Լրահոս
Օրվա լրահոսը

«Գունագեղ» միջոցառման ծախսերի մասին հարցերը շարունակում են մնալ անպատասխան. «168 ժամ»

Սեպտեմբեր 23,2021 09:30

Հակառակ պատերազմում զոհվածների, գերեվարվածների և անհետ կորածների հարազատների բողոքի բազմաթիվ միջոցառումների՝ սգացող երկրում փաշինյանական ձևակերպմամբ՝ «գունագեղ» միջոցառումն իրականություն դարձավ:

Այս շոուն, ինչպես և սպասելի էր, իշխանական ու իշխանամերձ շրջանակները շտապեցին որակել զուսպ և ճաշակով՝ այդպես էլ չանդրադառնալով միջոցառման «անզուսպ» ծախսերին: Նկատենք՝ մինչև օրս ո՛չ կառավարությունը, ո՛չ կազմակերպիչ ընկերությունը չեն հրապարակել նաև միջոցառման կոնկրետ ֆինանսավորման աղբյուրները:

Նկատենք՝ դեռ օրեր առաջ ճշգրտող հարցերին ի պատասխան՝ «Դոմինո փրոդաքշն» կազմակերպության ղեկավար Աշոտ Առաքելյանը հորդորել էր հարցերն ուղարկել «մեյլով»:

Սեպտեմբերի 15-ին 168.am-ը Աշոտ Առաքելյանից գրավոր հարցմամբ հետաքրքրվել էր՝ որքա՞ն գումար է կառավարությունը հատկացրել ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառման համար, հաստատո՞ւմ են տեղեկությունները, թե պետական բյուջեից հատկացվելու է 1 մլրդ դրամ, ինչպե՞ս կմեկնաբանի այն պնդումները, թե մտերիմ հարաբերությունների ունի ԿԳՄՍ նախկին նախարար, այժմ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ, արդյո՞ք «Դոմինո փրոդա՞քշն»-ն է նկարահանել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչական հոլովակները, և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քարոզչական տեսահոլովակը, արդյո՞ք իր ղեկավարած ընկերությունը սեփական նախաձեռնությամբ է իրականացնում ՀՀ հիմնի նոր տեսահոլովակի նկարահանումները, և, թե ինչ արձագանքներ ունի այն հավաստիացումներին, թե նոր տեսահոլովակից հանվում են Արցախի կադրերը:

Պատասխանները չստացանք:

Որոշեցինք «Դոմինո փրոդաքշն» կազմակերպության ղեկավարից ևս մեկ անգամ հետաքրքրվել, թե ի՞նչ ծախսեր են արվել «գունագեղ» շոուի համար: Հարցերը, սակայն, նյարդայնացրին Աշոտ Առաքելյանին, և նա խնդրեց այլևս չզանգահարել իր հեռախոսահամարին:

Նա սուտ որակեց տեղեկությունները, թե դրոնների վարձակալության 10 րոպեն արժեցել է 110.000 ԱՄՆ դոլար, բայց նաև չներկայացրեց իրական թիվը: Առհասարակ միջոցառման ծախսերի մասին հարցերը ևս մնացին անպատասխան.

– Ինչքա՞ն է ծախսվել. արդեն միջոցառումն ավարտվել է, դուք ունե՞ք հաշվարկներ:

– Մենք ունենք հաշվարկներ, ձեզ էլ չենք տրամադրում:

– Կառավարությունը մասնակցե՞լ է միջոցառման կազմակերպման ծախսերին:

– Ես Ձեր հարցերին չեմ ուզում պատասխանել. անգամ էդ հիասքանչ միջոցառումից հետո, սաղ արձագանքներից հետո, դուք էլի մանիպուլյատիվ ինչ-որ հարցեր եք տալիս:

– Բայց հետաքրքրում է, եթե կառավարության կողմից է տրամադրվել այդ գումարը, քաղաքացիներն իրավունք ունեն տեղեկանալու: Ես Ձեզ գրավոր հարցում էի ուղարկել. դուք հրապարակային գործունեություն եք ծավալում:

– Ուղարկեք նորից գրավոր հարցում, եթե հարմար տեսնենք, կպատասխանենք:

Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930