Aravot.am-ին հասած տեղեկություններով, Գյումրու ոստիկանության Կումայրի բաժինը վեց օր է՝ հետախուզում է հայտարարել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ։ Նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով։
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին Սպարտակ Ղուկասյանը հայտնվել էր նոր միջադեպի մեջ, նրան ձերբակալել էին ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով, սակայն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն ազատ էր արձակել՝ չբավարարելով Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի՝ նրան երկամսյա կալանքի վերցնելու միջնորդությունը։
Դատախազությունը, սակայն բողոքարկել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի այս որոշումը։ ՀՀ վերաքննիչ դատարանն էլ սեպտեմբերի 15-ին բավարարել էր Դատախազության բողոքը, բեկանել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և քրեական գործով մեղադրյալ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը:
Կալանավորման որոշումից անմիջապես հետո Սպարտակ Ղուկասյանը դիմել է փախուստի, սեպտեմբերի 17-ին ոստիկանությունը նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել։