Լրահոս
Օրվա լրահոսը

Սպիտակի երկրաշարժ. քաղված դասեր. (Ֆոտոշարք, տեսանյութ)

Սեպտեմբեր 22,2021 20:02
spitak

1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժին ճիշտ արձագանքելուն պատրաստ չէինք: Աղետի օրերին մենակ ու անօգնական չմնացինք, շատ երկրներ շտապեցին սատարել ու աջակցել, պարզվեց, որ ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ՝ օգնող երկրները չունեն աղետների ժամանակ մարդասիրական օգնության հոսքերի, փրկարարական ջոկատների ու թիմերի ճիշտ եւ արդյունավետ կառավարման մեխանիզմներ: Ու այս մտահոգությունը ստիպեց, որ 1991 թվականին Միավորված ազգերի կազմակերպության մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի հովանու ներքո ստեղծվի «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խումբ»՝ The International Search and Rescue Advisory Group (INSARAG): Նույն 1991 թվականին էլ Հայաստանում ստեղծվեց արտակարգ իրավիճակների վարչություն, որը 2008 թվականից նախարարության կարգավիճակ է ստացել:

Վարչությունը նախարարություն վերափոխելը կարեւոր քաղաքական որոշում էր: Վարչությունը կատարող է, օրենսդրական եւ այլ նախաձեռնությունների իրավասություններ չունի: Նախարարությունը քաղաքական մարմին է, օրենսդրական եւ այլ նախաձեռնությունների լայն իրավունքներ ունի, որոշումներ կայացնող եւ դրանց քաղաքական պատասխանատվությունը կրող կառույց է: Նախարարություններ են ստեղծվում այն ոլորտների համար, որոնք պետության համար առաջնային ու գերակա են: Արտակարգ իրավիճակների նախարարություն ձեւավորելով, Հայաստանը հստակ արձանագրեց, որ աղետների ռիսկի նվազեցումը-կառավարումը մեր պետության կառավարման համակարգում գերակա ուղղություն է:

Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանում ընդունվել են նաեւ ճգնաժամային կառավարման, արտակարգ իրավիճակներին արձագանքման ոլորտները կարգավորող բազմաթիվ օրենքներ ու կառավարության որոշումներ. «Փրկարար ծառայության մասին», «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին» եւ այլն: 2017 թվականի ապրիլին կառավարությունն ընդունել է «Աղետների ռիսկի կառավարման ռազմավարություն» եւ գործողությունների ծրագիր: Հիմա քննարկվում է ռազմավարությունը նոր մարտահրավերներին համապատասխանեցնելու հայեցակարգը: Նշված օրենքներն էլ պարբերաբար արդիականացվում են, կազմակերպվում են փրկարարների, պետական պաշտոնյաների, ուսուցիչների ու այլ մասնագետների վերապատրաստումներ: Ի՞նչ ունենք այս ամենի արդյունքում: Հարցի պատասխանը ստանալու համար եղանք Սպիտակում՝ 1988-ի երկրաշարժից ամենաշատը տուժած քաղաքում: Սպիտակում, աղետից երեսուն տարի անց, դրա  արձագանքները`տնակային ավանների տեսքով, դեռեւս կան:

Երկրաշարժից հետո Սպիտակը ապրեց

«Կարեւորն այն է, որ երկրաշարժից հետո ապրեցինք, չմեռանք»,- այս խոսքերով մեզ ճանապարհեց Սպիտակի 4-րդ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Գայանե Սահակյանը: 1988-ի երկրաշարժի ժամանակ տիկին Գայանեն երկու որդիներին է կորցրել: «Հենց երկրաշարժի օրը այդ ժամին ես դպրոցում էի, 10-րդ դասարանում դասի էի: Մենք շատ քիչ էինք տեղեկացված եւ մեր երեխաներից շատերը զոհվեցին հենց այն պատճառով, որ չգիտեին, որ այդ պահին կարելի էր մտնել նստարանների տակ եւ փրկվել: Կամ ուսուցիչները. դուռը բացել են, որ փախնեն ու… բայց կփրկվեին, եթե կրող պատերի մոտ կանգնեին: Մենք այն ժամանակ շատ քիչ գիտեինք ու ցավալիորեն, հենց այդ պատճառով ես եւ շատերը ականատես եղանք այն իրողությանը, որ մեր աչքի առջեւ մեր գործընկերները, մեր աշակերտները, հարազատները զոհվեցին»,- պատմում է տիկին Գայանեն՝ հավելելով, որ պետական կառավարման մարմինների տարիների անփութության արդյունքում նաեւ շենք-շինությունները պատշաճ որակով կառուցված չէին. «Մեր աչքի առջեւ դրանք փլվեցին`լուցկու տուփի նման»: Նաեւ այս ամենի գիտակցումով տիկին Գայանեն երկրաշարժի ծանր օրերից հետո չլքեց հարազատ քաղաքը, նա մնաց, որպեսզի կրթի հաջորդ սերունդներին: «Երկրաշարժից անմիջապես հետո ես աշխատել եմ: Նախ`ինքս եմ տարբեր ձեռնարկներ կարդացել, ուսումնասիրել, սովորել ու իմ աշակերտներին նախապատրաստել: Նույնիսկ դասի ժամանակ վարժություններ ենք կատարում. «Ուշադրություն`երկրաշարժ է»: Երեխաները արագ կողմնորոշվում են: Նաեւ, արտակարգ իրավիճակների հետ կապված հաճախ տարհանման վարժանքներ են կատարվում դպրոցներում»,- պատմում է մեր զրուցակիցը`վստահ պնդելով, որ այսօր մարդիկ, պետական, տեղական ինքնակառավարման մարմինները շատ ավելի տեղեկացված են, շատ ավելի պատրաստ են, քան 33 տարի առաջ:

Մանրամասները`տեսանյութում 

Հիմա երեխաներին նախապատրաստում ենք

Սպիտակի բնակիչ Շուշիկ Դավթյանը մեզ հետ զրույցում հիշում է 33 տարի առաջվա իրադարձությունները եւ ասում, որ իր ընտանիքը հրաշքով է փրկվել այդ աղետից: Միայն փոքր տղան ձեռքի մատն է կորցրել: Ասում է`ցնցումից անակնկալի են եկել ու խառնվել իրար: Բայց հիմա այլ է. թոռներին անընդհատ նախապատրաստում են`եւ դպրոցում, եւ տանը: Փետրվարի 13-ին, երբ Հայաստանում հերթական ցնցումը եղավ, իրենք հանգիստ են արձագանքել, բայց փոքր երեխաները, միեւնույն է, վախեցել էին, բայց շատ լավ պատկերացրել են, թե իրենց ինչպես պահել:

Մանրամասները`տեսանյութում

Այժմ մարդիկ ավելի զգոն են

1988-ի երկրաշարժի ժամանակ Սպիտակի քաղաքապետարանի գլխավոր քարտուղար Անահիտ Գյուլազյանը նոր էր վերադարձել Մոսկվայից`ուսումն ավարտելուց հետո. «Ընդամենը երկու ամիս էր ինչ վերադարձել էի հայրենիք: Շատ լավ եմ հիշում դեկտեմբերի 6-ը, 7-ի աղետին նախորդող օրը, երբ համարյա 6 բալանոց երկրաշարժ եղավ: Առաջին անգամն էինք զգում նման երկրաշարժ, երբ տանն ամեն ինչ`մենք էլ հետը, ասես օրորոցում լինեինք: Զանգում էինք միմյանց. մարդիկ կային`վախեցել էին, մարդիկ կային`անակնկալի էի եկել ու չէին հասկանում ի՞նչ է կատարվում: Բայց հիմնականում վերաբերմունքը անլուրջ էր»: Հիշում է, որ Մոսկվայում ուսանելու տարիներին իր ընկերներն անընդհատ հետաքրքրվում էին, թե երկրաշարժային գոտի Հայաստանում ինչպե՞ս են մարդիկ հանգիստ ապրում: Իսկ ինքը չուներ ոչ մի հարցի պատասխան, արդեն 1988-ի աղետից հետո, իր համար արձանագրեց, որ տեղում ապրելով, մարդիկ ավելի անտեղյակ եւ անպատրաստ էին: Պետական կառավարման մարմինները պատշաճ չեն արձագանքել, տեղեկատվություն է փոխանցվել 6 բալանոց երկրաշարժի մասին, իսկ բնակչության հետ որեւէ աշխատանք չի տարվել ու նաեւ դա էր պատճառը, որ դեկտեմբերի 7-ի արհավիրքից մարդիկ անակնկալի են եկել ու խառնաշփոթի մեջ ընկել: Շատերին մի պահ անգամ թվացել է, թե պատերազմ է, քանի որ արցախյան հարցի թեժ շրջանն էր:

«Ես գիտեի, որ կրող պատերի մոտ համեմատաբար անվտանգ է, երբ տունը փլվեց ես անմիջապես հարմար տեղ ընտրեցի ու կանգնեցի, հետո դուրս եկա: Բայց մարդկանց մեծամասնությունն ինֆորմացված չէր, այլապես շատերը կփրկվեին»,- պատմում է տիկին Անահիտը`հավելելով, որ այժմ մարդիկ ավելի զգոն են, գործնական առումով, առավել պատրաստ են այն մարդիկ, ովքեր 1988-ի երկրաշարժն են տեսել:

Մանրամասները`տեսանյութում

Մեծ ուշադրություն ենք դարձնում ուսուցչական կազմի պատրաստությանը

«1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո պարզ դարձավ, որ պետությունը բոլորովին պատրաստ չէ նման աղետի: Հենց այդ պատճառով երկրաշարժը վերածվեց աղետի»,- մեզ հետ զրույցում ասում է ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադիրներից ու նախկին տնօրեն Հրաչյա Պետրոսյանը: Սպիտակի երկրաշարժից երկուսուկես տարի անց կառավարության որոշմամբ ստեղծվեց Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը, որի հիմնական գործառույթն էր` նվազեցնել ՀՀ տարածքի եւ բնակչության սեյսմիկ ռիսկը: Ծառայության կազմավորման հիմքում դրված էին մի քանի հիմնական սկզբունքներ. ավելի քիչ ծախսատար եւ ճիշտ է աղետը կանխել, ոչ թե այն թույլ տալ ու հետո վերացնել հետեւանքները: Երկրորդ սկզբունքը՝ ստեղծվեցին ստորաբաժանումներ, որոնց տրվեց հավասար կարեւորություն: Դրանցից մեկը ազգային սեյսմիկ մոնիտորինգի դիտացանցն էր, մյուսը՝ սեյսմիկ վտանգի գնահատման կենտրոնը, երրորդը՝ բնակչության հետ տարվող աշխատանքների կենտրոնը, չորրորդը՝ կառույցների սեյսմակայունության կենտրոնը, եւ հինգերորդը՝ նյութատեխնիկական ապահովման կենտրոնը: Այս հինգ ուղղությունները գործում էին որպես ինքնուրույն եւ հավասար կարեւորություն ունեցող կենտրոններ:

Այսպիսով, 1991 թվականին ստեղծված ծառայությունն ընդամենը յոթ տարի անց՝ 1998 թվականին ճանաչվեց լավագույնը Եվրոպայում եւ երկրորդն աշխարհում: «Այս պահին ՀՀ տարածքում եւ առանձին Երեւան քաղաքի համար ունենք սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր երկու ծրագիր: Բացի այդ, ԱՊՀ երկրներից Հայաստանն առաջինն էր, որ ընդունեց «Սեյսմիկ պաշտպանության մասին» օրենք, որից հետո Ծաղկաձորում, մեր միջազգային գործընկերների հետ հանդիպում կազմակերպեցինք, նրանց տրամադրեցինք մեր օրենքի թարգմանված տարբերակները, որպեսզի նրանք հայկական փորձի հիման վրա մշակեն իրենց ներպետական օրենսդրությունը»,- պատմում է մեր զրուցակիցը:

Հետաքրքրվեցինք`այս տարիների վերլուծությունն ի՞նչ է ցույց տալիս, Հայաստանում տարեկան միջինում քանի՞ երկրաշարժ է գրանցվում: «Հայաստանում տարեկան գրանցվում է 350-400 սեյսմիկ ցնցում՝ տարբեր ուժգնության, մեծամասամբ՝ թույլ սեյսմիկ ցնցումներ, որոնք գրանցվում են սեյսմոգրաֆների կողմից, բայց բնակչությունը չի զգում: Բնակչությունը զգում է երբ ուժգնությունն առավել բարձր է լինում: Ընդ որում, ինչքան մեծանում է սեյսմիկ ցնցման ուժգնությունը, այնքան քչանում է դրանց քանակը»,- ասաց Հրաչյա Պետրոսյանը:

Թե Հայաստանի հատկապես ո ՞ր շրջաններն են սեյսմիկ տեսանկյունից ավելի ակտիվ, որքանո՞վ հանրությունը եւ պատկան պետական մարմինները ադեկվատ արձագանքեցին արդեն 2021 թվականի փետրվարի 13-ին գրանցված միջի ուժգնությամբ երկրաշարժի ժամանակ`

Մանրամասները՝ տեսանյութում  

 

– Արդյո ՞ք մենք դպրոցներից ու մանկապարտեզներից սկսած երեխաներին սովորեցնում ենք երկրաշարժից պաշտպանվելու կանոնները:

– Մեր ծառայության հիմնարար կենտրոններից է բնակչության հետ աշխատանքների կենտրոնը, որը համապատասխան ծրագրերով ծառայության գործունեության առաջին իսկ օրերից մեթոդաբար իրականացնում էր բնակչության վարքականոնների ուսուցում. ինչպես նախապատրաստվել երկրաշարժին, ինչպես վարվել դրա ընթացքում եւ հետո: Առայսօր, ամեն օր մեր աշխատակիցներն այցելում են մանկապարտեզներ, դպրոցներ, հյուրանոցներ, գաղութներ, դեսպանատներ: Ինքս նույնպես մասնակցել եմ նման միջոցառումներին՝ անկախ իմ զբաղվածությանը՝ որպես ծառայության ղեկավար: Ցանկացած դեպքում, երբ իմ ներկայությունը եղել է պիտանի եւ ցանկալի, ես հետաձգել եմ բոլոր այլ գործերս եւ մասնակցել այդ աշխատանքներին: Այս թեմաներով ԱԻՆ կայքում ունենք նաեւ ուսուցողական տեսահոլովակ:

– Քննարկվու ՞մ է ուսումնական ծրագրերում աղետների դիմակայման թեմաների ներառումն ու համապատասխան մասնագետների պատրաստումը:

-Առանձին դասեր աշխարհագրություն առարկայի ծրագրում կան: Իհարկե, մենք կողմնակից ենք, որ այդ դասերն ավելանան եւ դառնան առանձին առարկա, բայց միջավայրը կոնսերվատիվ է եւ դժվար է լուծել նոր առարկայի դասավանդման հարցը, բայց տարբեր դասարանների ծրագրերում առանձին ժամեր հատկացված են: Բացի այդ, մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մանկապարտեզներում եւ դպրոցներում ուսուցչական կազմի պատրաստությանը, որովհետեւ ուժեղ երկրաշարժի դեպքում Սեյսմիկ ծառայության աշխատակիցները ֆիզիկապես չեն կարող անձամբ լինել բոլոր դպրոցներում ու մանկապարտեզներում:

Օրինակ, Սպիտակի երկրաշարժի երեք հարվածներից առաջինից հետո եղել է երկրորդ, իսկ մոտավորապես չորս րոպե հետո երրորդ հարվածը: Գյումրիի դպրոցներում եղել են ուսուցիչներ, որ առաջին հարվածից հետո բոլորին հորդորել են դուրս գալ շենքից, եղել են եւ այլք, որոնք մտածել են, որ հարվածը եղավ եւ վերջացավ, պետք չէ առիթ փնտրել դասից փախչելու: Արդյունքում, բազմաթիվ ուսուցիչներ եւ աշակերտներ մնացել են երկրորդ հարվածից ընկած պանելի տակ: Իսկ դուրս եկածները, բնականաբար, փրկվել են: Ահա թե ինչու է կարեւոր խոցելի խմբերի հետ աշխատողների պատրաստվածությունը:

911 վստահության հեռախոս

 

Գնդապետ Սերոբ Գաբրիելյանը ԱԻՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության պետն է: Այս մարզում է Սպիտակ քաղաքը, փրկարարի կարիերան Սերոբ Գաբիրելյանը սկսել է հենց Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից, երկար տարիներ եղել է ջոկատի հրամանատարն ու հիմա ողջ մարզի փրկարարական ստորաբաժանումն է ղեկավարում: «1988-ի երկրաշարժի ժամանակ ես ծառայում էի խորհրդային բանակում, բայց այդ օրերին արձակուրդի մեջ էի: Այդ պահին, երբ երկրաշարժը եղավ, ես զինկոմիսարիատում էի`գնացել էի թղթերը ձեւակերպելու, որ վերադառնամ զորամաս: Զինկոմիսարիատի շենքում մի քանի մարդ մնացին, մահացան… մենք հազիվ դուրս պրծանք»,-հիշում է մեր զրուցակիցը`հավելելով, որ այդ պահին չէին հասկանում, թե ի՞նչ է կատարվում: Բայց երբ տեսել են քաղաքը փոշու ամպերի մեջ կորած`հասկացել են, որ ուժեղ երկրաշարժ է եղել: Ամենքը փորձել է իր տուն հասնել՝ տանեցիներին օգնության. «Ճանապարհները փակ, մեքենաներն`ով որտեղ հասցնում`կանգնեցնում էր, ոտքով էր վազում: Բոլորս շոկի մեջ էինք, չէինք հասկանում, թե ի՞նչ է կատարվում, բայց վազում էինք օգնության»: Թե ինչպե՞ս պետք էր օգնել, մարդիկ չգիտեին. «Ես այդ ժամանակ ապրում էի Սպիտակի հրշեջ խմբի հարեւանությամբ, որը մինչ օրս էլ նույն տեղում է գտնվում: Հրշեջ խմբի կայանն էլ էր փլուզվել, ներսում մարդիկ էին մնացել: Ներսից օգնության ձայներ էին գալիս»: Հետագայում, մասնագիտության ընտրելիս, Սերոբ Գաբրիելյանը նաեւ իր «գլխով անցածն» է հաշվի առել:

«Ընդհանուր առմամբ, Սպիտակի երկրաշարժը ցույց տվեց, որ Հայաստանի քաղպաշտպանական եւ սեյսմաաշտպանական համակարգը թերի էր»,- ասում է Սերոբը: Հարցին`այժմ`33 տարի անց, այդ իմաստներով մենք ավելի՞ պատրաստ ենք, պատասխանում է. «Իհարկե: Զուգահեռներ էլ չի կարելի տանել, որովհետեւ Սպիտակի երկրաշարժից հետո սեյսմիկ ռիսկի նվազեցումը դարձավ ազգային առաջնահերթություն`ուժեղ եւ կայուն ինստիտուցիոնալ բազայի հիման վրա: Իրականացվեց ռիսկի բազմակողմանի բացահայտում եւ գնահատում, նվազեցվեցին դրա բաղադրիչներն ու գործոնները, ստեղծվեց վաղ ազդարարման-ահազանգման գործուն համակարգ: 911 համակարգն այսօր հանրության կողմից ամենավստահելին է: Լոռիի փորձով կարող եմ ասել, որ անգամ շտապ օգնության կարիքի դեպքում մարդիկ 911-ով են ահազանգում: Մեր բնակչության համար 911-ը վստահության համար է: Ռիսկերի նվազեցման մասով համագործակցության եւ աջակցության համար, թե բնակչությունը, թե պետական, թե ՏԻՄ կառույցները վստահում են մեզ»:

 

1988-ի երկրաշարժից տուժած Սպիտակում չեն  մոռանում, որ Ճապոնիան օգնել եւ օգնում է աղետակայուն երկիր կառուցելու եւ անվտանգության մշակույթ ձեւավորելու հարցերում ու 2011-ին Ճապոնիայում ցունամիի զոհերի հիշատակի հուշարձան են տեղադրել քաղաքի պուրակներից մեկում:

Երկրաշարժից 33 տարի անց էլ դեռ կան տնակներում ապրող ընտանիքներ, միայն Սպիտակ քաղաքում ավելի քան 1000 տնակ կա: Մարդիկ սեփական ուժերով են բարեկարգում 33 տարի առաջ ժամանակավոր տեղադրված տնակները՝ մեկը քարապատում է, մյուսը՝ ճեղքերը լցնում, երրորդը՝ այլ լուծում գտնում:

 

Նելլի Գրիգորյան

Լուսանկարները եւ տեսանյութերը՝ հեղինակի

Հոդվածը պատրաստվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) համագործակցությամբ իրականացվող “Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման ծրագրի” շրջանակներում։ ԶԼՄ-ների քարոզարշավի շրջանակներում արված լուսանկարների հեղինակային իրավունքը պատկանում է ՃՄՀԳ-ին, և ԱԻՆ-ն իրավունք ունի օգտագործել դրանք ուսումնական նպատակով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930