Լրահոս
Օրվա լրահոսը

Անչափահասը նոյեմբերի 9-ին ՔՊ գրասենյակից բջջային հեռախոս է հափշտակել

Սեպտեմբեր 22,2021 18:10

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր, դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, նախատեսված էր 2020 թվականի նոյեմբերի 10-ի գիշերը`ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Երևանում տեղի ունեցած քաղաքացիական բողոքի ցույցերին վերաբերվող մի դատավարություն: Այս գործով ամբաստանյալը Էրիկ Կարենի Գրիգորյանն է: Հանցանքի կատարման պահին Էրիկն անչափահաս է եղել` 17 տարեկան, նրա 18-ամյակը լրացել է 2021 թվականի օգոստոսի 8-ին։

Էրիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով. 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 04:49-ին, Երեւան քաղաքի Սայաթ-Նովա 40-80/81 հասցեում գործող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակից գույք է հափշտակել: Էրիկ Գրիգորյանի պաշտպան Մարզպետ Ավագյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հափշտակված գույքը բջջային հեռախոս է, ըստ համապատասխան փորձագետի գնահատման,  50 000 դրամի սահմաններում:

Պաշտպանը մանրամասնեց՝ առաջադրված մեղադրանքը համարվում է միջին ծանրության հանցագործություն, ինչի համար եւ տուգանք է նախատեսում, եւ կալանք, եւ ազատազրկում. «Եթե պրակտիկայով առաջնորդվենք, ազատազրկում, կարծում եմ, անչափահասի նկատմամբ չեն կիրառի»: Պաշտպանը չի բացառում նաեւ, որ գործի վաղեմության ժամկետները լրանան եւ դատաքննությունն իր հունով չավարտվի. «Միջին ծանրության հանցագործության դեպքում վաղեմության ժամկետը հինգ տարի է, անչափահասի դեպքում, ժամկետը կրճատվում է մինչեւ 2,5 տարի: Եթե արարքից մինչեւ վաղեմության ժամկետի ավարտը օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չի լինում, ապա հնարավոր է վաղեմության ժամկետի հիմքով քրեական գործի վարույթի կարճում եւ քրեական հետապնդման դադարեցում, եթե անձը համաձայն է»: Մեր զրուցակիցը չի բացառում, որ դատավարությունը  դեռ 1,5 տարի ձգվի եւ մինչեւ վաղեմության ժամկետի ավարտը օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չլինի: Համենայնդեպս, դատարանների գերծանրաբեռնվածության հանգամանքը նրան հուշում է, որ այդ տարբերակը պետք չէ բացառել:

Մարզպետ Ավագյանը նաեւ տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը մասնակի է ընդունում առաջադրված մեղադրանքը: Թե ո՞ր մասով՝ արդեն դատաքննության փուլում կբարձրաձայնեն:

Էրիկ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նիստերը կանցկացվեն դռնբաց:

Այսօր, սակայն, նշանակված նիստը հետաձգվեց. նիստի օրը նշանակվել էր Էրիկ Գրիգորյանի պաշտպանի հետ նախապես չհամաձայնեցնելով, վերջինս էլ այլ գործով նիստ ուներ նախապես նշանակված: Այս գործով առաջին նիստը, փաստորեն, կկայանա դեկտեմբերի 2-ին, 14. 30-ին:

Հիշեցնենք` 2020թ–ի նոյեմբերի 9-ին Մոսկվայում, ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ հայտարարության հետո Երևանում բողոքի ցույցեր էին սկսվել, որոնց ընթացքում ցուցարարները ներխուժել էին ԱԺ, կառավարության շենք, ՔՊ կենտրոնական գրասենյակ։ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն էր ծեծի ենթարկվել ցուցարարների կողմից: Իսկ ավելի ուշ հայտարարվեց, որ ցուցարարները կառավարությունից գողացել են ՀՀ վարչապետի ժամացույցն ու դիվանագիտական անձնագիրը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930