի վերաբերյալ գործնական պատկերացումներ ու առաջարկներ։

Մեկ տարի առաջ մենք ամենամոտն էինք ռազմավարական կառավարմանն անցում կատարելուն, քանի որ հասել էինք մի կետի, երբ համազգային ռազմավարությունը պիտի դառնար ազգային-պետական ապագայի կերտմանն ուղղված նոր, ճկուն և կենդանի պայմանագիր հանրության ու պետության միջև։ Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստատեսությամբ և համացանցով պետք է մեկնարկեր ռազմավարության մշակման մոտեցումների և բովանդակության մասին լայնամասշտաբ արշավը, որի նպատակը Հայաստանի վերափոխման ռազմավարությունը հանրային սեփականություն դարձնելն էր։

Մենք այդ կետին անգամ ավելի շուտ կհասնեինք, եթե ի հայտ չգային ռազմավարական կառավարման տրամաբանությունից շեղող և հանրային-պետական ռեսուրս կլանող մի շարք նշանակալի իրավիճակներ, մասնավորապես, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը, կորոնավիրուսի համավարակը և հուլիսյան մարտերը Տավուշում։

Մեզ այդպես էլ չհաջողվեց անցում կատարել հռչակված և երկար սպասված ռազմավարական կառավարմանը, քանի որ ի հայտ եկավ հերթական արտակարգ իրավիճակը՝ Արցախյան պատերազմն իր աղետալի հետևանքներով։ Այն իր հերթին ստեղծեց քաղաքական ճգնաժամի իրավիճակը, որն էլ իր հերթին՝ արտահերթ ընտրությունների իրավիճակն ու նոր քաղաքական օրակարգի ձևավորումը։ Արդյունքում, մենք նորից վերահաստատվեցինք իրավիճակային կառավարման տիրույթում, որտեղ գերակայում է հատվածական մտածողությունը, իսկ պետական և հանրային ինստիտուտներն առաջնահերթ են համարում ստեղծված իրավիճակից բխող սեփական ռազմավարական օրակարգերը։ Այսպես, օրինակ, կառավարության նոր ռազմավարական օրակարգը հիմնականում բխում է իշխող կուսակցության նախընտրական ծրագրից ու նախընտրական արշավի ընթացքում ձեռք բերած ընկալումներից։

Այս մոտեցումը թեև արդարացված է ժողովրդավարության տեսանկյունից, սակայն արդարացված չէ երկարաժամկետ ռազմավարական կառավարման տեսանկյունից, քանի որ, պարբերաբար հայտնվելով նոր անվտանգային, քաղաքական և/կամ տնտեսական իրավիճակներում և ըստ այդմ վերանայելով ռազմավարական օրակարգերը (օրինակ՝ ազգային անվտանգության ռազմավարությունը, կառավարության ծրագիրն ու միջոցառումների պլանը, ոլորտային ռազմավարությունները և այլն), մենք դառնում ենք իրավիճակային կառավարման զոհ, ապրում իրավիճակից իրավիճակ, ստորադասում մեր երկարաժամկետ հավակնությունները կարճաժամկետ ու միջնաժամկետ առաջնահերթություններին, դառնում խոցելի ավելի երկարաժամկետ ու արդյունավետ ռազմավարական պլանավորում ունեցող մրցակից պետությունների համար՝ պետականության ամրապնդման և ազդեցության շրջանակի ընդլայնման միջազգային մրցավազքում։ Իրականում, Արցախյան պատերազմում մեր պարտությունը նույնպես նախորդ 30 տարիների ընթացքում մրցունակ երկարաժամկետ ռազմավարության ու կենսունակ ռազմավարական կառավարման համակարգի բացակայության ուղիղ հետևանք է։

Նկատի առնելով այս ամենը, ինչ փուլում է մեկ տարի առաջ մեկնարկած Հայաստանի վերափոխման ռազմավարությունը։ Որպես գործնական կառուցակարգ այն շարունակում է մնալ չգործարկված և չիրացված։ Գործուն միասնական օրակարգի բացակայության պատճառով, բազմացնելով օրակարգերը մի ապագայի համար, որը բոլորիս համար ընդհանուր է, մենք շարունակում ենք թերօգտագործել մեր համազգային ներուժը, մսխել և մաշեցնել այն։ Հանրային-պետական տիրույթում, համազգային ռազմավարական օրակարգի նկատմամբ պահանջի անբավարարվածության պատճառով, շարունակում են ծնվել նորանոր կուսակցություններ, ստեղծվել ու ստեղծվում են հասարակական ռազմավարական նախաձեռնություններ («Ապագա հայկականը», «Ցանցային պետություն», «Գիտուժ», «Սաստիկ», «Բարձունք», «Արդյունավետ կառավարություն հիմնադրամ» և այլն)։ Հայաստանի վերափոխման ռազմավարությունը, որպես պետության կողմից առաջնորդվող կառուցակարգ, բոլոր ռազմավարական նախաձեռնությունների համար կարող էր և դեռևս կարող է դառնալ արդյունավետ հանգրվան։

Եվ ահա ուղիղ մեկ տարի անց ուշացած մեկնարկից հետո, մենք օգտագործում ենք բոլոր հայերին միավորելու զորու հերթական խորհրդանշական օրը ոչ թե հայտարարված ապագայի բովանդակության կերտմանը զարկ տալու, այլ անցյալի հիշատակումը ձևավորելու վրա։ Մի ողջ սերունդ, պայծառ ապագա ունեցող բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ զոհվեցին ոչ թե նրա համար, որ մենք հետո ուշադրություն դարձնենք իրենց հիշատակման ձևին, այլ միմիայն մեր հայրենիքի շատ առարկայական, շատ բովանդակային ապագայի համար։ Մինչդեռ մենք շարունակում ենք մեր ընդհանուր ապագայի բովանդակությունից խորշել և ստորադասել այն։

Լեւոն ՄԱԶՄԱՆՅԱՆ

ՀՀ Վարչապետի նախկին խորհրդական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930