Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում քննարկում էր կազմակերպվել կորոնավիրուսով պայմանավորված խստացումների թեմայով: Հոկտեմբերի 1-ից աշխատողները գործատուին պետք է ներկայացնեն կա՛մ պատվաստման հավաստագիր, կա՛մ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնեն:
Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ասաց, որ մարդուն պարտադրելով պատվաստելը ճիշտ չէ, գիտակցված եւ կամովին պետք է դա անեն, իսկ օրենքի նախագիծը, որը ներկայացվել է արդարադատության կողմից, բավականին խնդրահարույց կետեր է պարունակում:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ ՀՀ-ում երեկ պատվաստվել է 9924 մարդ, իսկ, ընդհանուր առմամբ, իրականացվել է 377 հազար 405 պատվաստում: Առաջին դեղաչափ ստացել է 244 հազար 374 քաղաքացի, իսկ երկրորդ դեղաչափ ստացել է 133 հազար 31 քաղաքացի:
«Հակաքարոզչության, մանիպուլյացիայի արդյունքում մարդկանց մոտ ձեւավորվել է իռացիոնալ վերաբերմունք, հակագիտական նյութերի անընդհատ հոսք դեպի լրատվական դաշտ, որը բացասական ազդեցություն է ունեցել հանրության մոտ: 4-5 ամիսների ընթացքում փորձեցինք հետ պտտել հակաքարոզչության անիվը ու արդեն իսկ բավականին լավ ցուցանիշ ունենք»,- ասաց նախարարը:
Կարդացեք նաև
Նա նշեց, որ ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս պատվաստումներ իրականացնել նաեւ պարտադիր՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգությունից ելնելով: Նախարարն ասաց, որ ՀՀ-ում ընդունված քաղաքականությունը համահունչ է աշխարհում կիրառվող քաղաքականությանը, որոշ առումով նույնիսկ մեղմ է. «ԵԽ-ի հետ քննարկում ենք ունեցել, արձանագրվել է, որ ՀՀ-ն օրինականության սկզբունքը պահպանել է, բոլոր սահմանափակումները եղել են օրինաչափ ու մեր երկրում մշակված օրենսդրական փաթեթները պատրաստ ենք կիսվել այլ երկրների հետ՝ որպես մոդելային օրինակ»:
Արա Զոհրաբյանը նախարարին հարցրեց. «Դուք պատվաստված եք, ինչո՞ւ եք դուք դիմակ կրում»: Ավանեսյանը նախ հորդորեց ներկաներին հարգել ԱԺ-ն ու ԱԺ շենքում դիմակ կրել, Զոհրաբյանը նախատինքին արձագանքեց. «Ձեր նախարարության շենքում ձեր՝ որպես տանտիրոջ պատգամը կլսենք, բայց հիմա սոցիալական հեռավորության մեջ ենք ձեզնից»: Զոհրաբյանի հարցին ի պատասխան՝ նախարարն ասաց, որ պատվաստվել է երկու դեղաչափ, բայց դիմակ կրում է, որովհետեւ դելտա շտամը, որը վարակի մուտացված շտամերից մեկն է, ունի վարակելիության շատ ավելի բարձր ցուցանիշ: Նա ասաց, որ այն երկրները, որոնք հրաժարվել են դիմակի կրումից, հաղթահարված էին համարում ալֆա շտամը, հիմա հետ են բերել դիմակների կրումը՝ դելտա շտամի հետ կապված. «Վարակը, ցավոք, անընդհատ պրոգրեսիվ մուտացվում է: Դա նրա արդյունքն է, որ չհաջողվեց միանգամից շատ քաղաքացիների պատվաստել: Իհարկե, պատվաստումը չի բացառում վարակման փաստը»:
Չի՞ գալու մի պահ, որ ամբողջ ազգին թմրամոլների նման նստեցնեք պատվաստանյութերի վրա: Նախարարը պատասխանեց, որ հիմա քննարկվում է այդ հարցը՝ արդյոք նորից պատվաստման անհրաժեշտություն չի՞ առաջանալու: ԱՀԿ-ն կպատասխանի այդ հարցին՝ խթանիչ երրորդ դեղաչափը պե՞տք է, թե՞ ոչ. «Կպահանջվի երրորդը՝ հաստատ կստանանք երրորդը»: Ավանեսյանն ասաց, որ այդ բեռը չեն թողնի քաղաքացիների վրա:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ