Aravot.am-ի տեղեկություններով՝ ոստիկանությունում հերթական նյութերն են նախապատրաստում Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայհոյանք գրելու համար։
Մեր տեղեկություններով՝ Երեւանի բնակիչ Արմեն Գ․-ի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին սոցցանցում սեպտեմբերի 8-ին կատարված գրառման, ավելի կոնկրետ՝ վարչապետի հասցեին ուղղված ծանր վիրավորանքի եւ հայհոյանքի վերաբերյալ նախապատրաստվում են նյութեր։
Ֆեյսբուքյան գրառման համար ոստիկանություն բերման են ենթարկել նաեւ «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին, ենթադրաբար ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին սոցիալական ցանցում վիրավորելու համար: Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրառում է արել «Ադեկվադ»-ի անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը՝ մասնավորապես հայտնելով. «Ոստիկանությունում Արթուրին հարցրել են, թե ում է եղել ուղղված հայհոյանքը: Արթուրը պատասխանել է, որ հայհոյանքն ուղղված է եղել Ալենին՝ Դելոն Ալենին, ինչից հետո՝ րոպեներ առաջ նրան բաց են թողել»:
Ոստիկանության՝ սոցցանցերում կատարված վիրավորանք պարունակող գրառումների համար բերման ենթարկելու հիմք է հանդիսանում Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածը՝ Ծանր վիրավորանքը, որը խորհրդարանն ընդունել է այս տարի հուլիսին:
Կարդացեք նաև
Ըստ այդ հոդվածի, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, որը կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված՝ պատժվում է տուգանքով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով: Իսկ եթե նշված արարքը նշված ձեւով կատարվել է միեւնույն անձի նկատմամբ պարբերաբար՝ պատժվում է տուգանքով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ