Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Թուրքիան Ռուսաստանի նկատմամբ վարում է «խաբեբա» քաղաքականություն, պարզ չէ, թե ինչու են ՌԴ շահերն այդքան թույլ պաշտպանված». ռազմական փորձագետ. «Հայաստանի Հանրապետություն»

Սեպտեմբեր 23,2021 11:32

Գորիս-Կապան ճանապարհի այդ երկու հատվածում ադրբեջանական ոստիկանությունը եւ սահմանապահներն արդեն մի քանի օր կանգնեցնում են վարորդներին, որոնք իրանական ապրանքներ են տեղափոխում: Ադրբեջանը ճանապարհային հարկ է գանձում արտասահմանյան յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի մուտքի եւ ելքի համար: Իրանական կողմը, այդ թվում՝ դեսպանությունը, ջանքեր է գործադրում հարցի շուտափույթ լուծման համար:

«Caucasian_bureau» տելեգրամ-ալիքը բացատրել է Բաքվի նման գործողությունների ենթատեքստը. իբր, դեպի Արցախ ճանապարհին անցակետերը դրվել են այն բանի համար, որ «եթե Հայաստանը չհամաձայնի Ադրբեջանին տրամադրել Զանգեզուրի միջանցքը», Ադրբեջանը վերահսկողության տակ կվերցնի Լաչինի միջանցքը, եւ «այդ ժամանակ արդեն կտեսնենք, թե Հայաստանն ինչպես է երգում»: Նման հաղորդումները հրապարակվում են թուրքական սոցիալական ցանցերում եւ զանգվածային լրատվամիջոցներում: Սակայն առայժմ դրանից ամենաշատ իրանցիներն են անհանգստացած:

Միեւնույն ժամանակ Թուրքիայի գործակցությունն իր ռազմավարական դաշնակից Ադրբեջանի, ինչպես նաեւ Հարավային Կովկասի, Կասպից ծովի ավազանի եւ Կենտրոնական Ասիայի այլ թյուրքական երկրների հետ խոստանում է լինել երկար եւ նույնիսկ ավելի մասշտաբային: Թուրքական «Անադոլու» գործակալության հաղորդումների համաձայն՝ «Երեք եղբայր-2021» զորավարժություններին մասնակցել են «բարձրաստիճան հյուրեր Ղազախստանից»: Նշանակում է՝ Ղազախստանը կարծես դեմ չէ Կասպից ծովում երրորդ երկրների ներկայությանը: Իսկ Թուրքիայի եւ Պակիստանի հատուկ նշանակության ջոկատները, ըստ լրատվամիջոցների եւ սոցիալական ցանցերի, մշակել են «համատեղ միջոցառումների լայն շրջանակ, ներառյալ մարտավարական օդադեսանտային դեսանտի վայրէջքը, պայմանական հակառակորդի թիկունքում ռեյդային գործողությունների կատարումը, դարանակալումը եւ դիվերսիաների անցկացումը: Ադրբեջանի ռազմածովային ուժերի հովանու ներքո եւ թուրքական հատուկջոկատայինների հետ համատեղ պարապմունքների ընթացքում ստեղծվել են «ստորջրյա հարձակման եւ պաշտպանության խմբեր»:

«Իսկ Ադրբեջանի կամ նրա դաշնակիցների համար ի՞նչ հակառակորդ կարող է լինել Կասպից տարածաշրջանում, որպեսզի դիվերսիաներ կազմակերպի, այդ թվում՝ ստորջրյա հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ: Իրա՞նը, Ռուսաստա՞նը,- հարց է ուղղում ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Վլադիմիր Պոպովը:- Եվ այստեղ, իհարկե, Ռուսաստանի ղեկավարությանն ուղղված հարցեր կան. ինչո՞ւ չի արձագանքում»: Պոպովն ուշադրություն է դարձնում այն բանին, որ հոկտեմբերին տեղի կունենա այսպես կոչված Թյուրքական խորհրդի գագաթնաժողովը: Այդ խորհրդի կազմի մեջ են մտնում Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ուզբեկստանը: Նշված կազմակերպության անդամ կդառնա Թուրքմենստանը, իսկ Ուկրաինան կստանա դիտորդի կարգավիճակ:

Պոպովի կարծիքով՝ Թուրքիան Ռուսաստանի նկատմամբ վարում է «լկտի, խաբեբա քաղաքականություն՝ ուղղված «մեծ» Թուրանի բանակի գաղափարի իրագործմանը: Եվ ես չեմ զարմանա, եթե երբեւէ Թուրքիայի հովանու տակ ի հայտ գա Թուրանի «մեծ» բանակը, ինչի մասին այսօր այդքան շատ են խոսում քաղաքագետներն ու փորձագետները: Այդ բանակն ապրիորի կգործի Ռուսաստանի հետաքրքրությունների դեմ: Եվ դա արդեն հիմա տեղի է ունենում»,- ենթադրել է Պոպովը: Նրա կարծիքով՝ Թուրքիան, մերձենալով Ադրբեջանի հետ, փորձում է Հարավային Կովկասում դիմակայել Ռուսաստանին: «Նա պաշտպանում է Ուկրաինայի բանակը՝ նրան վաճառելով ժամանակակից հարձակողական զենք՝ «Բայրաքթար» անօդաչուներ եւ նրա նավատորմի համար կառուցելով ռազմական ֆրեգատներ: Նա մեզ մեղադրեց Ղրիմի համար եւ միջազգային հանրության մեջ պաշտոնապես քարոզում է, որ չի ընդունում Պետդումայի՝ Ղրիմում կայացած ընտրությունները: Թուրքիայի մարտական ինքնաթիռները ՆԱՏՕ-ի նախագծերի շրջանակներում մարտական հերթապահություն են իրականացնում Բալթիկայում: Սիրիայում Թուրքիան գրավել է տարածքի մի մասը եւ չի կատարում Բաշար Ասադի վարչակազմի դեմ պայքարող գրոհայիններին չեզոքացնելու վերաբերյալ Մոսկվայի հետ ձեռք բերած պայմանավորվածությունը: Նա Սիրիայից մահմեդական ծայրահեղականների է ուղարկել՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղի պատերազմին: Եվ այս պայմաններում Անկարան պատրաստում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Մոսկվա, իսկ Կրեմլը հայտարարում է, որ պատրաստ է հանդիպել նրա հետ: «Իհարկե, Անկարայի հետ ընկեր լինելն ավելի լավ է, քան վիճելը: Բայց պարզ չէ, թե ինչու են Ռուսաստանի Դաշնության շահերն այդքան թույլ պաշտպանված»,-տարակուսել է Պոպովը:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930