44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերից տարբեր հայտնի ռազմական փորձագետներ և վերլուծաբաններ (ռուս, ուկրաինացի և այլ ազգությունների) հաստատապես նշում էին, որ պատերազմը կարող է տևել առավելագույնը 20-30 օր, քանի որ ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի ռազմական, տնտեսական, մարդկային և այլ ռեսուրսները չեն կարող բավականացնել ավելի երկարատև պատերազմ վարելու համար:
Այո՛, փորձագետները չեն սխալվել, ամեն ինչ ճիշտ էր: Ուղղակի եղել է անկանխատեսելի մի քանի գործոն: Առաջին հերթին փորձագետները անգամ երազում չէին կարող կանխատեսել, որ Հայաստանի ղեկավարությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, հանձնում է Արցախը՝ հետագայում ճանապարհային շրջափակումը վերացնելու համար, որը ներկայիս վարչապետի հոգևոր ուսուցչի՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի սևեռուն գաղափարն էր, ինչի սնանկ լինելը ժամանակին հաստատել էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր կառավարման տարիների տնտեսական զարգացմամբ (պատճառահետևանքային կապ. ներկայումս իշխանությունների կողմից ամենաքննադատվողը և «դատվողը» հենց Քոչարյանն է): Երկրորդ՝ անկանխատեսելի էր, որ ինքնիշխան Ադրբեջանի Հանրապետությունը պատերազմի վարման ղեկավարությունը կհանձներ երրորդ երկրին՝ Թուրքիային:
Այն զգացողությունն է, որ սահմանների բացումը այն անմահության դեղահաբն է, որն ինչպես բարգավաճում, լուսավորում, հզորություն և պատիվ կբերի Հայաստանին, այնպես էլ կստեղծի հայկական մինիթագավորություն՝ ի հակակշիռ Ադրբեջանի մինիսուլթանության: Իսկ պատերազմի արդյունքի վրա ազդած գործոնները հիմա էլ գործում են՝ Ադրբեջանի բանակի «ստվերային ղեկավարները» թուրք գեներալներն են, իսկ Հայաստանի ղեկավարությունը հանձնում է հայկական հողերը: Արդյո՞ք ունակ ենք մենք չեզոքացնել այս գործոններից մեկը, որը, ցավոք, ժամանակին չարեցինք: Իհարկե՛: Հարցը միայն այն է, թե ինչպես և ումով…
Կամո ԽԱՉԻԿՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։