Սեպտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելեց Ծովինար համայնք, որտեղ ԱՀ նախագահի հրամանագրով «Մարտական ծառայություն» մեդալներ հանձնեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և խիզախության համար պարգևատրված Սիմոն Ավետիսի Մելքոնյանին և Արգիշտի Ալֆենդրի Օհանյանին: Կարեն Սարգսյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց նախկին զինծառայողներին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած արիության և խիզախության համար: Մարզպետն իր երախտագիտությունը հայտնեց նաև պարգևի արժանացած զինծառայողների ծնողներին՝ նման հայրենասեր զավակ դաստիարակելու համար:
Նույն համայնքում Գեղարքունիքի մարզպետն այցելեց և Ռոբերտ Սարգսի Աբրահամյանին հետմահու շնորհված Մարտական ծառայություն» մեդալը հանձնեց նրա ծնողներին: Կարեն Սարգսյանը հիշատակի և երախտագիտության խոսքեր հնչեցրեց հերոսացած Ռոբերտ Աբրահամյանի հասցեին, խոսեց նրա մարտական գործողությունների, ցուցաբերած արիության մասին, նշելով, որ նման տղաների անձնուրացության շնորհիվ է, որ այսօր մենք ունենք 30-ամյա Անկախ Հայաստանի Հանրապետություն:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը միաժամանակ պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում իր լիազորությունների շրջանակներում աջակցել անմահացած զինծառայողների ընտանիքներին:
Գեղարքունիքի մարզպետարան