2021 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը եւ ուղեկցող միջոցառումները տեղի կունենան Իտալիայի Վենետիկ քաղաքում հոկտեմբերի 8-10-ը: Ըստ ձեւավորված ավանդույթի՝ մրցանակի շնորհման յուրաքանչյուր արարողություն հանգամանորեն մտածված մշակութային համադրություն է՝ ի փառաբանումն մարդկայնության համընդհանուր ոգու եւ մերօրյա հերոսների։
Հոկտեմբերի 9-ին Սուրբ Ղազար կղզում՝ Մխիթարյան միաբանության եկեղեցում, տեղի կունենա համերաշխության աղոթք՝ հոգեւոր եւ պետական առաջնորդների, միջազգային մարդասիրական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ եւ երգչախմբի կենդանի կատարումներով:
2021 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը, որը կանցկացվի «Վեր հառնելով միասին» խորագրի ներքո, կվարեն Ամալ Քլունիի անվան կրթաթոշակառու, UWC Դիլիջանի շրջանավարտ, լիբանանցի Դալյա Աթալլահը եւ «Վաշինգթոն փոսթ» օրաթերթի փոխխմբագիր, սյունակավար, «Ավրորայի» երկար տարիների բարեկամ Դեյվիդ Իգնաթիուսը: Միջոցառման խորագրի ընտրությունն արտացոլում է նախաձեռնության հանձնառությունը՝ գործով արտահայտելու երախտագիտությունը նրանց, ովքեր ավելի քան 100 տարի առաջ փրկեցին հայերին եւ օգնեցին նրանց վերածնվելու: Այն նաեւ արտացոլում է գթասրտության, միասնականության եւ համագործակցության հավերժական արժեքները, որոնք թույլ են տալիս հաղթահարելու աշխարհի ամենահրատապ մարդասիրական խնդիրները, ներառյալ՝ միասնական պայքարն ընդդեմ կորոնավիրուսի համավարակի եւ դրա հետեւանքների:
Մրցանակի շնորհման արարողությանը կատարումներով հանդես կգան ծիրանափողի վարպետներ Արամ Իփեքջյանը եւ Ջիվան Գասպարյան կրտսերը, ինչպես նաեւ «Հովեր» պետական կամերային երգչախումբը, որը կղեկավարի Սոնա Հովհաննիսյանը, եւ որը հայտնի է երգչախմբային փորձարարական կատարումներով եւ հայկական երգչախմբային ժառանգությունն աշխարհով մեկ ներկայացնելով:
Կարդացեք նաև
Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրին, որի անունը հայտնի կդառնա մրցանակի շնորհման արարողությանը, կշնորհվի 1.000.000 ԱՄՆ դոլար մրցանակ, ինչը կընձեռի բացառիկ հնարավորություն՝ շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին: Միջոցառումը կեզրափակվի աշխարհահռչակ իտալացի տենոր, մաեստրո Անդրեա Բոչելիի կատարմամբ:
Մրցանակի շնորհման արարողությունից հետո, ըստ ավանդույթի, 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը կարձանագրվի «Մատյան մարդասիրաց» եզակի ձեռագրում՝ յուրօրինակ մի տարեգիրք, որում ներկայացված է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեությունը: Մեր օրերում կազմված, իր տեսակի մեջ եզակի այս ձեռագիրն ստեղծվել է 2018թ. Մատենադարանում՝ հնագույն հայկական տեխնիկայի եւ նյութերի կիրառմամբ:
«Մատյան մարդասիրաց» ձեռագիրն առաջին անգամ դուրս կբերվի Մատենադարանից եւ կտեղափոխվի Սուրբ Ղազար կղզի՝ հայկական ամենակարեւոր մշակութային օջախներից մեկն աշխարհում, որտեղ 1512 թ․ հրատարակվել է առաջին հայալեզու տպագիր գիրքը:
«Ավրորայի» վենետիկյան միջոցառումները ներառում են նաեւ Aurora Dialogues երկու քննարկում՝ նվիրված ամենահրատապ մարդասիրական մարտահրավերներին: Հոկտեմբերի 8-ին տեղի կունենա «Հանդիպում 2021 թ. Ավրորայի հերոսների հետ» քննարկումը, որի ընթացքում «Ավրորայի» հերոսները կպատմեն իրենց գործունեության մասին: Երկրորդ քննարկումը՝ «Առողջապահական անվտանգության մարդասիրական կողմերը» թեմայով, կանցկացվի հոկտեմբերի 10-ին: Այն կորոնավիրուսի համավարակի ընթացքում առաջացած խնդիրների, դրանց հետեւանքների մասին է, ինչն օգտակար կլինի եւ կարող է կարեւոր լինել ապագա համավարակները կանխարգելելու գործում:
Միեւնույն ժամանակ շարունակվում են 2022 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի համար թեկնածուների առաջադրումները: Մինչեւ 2021 թ. հոկտեմբերի 31-ը յուրաքանչյուր ոք կարող է առաջադրել իր թեկնածուին, որը հաղթահարել է անձնական մեծագույն մարտահրավերներ ուրիշներին օգնելու համար:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին
«Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» հիմնադրամը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Նախաձեռնությունն ունի հայկական պատմական արմատներ, քանի որ այն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտելով վերափոխել այս փորձառությունը համաշխարհային շարժման:
«Ավրորայի» ողջ գործունեությունը խարսխված է համամարդկային՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի վրա: Սա նշանակում է, որ աշխարհում անհամար մարդիկ, որոնք օգնություն են ստացել ճգնաժամի պահին, իրենց երախտագիտությունը լավագույնս կարող են արտահայտել՝ նույնպիսի աջակցություն տրամադրելով մեկ ուրիշի: Ներգրավելով «Ավրորայի» աջակիցներին աշխարհով մեկ` նախաձեռնությունը կվերածվի համաշխարհային շարժման եւ «ձնագնդի» ազդեցությամբ կընդլայնի փրկողների շրջանակը, եւ ամենակարեւորը՝ կմեծանա փրկվածների թիվը:
Դիմագրավելով մարդասիրական հրատապ մարտահրավերներին՝ նախաձեռնությունը երկրորդ հնարավորություն է ընձեռում նրանց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը: Հավատարիմ իր տեսլականին. «Մենք հավատում ենք, որ պատմության ամենադժվարին պահերին անգամ լուսավոր ապագան այն մարդկանց ձեռքերում է, որոնք օգնում են եւ հույս պարգեւում այլոց»՝ «Ավրորան» ողջունում է բոլոր նրանց, ովքեր ընդունում են այս գաղափարախոսությունը:
Այս հանձնառության նպատակն է խթանել գործողությունների վրա հիմնված բարեգործությանը, որը կբերի շոշափելի արդյունքի: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի միջոցով՝ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակ, «Ավրորան՝ Արցախին» մարդասիրական ծրագիր, #AraratChallenge շարժում, Aurora Dialogues քննարկումներ, «Ավրորա» դրամաշնորհներ, «Ավրորա» համայնք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ եւ 100 LIVES նախաձեռնություն:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը բարերարներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են հազարավոր աջակիցներ եւ գործընկերներ: Նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան` որպես վիրաբույժ, մարդասեր եւ 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, մարդասիրական գործունեության իր փորձառությամբ աշխարհում տարածում է «Ավրորայի»՝ «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձը եւ համախմբում բոլորին համընդհանուր մարդկայնության շուրջ:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացնում են երեք կազմակերպություններ՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամ (Երեւան, Հայաստան):
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի մասին
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաքելությունն է ճանաչման արժանացնել եւ աջակցել նրանց, ովքեր վտանգի են ենթարկում սեփական կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որպեսզի փրկեն այն մարդկանց կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որոնք տառապում են հակամարտությունների, մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների կամ մարդու իրավունքների այլ լուրջ խախտումների հետեւանքով։ «Ավրորա» մրցանակի դափնեկիրն ընտրվում է՝ ըստ ցուցաբերած խիզախության, նվիրումի եւ ունեցած ազդեցության:
Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին շնորհվում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ, որն էլ բացառիկ հնարավորություն է ընձեռում նրան շարունակելու նվիրատվության շղթան եւ աջակցելու այն կազմակերպություններին, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին:
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, մարդու իրավունքների ակտիվիստ եւ The Sentry նախաձեռնության համահիմնադիր Ջոն Փրենդերգասթը, Unilever ընկերության նախկին գլխավոր գործադիր տնօրեն եւ IMAGINE կազմակերպության համահիմնադիր նախագահ Փոլ Փոլմանը, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր եւ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները, լրագրող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Դելե Օլոջեդեն, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը: Հանձնաժողովը նախագահում է Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին:
Պատվավոր համանախագահներն են խաղաղության եւ մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ Բենջամին Ֆերենցը եւ օսկարակիր դերասան, մարդասեր Ջորջ Քլունին։ Ընտրող հանձնաժողովի պատվավոր անդամներն են Կոստա Ռիկայի նախկին նախագահ եւ Նոբելյան դափնեկիր Օսկար Արյասը, Մարիինյան թատրոնի գեղարվեստական եւ գլխավոր տնօրեն, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիեւը, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը:
Մենք հարգում ենք Ընտրող հանձնաժողովի առաջին համանախագահ, Մարդասիրության «Էլի Վիզել» հիմնադրամի նախագահ, Նոբելյան դափնեկիր Էլի Վիզելի (1928-2016 թթ.) հիշատակը:
Լուսանկարում՝ Սուրբ Ղազար կղզին (San Lazzaro degli Armeni)
IDeA հիմնադրամ