Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոտանում պիտի անցկացնել համապատասխան ցույց՝ պաստառներով, որ Էրդողանը, Ալիևն իրավունք չունեն Զանգեզուրի միջանցք անուն տալ». Զարուհի Փոստանջյան

Սեպտեմբեր 22,2021 17:23

«Ես արդեն ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին համապատասխան իրավապահ մարմիններին, այդ թվում նաև դատախազին»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը:

Նա նշեց՝ դիմել է դատախազություն՝ հաշվի առնելով, որ դրանք պարտադիր ընթացակարգեր են. «Վաղը մյուս օրն այսպես չի մնալու. ոչ միայն ունեմ համոզմունք, այլև պայքարելու եմ, որ ՀՀ-ն չդառնա թուրքական վիլայեթ»:

Խոսելով սեպտեմբերի 21-ին իր հետ տեղի ունեցածի մասին՝ Զարուհի Փոստանջյանն ասաց, որ առավոտյան ավանդույթի համաձայն գնացել է Եռաբլուր, սակայն իրեն թույլ չեն տվել այցելել Եռաբլուր ու մանրամասնեց. «Սեպտեմբերի 21-ին երբևէ Եռաբլուր գնալու ճանապարհը փակ չի եղել՝ անկախ նրանից` ով է գնացել, երբևէ այդ ճանապարհը փակ չի եղել: Մտածում էի, որ կլինեն ոստիկանական արգելափակումներ, բայց որ այդ կերպ կարող էր տեղի ունենալ, մի փոքր միամտացա: Մենք պայմանավորվել էինք, թե որտեղ պիտի հանդիպենք, միասնական գնանք: Տնից դուրս գալիս նկատեցի, որ ինձ հետևում են, հավանաբար արդեն հայտնել էին, թե որ տաքսիով պիտի բարձրանամ: Տաքսին կանգնեցրին, ասացին, որ ինձ չի թույլատրվում, որ մեքենան բարձրանա: Դուրս եկա, մի քանի բառ խոսեցի. ճիշտ արեցի, որ հեռախոսս միացրի: Բռնության գործողություններ կատարեցին իմ նկատմամբ, հատուկ ձևով ձեռքերը ոլորում, հետ են տանում մինչև վերջ բարձրացնում. զգում ես անտանելի ցավ: Մի պահ թվաց՝ գիտակցությունս եմ կորցնում: Հասանք Նորքի ոստիկանություն, այնտեղ շտապօգնություն կանչեցին ու ինձ ցավազրկող տվեցին»:

Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ քաղաքացիներն իրենց բողոքի ձայնը միասնական չեն բարձրացնում՝ անգամ սեպտեմբերի 21-ի համերգի հետ կապված դա չեղավ: Նա փաստեց՝ այդ օրը աշխատանքային չէր, ուստի մարդիկ հանգիստ կարող էին գնալ Եռաբլուր:

Ըստ նրա՝ հիմա գործընթացները թևակոխել են երկրորդ փուլ, և գլխավոր դերակատարը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է. «Ծրագիր կա Հայաստանից թողնել շուրջ 10 հազար քմ տարածք՝ փոքր բնակչություն, որ այս բնակչությունն այս տարածքում սպասարկի ֆինանսական ինստիտուտներին: Դրանք պիտի լինեն օֆշորային ինստիտուտներ և կեղտոտ փողերի լվացքատուն: Դրա համար նույնիսկ արդեն ճարտարապետներով նախագծեր են կազմել, թե ինչպես մեր համալսարանական շենքերը դնեն աճուրդի, և դրանց գնորդներն էլ կան՝ Էրդողանի փեսան, թուրքական ցանցեր, հայկական անուններով օլիգարխներ այդ ֆինանսական կառույցներում պիտի ունենան իրենց փայաբաժինները: Նիկոլ Փաշինյանն այս հարցերում մեծ դերակատար չէ, բայց նա արտաքին ֆասադն է, որովհետև իր հետևում կան ավելի լուրջ մտածողներ, որոնք այս ծրագրերն իրականացնում են»:

Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ պետք է մոտակա օրերին գնալ Որոտան: Նա պարզաբանեց. «Որոտանում պիտի անցկացնել համապատասխան ակցիա՝ պաստառներով, որ Էրդողանն իրավունք չունի «Զանգեզուրի միջանցք» անուն տալ, Ալիևն իրավունք չունի «Զանգեզուրի միջանցք» անուն տալ: Սյունիքում ապրում է երեք հարյուր հազարից ավելի մարդ, այդքան մարդ պատրաստ է զինված պաշտպանել Սյունիքը: Մենք պետք է այս մարդկանց համապատասխանաբար զինենք, դիրքերը համապատասխան կառուցենք մինչև մենք ստանանք հնարավորություն գնալու ու նորից հետ շպրտելու թուրքին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930