«Չորս տարում շատ խնդիրներ են լուծվել։ 18 բնակավայրերով հանդերձ՝ Գեղամասարը խմելու ջրի խնդիր է ունեցել, որն անընդունելի է։ Հիմա գրեթե բոլոր գյուղերն ունեն խմելու ջուր։ Հիմա խոշորացման նպատակը չեմ հասկանում։ Արդեն հաջողություններ ենք ունեցել։ Ես այս խոշորացման մեջ քաղաքական նպատակ եմ տեսնում, եւ դա որեւէ մեկը չի կարող ժխտել»,-ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած՝ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման ժամանակ այսօր հայտարարեց Գեղարքունիքի մարզի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի Քարվաճառի շրջանի հետ սահմանակից Գեղամասար (Սոթք) համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։
Նրա խոսքով․ «Դա առաջացավ այն պահից, երբ ընտրություններում ես սատարեցի «Հայաստան» դաշինքին։ Հիմա, տեսնելով սահմանային իրադարձությունները, ավելի եմ համոզվում, որ ճիշտ եմ եղել»։
Ավետյանը հիշեցրեց, որ 2017թ․ իրենց համայնքն արդեն իսկ խոշորացվել է, եւ այդ ժամանակ դա ողջունելի էր։ Նրա խոսքով՝ անգամ եթե այս ամենում քաղաքական նպատակ չտեսնենք, ապա խոշորացումը Գեղամասարի համար հետեւանք կունենա․ «Սահմանի փեշին ենք։ 18 գյուղերը 80 կմ-ոց սահմանային գիծ ունեն, անվտանգային, տնտեսական խնդիրներ ունեն, որոնց տիրապետելու համար մարդը պետք է ապրի Կութում կամ Նորաբակում։ Եթե ոչ, ապա խորը քննարկումներ են պետք, սակայն բնակիչների հետ քննարկումներ չեն եղել, ինչը ցավալի է։ Ոչ մի հանրային քննարկում չի եղել ոչ իմ, ոչ բնակիչների հետ։ Դրա համար եմ ասում, որ սա քաղաքական նպատակներ ունի։ Հետեւանքը լինելու է այն, որ մարդիկ, իրենց անվտանգ չզգալով, արտագաղթում են, իսկ դա հետո անվտանգային լուրջ հարց է դառնալու։ Կառավարությանն առաջարկում եմ վերանայել որոշումը»։
Հիշեցնենք, որ առաջիկայում 441 համայնք կընդգրկվի 37 համայնքային փնջերում։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ