Որոշ բուհերի այն ուսանողների, որոնք մասնակցել են 44-օրյա պատերազմին, ուստարվա առաջին կիսամյակի ուսման վարձը կառավարությունը չի փոխհատուցել։
Aravot.am-ին դիմած մի խումբ ուսանողներ, որոնք տարբեր բուհերում են սովորում, եւ որոնք պատերազմի օրերին զինծառայող են եղել, մասնակցել են մարտական գործողություններին, պատմեցին, որ դասերը սկսվելուց հետո բուհի ղեկավարությունը հայտնել է, որ ուսանողները պետք է վճարեն, քանի որ պետությունը դեռ չի փոխհատուցել։
Կառավարությունը դեռ անցյալ տարի ընդունեց որոշում, ըստ որի պատերազմին մասնակցի, մասնակցի երեխայի ուսման մեկ կիսամյակի վարձը կփոխհատուցի պետությունը։
Ուսանողներից մեկը մեզ հետ զրույցում պատմեց, որ բուհի ղեկավարությանը, ինչպես հարկն է, տեղյակ է պահվել, որ ինքը պատերազմի մասնակից է եղել, եւ վստահ էր, որ ինքը չպետք է վճարի ուսման վարձը, սակայն նրան տեղեկացրել են, որ պետությունը գումարը չի փոխանցել, հետեւաբար ուսանողը պետք է վճարի․ «Ուսանող էի, երբ զորակոչվեցի բանակ, 2020-ի մարտական գործողություններին մասնակցել եմ։ Զորացրվել եմ, ուսումս շարունակում եմ, ինձ ասացին, որ պետք է վճարեմ, պետությունը փողը չի փոխանցել։ Վճարեցի։ Մենք մտածում ենք՝ երեւի առողջապահության նման է, երբ պետպատվերի գումարը վերջացել էր, ու հիվանդներին անվճար էլ չէին սպասարկում։ Երեւի բյուջեում փող չկա, մեր վարձն էլ չեն փոխհատուցում»։
Կարդացեք նաև
Սակայն ոլորտի պատասխանատուները ուսանողներին հորդորում են չանհանգստանալ։ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանն Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց՝ եթե անգամ այս կիսամյակ ուսանողներն են վճարել ուսման վարձի մի մասը, մյուս կիսամյակի փոխհատուցումն անպայման կվճարի պետությունը։ Տիկին Գրիգորյանի փոխանցմամբ՝ ծրագիրը շարունակվելու է մինչեւ 2022 թվական, հաշվի առնելով, որ վերջին ուսանողը, որը զորակոչվել է 2020 թվականի ամռանը, 2022-ին է վերադառնալու։
«Բայց բուհերը ճիշտ են, որովհետեւ ուսանող լինելու համար պետք է հրամանագրվել՝ որոշակի գումար վճարելու պայմանով։ Այդ երեխաների գումարը չի կորի, պետությունը ողջ ուսումնական տարվա հարյուր տոկոսը չէր փոխհատուցելու, միայն մեկ կիսամյակինը։ Պետք էր որոշակի գումար վճարել, հրամանագրվել, հետո այդ գումարը կհամարվի երկրորդ կիսամյակի ուսման վճար։ Պետք է հրամանագրվեն եւ փաստաթղթեր ներկայացնեն, այդ թվում՝ զինգրքույկը, որտեղ հստակ նշում կա, որ մասնակցել են մարտական գործողություններին, դա դիմումով ներկայացնեն բուհին»։
Մեր դիտարկմանը, որ մեզ դիմած ուսանողները հրամանագրված են, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել են բուհին, տիկին Գրիգորյանն արձագանքեց՝ պետությունն անպայման փոխհատուցելու է․ «Մենք բուհերին պարբերաբար խնդրել ենք, որպեսզի մարտական գործողությունների մասնակիցների տվյալները մեկ շաբաթվա կտրվածքով ներկայացնեն։ Հաշվի առնելով, որ ամառ էր, մենք նոր տվյալ չենք ստացել։ Հորդորել ենք ուսումնական տարվա սկիզբին միանգամից մարտական գործողությունների մասնակիցների տվյալները հավաքագրեն՝ նախարարությանը փոխանցելու համար, որպեսզի ըստ այդմ ֆինանսավորումը փոխանցենք բուհին։ Ամեն դեպքում ուսանողը պետք է որոշակի վճարում կատարի, որպեսզի բուհը հրամանագրի, թեկուզ մեկ ամսվա գումար պետք է վճարի։ Շատ բուհեր սիմվոլիկ գումար են վերցնում՝ մեկ ամսվա»։
Մեր հարցին՝ գուցե այս նախարարության բյուջե՞ն էլ սպառվել է նշված խմբի շահառուների ուսման վարձի փոխհատուցման համար, այնպես ինչպես առողջապահության նախարարության դեպքում էր, տիկին Գրիգորյանն այսպես պատասխանեց․ «Բյուջեի հետ խնդիրներ ունենք, հարուստ չէ բյուջեն, բայց քանի որ օրենքով է ամրագրված, փոխհատուցումները հաստատ ստանալու են։ Բուհերին շրջաբերականներ ենք ուղարկել, որպեսզի տվյալները հավաքագրեն ֆինանսական փոխհատուցում ստանալու համար»։
ԿԳՄՍ պաշտոնյայի խոսքով՝ նախարարությունը 2022 թվականի բյուջեւով էլ հատկացումներ է անելու՝ այն ուսանողները, որոնք զորակոչվել են 2020 թվականի ամռանը, եւ պետք է երկու տարի հետո զորացրվեն, օգտվելու են այս փոխհատուցումից։
«2-րդ կուրսեցիների համար օրենքում ենք ամրագրել, որ պետությունը փոխհատուցում է մարտական գործողությունների մասնակիցներին։ Այս պահին կարգն ու չափսն ենք մշակում, որպեսզի մարտական գործողություններին մասնակցածները կամ զավակները որոշակի առաջադիմություն ցուցաբերելու դեպքում, ՄՈԳ-ը հաշվի առնելով՝ որոշակի փոխհատուցում ստանան։ Որքան ՄՈԳ-ն ավելանա, այդքան փոխհատուցման չափսը կավելանա։ Մինչեւ 70-80% փոխհատուցում կլինի»,-ասաց տիկին Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ նախատեսված է 1,7 մլրդ դրամի բյուջե՝ մարտական գործողությունների մասնակիցների, կամ մասնակցի զավակի, կնոջ եւ նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցման համար։ Այս խմբերի շահառուները 7 հազար են, որոնք օգտվել են ծրագրից այս տարվա հունվարից հետո։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ