Aravot.am-ի տեղեկություններով, նյութեր են նախապատրաստվում Սիսիանի նախկին քաղաքապետ, 81-ամյա Լավրենտ Սարգսյանի նկատմամբ։ Վերջինս Սիսիանի նախկին համայնքապետ, «Հայաստան» դաշինքի կալանավորված պատգամավոր Արթուր Սարգսյանի հայրն է։
14 տարի առաջ, 2007թ. հոկտեմբերի 5-ին Սիսիանի համայնքապետարանը, ի դեմս քաղաքապետ Լավրենտ Սարգսյանի՝ համայնքային սեփականություն հանդիսացող Սիսիանի Չարենցի 10 հասցեում գտնվող «Մշակույթի կենտրոն»-ի շենքը՝ հարակից հողերով 17 մլն. 610.000 ՀՀ դրամով վաճառել է օրենբուրգցի գործարար Աշոտ Օրդուխանյանին։
Վերջինիս տրվել է անշարժ գույքի սեփականության վկայական, որը վավերացվել է Սիսիան քաղաքի նոտարական տարածքի նախկին նոտար Նորայր Բաղումյանի կողմից։ Գույքի օտարմանը մասնակցել է նաեւ կադաստրի կոմիտեի «Սիսիան» սպասարկման գրասենյակի պետ Կարեն Թունյանը։
Մասնավորապես, ըստ նույն աղբյուրի, ՀՀ Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային բազայում առկա չեն եղել աճուրդի վերաբերյալ հայտարարությունը, աճուրդի արձանագրությունը, աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը, ավագանու նիստը եւ ավագանու որոշումը։ Ստացվում է, որ Թունյանը օգտվելով պաշտոնեական լիազորություններից, օրենքի խախտմամբ իրականացրել է գույքի օտարումը: Սիսիանի նախկին քաղաքապետ, այժմ թոշակառու Լավրենտ Սարգսյանը, փաստորեն, առաջնորդվելով սեփական շահերից՝ անհամեմատ ցածր գնով օտարել է անշարժ գույքը իրական վնաս հասցնելով համայնքային բյուջեին․ 70.203.144 դրամ կադաստրային արժեքով մշակույթի կենտրոնի շենքը փաստացի վաճառելով՝ 14.283.600 դրամով:
Կարդացեք նաև
Գործի հանգամանքներով պարզվել է, որ Ա.Օրդուխանյանը մտերմիկ հարաբերություններ ունի Լավրենտ Սարգսյանի որդու՝ Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանի հետ, եւ չի բացառվում, որ գույքի իրական սեփականատերը հանդիսանում է Արթուր Սարգսյանը։ Նրա կողմից հիմնովին վերանորոգվել է մշակույթի տան շենքը, եւ այն ներկայումս որպես հանդիսությունների սրահ օգտագործվում է նրա քրոջ՝ որպես անհատ ձեռներեց գրանցված Հասմիկ Սարգսյանի անվամբ։
Միաժամանակ, Սիսիանի համայնքապետարանն իր կարիքների համար ֆուրշետների եւ ճաշկերույթների կազմակերպման համար՝ անհատ ձեռներեց Հասմիկ Սարգսյանի հետ կնքել է 3 պայմանագիր, ըստ որի համայնքապետարանի կողմից նշված Ա/Ձ-ին փոխանցվել է 6.909.000 հազար դրամ: Արթուր Սարգսյանն առաջնորդվելով սեփական շահերից, Սիսիանի համայնքի կարիքների համար ֆուրշետների եւ ճաշկերույթների կազմակերպման ծառայությունների մատուցման պայմանագրերում ծառայության մատուցման համար՝ տեղերի քանակի բարձր շեմը եւ տարածքի Սիսիան քաղաքում գտնվելու պարտադիր պայմանը ներառելու միջոցով մրցակցությունից դուրս է թողել տարածաշրջանում գործող նման ծառայություններ մատուցող այլ տնտեսվարողներին:
Aravot.am-ը պատրաստ է ներկայացնել նաեւ կողմերի տեսակետները։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ