– 2020թ. հուլիսին Հետք-ը հրապարակեց «ԱԱԾ-ում քննվում է քրեական գործ, որում առկա մանկապարտեզի շենքը վաճառվում է» խորագրով հետաքննություն, որում ներկայացրել էին Ֆիզիկայի Գիտավանի մանկապարտեզի ապօրինի զավթման և վաճառքի գործընթացը, որը մինչ օրս քննվում է ԱԱԾ-ում: Հոդվածում, մասնավորապես, գրված է. «…նախկինում Ֆիզիկայի ինստիտուտին պատկանող մանկապարտեզի շենքը, որը դարձել էր ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի մերձավոր Վարշամ Ղարիբյանին (հայտնի է Շանթի Յուրա անունով) պատկանող ընկերության սեփականությունը: … Ըստ (Պետական գույքի կառավարման) Կոմիտեի նախագահի հայտնած տվյալների՝ «Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի սեփականությունը հանդիսացող 1363․4 քմ տարածք զբաղեցնող մսուր–մանկապարտեզային համալիրը վաճառելու նպատակով 2004 թ․-ին հոկտեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին, «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվել և անցկացվել է 1 դասական աճուրդ։ «Տվյալ լոտը վաճառվել է 350 միլիոն դրամով, սակայն հաղթող ճանաչված մասնակիցը հրաժարվել է սահմանված ժամկետում կատարել վճարումները, այդ իսկ պատճառով նրա հետ չի կնքվել առք ու վաճառքի պայմանագիր»,- պատասխանել է Նարեկ Բաբայանը»։
– Համաձայն կազմակերպության կայքի հրապարակման, 2018թ.-ից այս մանկապարտեզի տարածքի վաճառքով է զբաղվում ALEX-R իրավաբանական, թարգմանչական և անշարժ գույքի գործակալությունը («Ալեքս-Ռեկռուտինգ» ՍՊԸ), որը գրանցված է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փ., 120 շենք, 37 բն. հասցեում: Գործակալության կայքում տեղակայված հայտարարության մեջ (որի նկարներն ու էկրանի տեսագրությունը պահպանված են այն մտավախությամբ, որ էջը կարող են ջնջել կայքից այս հրապարակումից հետո) ասված է. «Վաճառվում է 3 հարկանի 20 սենյականոց կոմերցիոն տարածք Ֆիզգորադոկում: Տարածքը պետական վիճակում է։ Տարածքը ունի պահակային ծառայություն, ավտոկայանատեղի, մշտական ջուր»: Հայտարարության մեջ, որի լուսանկարներում պատկերված են նախկին մանկապարտեզի տարածքն ու շինությունները, որևէ խոսք նշված չէ այն մասին, որ ներկայացված «կոմերցիոն» տարածքը նախկինում մանկապարտեզ է եղել, և որ դրա օտարման հիմքերը քննվում են ԱԱԾ-ում` նման կարևոր տեղեկությունը կոծկելով հնարավոր գնորդներից:
– Համաձայն Պետռեգիստրի տվյալների, նույն հասցեում է գրանցված Ալիխանյան 6/1-ի` ապօրինաբար զավթված հանրային տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնող «Ռատկո» ՍՊԸ տնօրեն Արթուր Մնացականյանը: Հոդված 3-ի կողմից 2021թ. օգոստոսի 26-ին կազմակերպված «Ֆիզգորոդոկ». բնակիչների պայքարն ու խոշոր կապիտալի շահը» խորագրով տեսաքննարկման ժամանակ (53:00) վերջինս ասում է, որ ALEX-R գործակալությունը հիմնադրել է իր մայրը` 2006 թվականին:
Ստացվում է, որ 2004թ.թ. Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանի առանձին հատվածների ապօրինի օտարումից հետո` 2005թ. հունիսի 17-ին, Բահամներում գրանցված օֆշորային «Պրո–Շուգառ Միլլենիում ինկ.» ընկերության կողմից հիմնադրվել է Ռատկո ՍՊԸ-ն, իսկ դրանից ամիսներ անց` 2006թ. փետրվարի 1-ին, Արթուր Մնացականյանի մայրը` Ամալյա Հրանտի Մնացականյանը, հիմնադրել է ALEX-R գործակալությունը: Կազմակերպությունը գրանցելուց քիչ անց Ռատկո ՍՊԸ-ն ձեռնամուխ է եղել Ալիխանյան 6/1 հասցեի հողատարածքի ձեռքբերմանն ու կառուցապատման ծրագրի նախագծմանը` 2006 թվականից ի վեր պարբերաբար ներկայացնելով այդ վայրում նախատեսված շինությունների նախագծեր, ապա ինչ-ինչ պատճառով շինարարությունը չիրականացնելով: Դրա մասին մանրամասնորեն գրել է Հետքը 2020թ. հուլիսին հրապարակած «Բարձրահարկ շենք՝ Ֆիզիկայի ինստիտուտի բանավանում. բնակիչներն ընդդեմ կառուցապատողի» վերնագրով հոդվածում: Համաձայն Հետքի նույն հրապարակման, «Իրավաբանական ընկերությունը, որի փոխտնօրենը Արթուր Մնացականյանն է, ծառայություններ է մատուցել «Ռատկո» ՍՊԸ–ին: Այնուհետև երբ վերջինս իմացել է Ֆիզիկայի ինստիտուտի բանավանում գտնվող տարածքի մասին, իր գործընկեր Վահան Մովսիսյանի հետ որոշել են ներդրում անել և գնել «Ռատկո»-ն՝ հետագայում բազմաբնակարան շենք կառուցելու մտադրությամբ»:
Կարդացեք նաև
Այսքանն արդեն բավարար հիմքեր է տալիս ենթադրելու, որ այս խնդիրը նոր չի ծագել, ապօրինությունների շղթան նախապես ծրագրված է եղել և հետևողականորեն իրականացվում է 2004 թվականից մինչ այսօր` պատկան մարմինների հանցավոր անգործության և/կամ հանցակցության պայմաններում:
Փաստացի, Ռատկո ՍՊԸ–ն, որի տնօրենն է Արթուր Մնացականյանը, այս պահին իրականացնում է զավթված սպորտային հրապարակի կառուցապատման ծրագիր, թեև հողի օտարման հիմքերի օրինականության հարցով կա հարուցված քրեական գործ, իսկ ALEX-R գործակալությունը, որի փոխտնօրենն է նույն Արթուր Մնացականյանը, իսկ տնօրենը` նրա մայրը, այս պահին զբաղվում է զավթված մանկապարտեզի տարածքի վաճառքով` թաքցնելով այն հանգամանքը, որ մանկապարտեզի օտարման գործը քննվում է ԱԱԾ–ում:
Հորդորում ենք լրագրողներին` զբաղվել բերված տվյալների լուսաբանմամբ և հետևողականորեն բացահայտել Ֆիզիկայի Գիտավանի զավթման ու ոչնչացման նպատակ հետապնդող այս ծրագրի բոլոր մասնակիցներին, դեպքերի ամբողջական հաջորդականությունը:
Հիշեցնենք, որ օրերս մեր էջում տեղադրել էինք տեսանյութ, որում Արթուր Մնացականյանի հրապարակային հայտարարություններն այն մասին, որ շինաշխատանքների արդյունքում միայն երկու ծառ է հատվելու և որ «առջևի հատվածի», այն է` Մարգարյան նրբանցքին հարող հատվածի ծառերը պահպանվելու են` համադրված են ներկայիս իրականության հետ, որտեղ երևում է, թե ինչպես է «Ռատկո» ՍՊԸ-ն տապալել ու ոչնչացրել Մարգարյան նրբանցքին հարող ողջ կանաչ գոտին` տասնյակ սաղարթախիտ ծառերով:
Հույս ենք հայտնում, որ վերոնշյալ խնդիրների քննությամբ զբաղվող պատկան մարմինները կիրականացնեն անաչառ և արդարացի հետաքննություն` ջրի երես դուրս բերելով ապօրինությունների շղթայի բոլոր մանրամասներն ու պատասխանատվության ենթարկելով հանրության և պետության շահի դեմ գործող անձանց:
Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանի բնակիչեր