Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյանն ու Էրդողանը կարժանանա՞ն Նոբելյան մրցանակի

Սեպտեմբեր 23,2021 12:00

Էրդողանին հանդիպելու առաջարկը ողբերգություն չէ: Պետության համար ողբերգությունը կլինի այն, եթե մեր պարտությունները դիվանագիտական ճակատում էլ շարունակվեն:

ՀՀ Անկախության 30-ամյակի տոնին ընդառաջ Թուրքիայից հերթական «դրական ազդակը» հնչեց: Թուրքիայի նախագահը հայտարարեց, թե Հայաստանի վարչապետն իրեն հանդիպման առաջարկ է արել։ Սակայն, ի պատասխան, Էրդողանը դարձյալ թեժացրեց Զանգեզուրի միջանցքի թեման՝ պնդելով՝ հայկական կողմը պետք է հստակ քայլեր ձեռնարկի։ «Տարակուսելի է, որ մի կողմից Փաշինյանը հայտարարում է, թե հայկական կողմը չի քննարկում այդ (Նախիջեւանի միջանցքի) հարցը, մյուս կողմից՝ ինձ հետ հանդիպելու ցանկություն հայտնում։ Եթե ուզում է հանդիպել Թայիփ Էրդողանի հետ, ապա պետք է հստակ քայլեր ձեռնարկվեն»,- նկատել էր Թուրքիայի նախագահը՝ Նյու Յորք, ՄԱԿ-ի հերթական վեհաժողովին մեկնելուց առաջ։ Ըստ Էրդողանի, հանդիպման առաջարկն իրեն փոխանցվել է Վրաստանի վարչապետի միջոցով, ում Փաշինյանը հանդիպել էր օրեր առաջ, երբ պաշտոնական այցով մեկնել էր Վրաստան։ «Եթե նրանք անկեղծ են Վրաստանի վարչապետի միջոցով երկխոսության գնալու ցանկության մեջ եւ պատրաստ նոր գործընթաց սկսելու ուղղությամբ քայլերի գնալ, մենք էլ ընդառաջ կգնանք եւ դիվանագիտությանը ընթացք կտանք»,- ասել է Էրդողանը, ընդգծելով, որ գործընթացը պետք է առաջ գնա փոխզիջումների միջոցով. «Երբ գործի է դրվում դիվանագիտությունը, ինչ-որ բան տալիս ես, ինչ-որ բան՝ ստանում։ Հույս եմ հայտնում, որ այս հարցում ոչ թե բացասական, այլ դրական մոտեցումները կգերակշռեն, եւ այսպիսով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խնդիրը կհաղթահարվի միջանցքների բացման շնորհիվ»:

Այսպիսով, Էրդողանը գոնե հրապարակային հստակ ներկայացնում է, թե ինչ են ակնկալում Հայաստանից, եթե՝ ՀՀ իշխանությունը ցանկանում է «խոսել Էրդողանի հետ»: Իհարկե, Թուրքիան հանդես է գալիս ուժի դիրքերից, իհարկե, շարունակում են Հայաստանի նկատմամբ ճնշում բանեցնելու իրենց ավանդական քաղաքականությունը, հստակ՝ խոսելով նախապայմաններով:

Սակայն ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ Թուրքիայի նախագահը կարող էր հրապարակային չխոսել Վրաստանի իշխանության միջոցով իրեն ուղարկված առաջարկի մասին, հետեւաբար, նշանակում է, որ որոշակի պրոցես, այնուամենայնիվ, ընթանում է, եւ հնարավոր է, որ այդ գործընթացում այլ «խաղացողներ» էլ կան: Մի քանիսն, ի դեպ, արդեն իսկ հայտարարել են, որ կցանկանային Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը մաս կազմել:

Եթե անկեղծ լինենք, ապա պետք է նշենք, որ եթե իսկապես Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորվեն, այդ գործընթացի սկիզբը դնողներն անգամ կարող են Նոբելյան մրցանակի էլ հավակնել: Իսկ Էրդողանի հավակնությունները հիմք ընդունելով, կարելի է ենթադրել, որ նա չէր հրաժարվի այդ «ճակատում» էլ երեւար որպես անհնարինն իրականացնողը, ընդ որում՝ Ռուսաստանից առաջ անցնելով:

Ամբողջ խնդիրն այն է, որ մենք չգիտենք, թե որն է պաշտոնական Երեւանի օրակարգը՝ Անկարայի հետ հնարավոր բանակցությունների հիմքում: Անցյալ աշնանը Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի գործուն աջակցությամբ պատերազմի օրերին էլ վատ չէր լինի, եթե պաշտոնական Երեւանը Բաքվի ու Անկարայի հետ բանակցեր, այլ ոչ թե զինադադարի հաստատման հնարավորությունները քննարկեր բացառապես Ռուսաստանի հետ: Ավելին՝ նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո էլ Հայաստանը չպետք է թույլ տար, որպեսզի հայկական շահի տեսանկյունից արժեքավոր խաղադրույքները «խաղարկեն» Ռուսաստանն ու Թուրքիան, այնուհետեւ գան ինչ-որ համաձայնության, ապա Երեւանին տեղեկացնեն, թե՝ սա է, այսպես պետք է լինի, կամ՝ այնպես: Հայաստանը պետք է ունենա՝ «այո»-ի կամ «ոչ»-ի իրավունք ու պետք է իրացնի իր իրավունքը:

Հայաստանն ինքնիշխան է այնքանով, որքանով լսելի է նրա ձայնը, որքանով նա բանակցում, խոսում է այլ երկրների առաջնորդների հետ: Հետեւաբար, պատերազմում պարտված կողմն էլ պետք է արագ ինքնակազմակերպվի, օրակարգ ունենա, այդ օրակարգի իրականացման ճանապարհին իր ռազմավարությունն ու մարտավարությունը մշակի: Այս առումով, Թբիլիսիի միջոցով Փաշինյանի առաջարկն Էրդողանին ողբերգություն չէ: Պետության համար ողբերգությունը կլինի այն, որ 44-օրյա պատերազմում զինադադարի կնքումից հետո, հարաբերական խաղաղության պայմաններում, հայկական կողմը շարունակի պարտությունները դիվանագիտական ճակատում:

Այստեղ է, որ մեծ մտավախություններ կան ու հարցեր, թե Հայաստանի իշխանությունները ի՞նչ են պատրաստ քննարկել Անկարայի հետ, ո՞ր հարցերում պայմանավորվել, ո՞ր հարցերում զիջել եւ ո՞ր հարցերում զիջում ակնկալել ու ստանալ Անկարայից: Թուրքիայի հետ չարժե կատակել: Էրդողանի Թուրքիան թերեւս ամենահավակնոտ երկրներից մեկն է այսօր, Սերբիայի նախագահն, օրինակ, օրերս Թուրքիան անվանեց՝ «տարածաշրջանային գերտերություն»: Բազմաթիվ այլ երկրներ այսօր հաշվի են նստում այդ հանգամանքի հետ, թեեւ հրապարակավ Թուրքիային դեռեւս գերտերություն չեն անվանում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 23.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930