«Մեզ հորդորում եք պարտադիր դիմակ կրել, բայց օրինակ ջուր խմելու, ելույթ ունենալու համար, երբ մենք դիմակները հանում ենք, դնում ենք սեղանին, հետո նորից դնում ենք, դա ավելի վտանգավոր է, քան եթե ի սկզբանե դիմակ չկրեինք: Ինքներդ էլ այդ սխալը բազմիցս թույլ եք տվել ԱԺ ամբիոնի մոտ: Դիմակը հանում եք, դնում եք ամբիոնին, խոսքն ավարտելուց հետո նորից դնում եք ձեր դեմքին՝ քաղաքացիների համար վատ օրինակ ծառայելով»,- այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովում կորոնավիրուսով պայմանավորված խստացումների թեմայով քննարկմանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն այսպես դիտողություն արեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին:
Նախարարը պատասխանեց՝ հեգնանքով. «Ներողություն եմ խնդրում, որ երբեմն ջուր եմ խմում եւ ջուր չեմ կարողանում խմել՝ դիմակը դեմքիս: Պատահում է, ի՞նչ անեմ: Գիտեք, մենք պետք է թողնենք գիտնականներին, մասնագետներին, ովքեր երկար ուսումնասիրություններ անելուց հետո, նաեւ պատմական փորձը հասկանալով՝ փաստում են, որ դիմակները պաշտպանում են օդակաթիլային վարակների փոխանցելիությունից»:
Արեգնազ Մանուկյանը հակադարձեց, որ ոչ վաղ անցյալում ՀՀ-ն ունեցել է առողջապահության նախարար, որը մանրամասն բացատրում էր, որ դիմակները չեն պաշտպանում կորոնավիրուսից, որովհետեւ վարակի մանրեն շատ ավելի փոքր է, քան դիմակի ծակոտկիները: Բացի այդ, ունեցել ենք վարչապետ, որն ասում էր՝ «կորոնավիրուսն ո՞ւմ շուն է, որ խնդիրներ առաջացնի», հետեւաբար քաղաքացիներին պետք չի մեղադրել, որ չեն կողմնորոշվում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ