Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդը պատվաստվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում, ունեցել է 2 վիրահատություն թոքի հետ կապված, այս պահին էլ ծանր վիճակում է». Արա Զոհրաբյան

Սեպտեմբեր 23,2021 12:39

Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովում քննարկում էր կազմակերպվել կորոնավիրուսով պայմանավորված խստացումների թեմայով: Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 1-ից աշխատողները գործատուին պետք է ներկայացնեն կա՛մ պատվաստման հավաստագիր, կա՛մ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնեն:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատասխանեց քննարկման մասնակիցների հարցերին: Արա Զոհրաբյանը հարցրեց՝ ՊՇՌ սերտիֆիկատի պահանջը ի՞նչ նպատակ է հետապնդում՝ պատժի՞, հակահամաճարակայի՞ն. «Եթե հակահամաճարակային նպատակ է հետապնդում ու փորձում է կտրել վիրուսի շղթան, ապա հասկանալի չէ, թե ինչու պատվաստված մարդկանցից չի պահանջվում ՊՇՌ սերտիֆիկատը, քանի որ պատվաստվածն էլ կարող է վարակել ու վարակվել: Այսինքն, պատվաստված մարդը կարող է գալ ու վարակել մյուսներին, վարակի շղթան չի ուղղվում: Սա չի՞ դառնում պատժի գործիք, որ եթե չեք պատվաստվել, ձեր հաշվին վճարեք, ՊՇՌ թեստ արեք»:

Նախարարը պատասխանեց, որ իրենց նպատակն է կանխարգելել վարակը, կանխել ծայրահեղ ծանր հիվանդության ընթացքը, խուսափել մահերից. «Պատմությունը ցույց է տվել, որ պատվաստանյութերը կարեւոր դեր են խաղացել ու մեզ փրկել են շատ վարակներից եւ մանկական մահացության վրա լրջագույն ազդեցություն են ունեցել, նաեւ այլ հիվանդությունների առումով: Սահմանափակումները ֆիլտրներ են»: Ավանեսյանը նշեց, որ վարակի շղթան կոտրելու ամենաարդյունավետ միջոցն այն է, որ մարդիկ դադարեն իրար հետ շփվել: Բայց լոքդաունը չի կարող տարիներ տեւել, ուստի ֆիլտր են ստեղծում, որ նվազեցնեն վարակի տարածումը:

«Տարբեր պետություններ տարբեր պատվաստանյութերի վերաբերյալ ունեն տարբերակված վերաբերմունք՝ օրինակ, Եվրոպան «Սպուտնիկ Վ-ն» չի ընդունում, ՌԴ-ն՝ «ԱստրաԶենեկան», մենք ո՞նց կողմնորոշվենք»,- հարցրեց Զոհրաբյանը: Նախարարը պատասխանեց, որ երկրներից ամեն մեկն ինքն է որոշում, թե որ պատվաստանյութին տալ նախապատվություն ու որ փուլում թույլ տա ներկրում: ՀՀ-ն չունի արտադրություն այս պահին, առաջնորդվում է մի սկզբունքով՝ հնարավորություն ընձեռել Հայաստանում ունենալ այնքան պատվաստանյութի տեսականի, որը թույլ կտա քաղաքացիներին ազատ տեղաշարժվել տարբեր երկրներում:

Արա Զոհրաբյանը մի քանի անգամ ճշտեց՝ կա՞ նորից վարակվելու հնարավորություն պատվաստվելու դեպքում: Անահիտ Ավանեսյանը պատասխանեց, որ պատվաստանյութը վարակվելու ռիսկը չի բացառում. «Որեւէ դեղամիջոց, որեւէ բժշկական միջամտություն չի կարող երաշխավորել 100%-ով որեւէ բան: COVID-ի դեմ ընդունվող դեղամիջոցներն ինչպիսի՞ արդյունավետություն ունեն, երաշխավորում են մեզ 100%-ով առողջացում՝ ցավոք, ոչ: Թվերը ցույց են տալիս, որ վարակվածների 20%-ը հիվանդությունը կրում է ծանր, 5%-ը՝ ծայրահեղ ծանր, 2%-ը մահանում է: Հիմա ի՞նչ անենք, չբուժվե՞նք: Մարդը իրեն հասանելի բոլոր միջոցներն օգտագործում է՝ կանխարգելելու հիվանդությունը»:

Ունե՞ք այդպիսի մի կենտրոն, որ ուսումնասիրություններ իրականացնի վարակված անձանց հիվանդության ազդեցության մասով: Նախարարը այս հարցին պատասխանեց, որ տարբեր մարզերում ստեղծված են հանձնաժողովներ, որոնք քննում են պատվաստումից հետո 14 օրվա ընթացքում ցանկացած բողոք, գանգատ, ազդեցություն. «Այս պահի դրությամբ մենք որեւէ լուրջ կողմնակի ազդեցություն պատվաստման արդյունքում չենք գրանցել: Այո, եղել են առողջության հետ կապված որոշակի գանգատներ՝ բարձր ջերմություն, նման դեպքեր, որոնք հետազոտվել են, եղել են անձինք, որոնք լրացուցիչ հետազոտվելու կարիք են զգացել, դա պետությունը իր հաշվին ապահովել է: Քաղաքացու առողջական վիճակն ուսումնասիրվել է եւ հարցը փակվել է»:

Արա Զոհրաբյանն ասաց, որ իրենք էլ փաստահավաք խումբ են ստեղծել եւ դեպքերը հավաքագրում են. «Արդեն ունենք պատվաստումից հետո ծանր դեպքեր, դուք ասացիք՝ նման բաներ չեն արձանագրվել: Մի դեպք նշեմ, հիմա անուն ազգանունը չեմ տա, չնայած լիազորված եմ տվյալները տալու: Մարդը, որը պատվաստվել է 20.07.2021-ին, առաջին դեղաչափ, երկրորդը՝ 10.08.21-ին, պատվաստվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում, ունեցել է 2 վիրահատություն թոքի հետ կապված, այս պահին էլ ծանր վիճակում է այդ մարդը: Այլ դեպքեր էլ կան»:

Նախարարը միանգամից կանխեց. «Հիմա դուք կթվեք դեպքեր, որոնք սարսափազդու են եւ առանց դրա ամբողջական պատմությունը ներկայացնելու՝ խնդրում եմ քաղաքացիների մոտ բան չստացվի: Մենք չենք կարող ընդհանրապես ասել, որ ՀՀ-ում, աշխարհում ով որ պատվաստում ստացավ, 14 օրվա ընթացքում այլեւս նրա հետ որեւէ առողջական խնդիր չի կարող պատահել՝ մարդիկ չեն կարող ավարիայի ենթարկվել, չեն կարող քաղցկեղ ունենալ եւ այլն: Շատ կարեւոր է հասկանալ՝ պատվաստանյութի ներարկման եւ կողմնակի ազդեցության պատճառահետեւանքային կապը»:

Նախարարը հորդորեց այդ վիրահատված մարդու տվյալները փոխանցել ու կուսումնասիրեն, թե տվյալ դեպքն ինչի հետ է կապված. «Չենք կարող բացառել, որ մարդիկ որեւէ առողջական խնդիր չեն ունենում պատվաստումից հետո: Նման բան ակնկալելը խելամիտ չէ: Մենք շարունակում ենք հիվանդանալ նաեւ առողջական այլ հարցերի հետ կապված»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930