Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ո՞ւր եք գնում, դուք լքո՞ւմ եք մարտի դաշտը». Ղազինյանը դուռը շխկացրեց ու հեռացավ. նրան 4-րդ անգամ չընտրեցին

Սեպտեմբեր 22,2021 16:12

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրված Արթուր Ղազինյանի թեկնածության հարցն էր քննարկվում: Հիշեցնենք, որ Ղազինյանը 3 անգամ չի ընտրվել:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հորդորեց օրակարգը փոխել ու քվեարկել, այս հարցը հանել: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Խնդիրը իշխանության քվեարկության մեջ չի, ընդդիմությունը կարող էր քայլ անել ու ոչ թե անընդհատ նույն թեկնածուին ներկայացներ, այլ՝ թեկնածուին փոխեր: Բայց ձեր իրավունքն է, անընդհատ տեղապտույտի մեջ չենք կարող լինել: ԱԺ կանոնակարգ օրենքով, եթե ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ չի ընտրվում, 5 օրվա ընթացքում պարտավոր ենք անդրադառնալ, հիմա մենք անդրադառնում ենք: Պարոն Ղազինյանը հարցազրույցում ասաց, որ ինքը 40 անգամ պիտի առաջադրվի, սա 4-րդ անգամ է, եւս 36 անգամ պիտի առաջադրվի: Իհարկե, սա դառնում է անիմաստ խնդիր»:

Ղազինյանը դժգոհեց, որ արդեն 4-րդ անգամ է այս հարցը քննարկվում ու այն գտնվում է իշխանության լուծման տիրույթում. «Չեն կարող պարտադրել ընդդիմությանը փոխել թեկնածուին, դա առնվազն կոռեկտ չէ: Ձեր որոշումը կայացրեք, երեք անգամ թեկնածուն ներկայացվել է, որեւէ նոր բան ձեզ ասելու ես չունեմ, ձեզ է պատկանում պատասխանատվությունը, ձեր որոշումը կայացրեք՝ ներկայացրեք, ես դուրս եմ գալիս»: Ղազինյանը լքեց հանձնաժողովի նիստերի սրահը: Անդրանիկ Քոչարյանը հետեւից կանչում էր, թե՝ «հլը մի րոպե, ո՞ւր եք գնում: Կարող է հարցեր ունենք ձեզ, դուք մենակ հո Պետրոս Ղազարյանին չպիտի պատասխանեք, նաեւ հանձնաժողովի անդամներին պիտի պատասխանեք: Դուք լքո՞ւմ եք մարտի դաշտը, լքո՞ւմ եք խրամատը»:

Անդրանիկ Քոչարյանը հորդորեց շանտաժ չանել, կոնսենսուսի գործիքով ընտրվել. «Թեկնածուն դուռը շրխկացնելով դուրս է գալիս որպես ի՞նչ: Կա՛մ բերեք նոր թեկնածու, կա՛մ մենք հավերժ այս օրակարգով դատապարտված ենք արտահերթ նիստ անել 5 տարի: Եթե ընդդիմությունը չի կարողանում իր մեջ եւս մեկ թեկնածու գտնի, ստացվում է՝ դուք պարոն Ղազինյանի գերին եք, ձեզ ազատագրման պրոցես ենք սկսում»:

Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ Ղազինյանի թեկնածության հարցը պարտավոր են քննարկել՝ անգամ իր բացակայության պայմաններում. «Ուզում եք՝ իր նկարը դրեք»:

Տիգրան Աբրահամյանն ասաց, որ իր դիրքորոշումը արդեն ներկայացրել է եւ ինքն էլ այլեւս իմաստ չի տեսնում մասնակցելու այդ քննարկումներին. «Որոշումը, քայլը ձերն է: Եթե դուք այս անգամ եւս անհրաժեշտ չեք համարում քվեարկելու նրա օգտին, դա արդեն ձեր իրավունքն է»:

Տիգրան Աբրահամյանը, հանձնաժողովի անդամ Գեղամ Նազարյանը նույնպես լքեցին հանձնաժողովի նիստը:

ՔՊ անդամ Քրիստինե Պողոսյանը հայտարարեց, որ քանի որ Ղազինյանն ասել է՝ ինքը հաճույք է ստանում այս գործընթացից, որեւէ մեկը չի կարող ստիպել իրեն որեւէ բան, ուստի ինքն էլ քաղաքական բոյկոտ է հայտարարում. «Քանի կբերվի պարոն Ղազինյանի թեկնածությունը, ես չեմ մասնակցի քվեարկությանը»: Անդրանիկ Քոչարյանը արձագանքեց, որ դա իրենց ձեռնտու է, որ ՔՊ-ականները չմասնակցեն քվեարկությանը:

Վիլեն Գաբրիելյանն ասաց, որ ինքը չի պարտադրում ընդդիմությանը փոխել իր թեկնածուին, բայց իրեն էլ չեն կարող պարտադրել ընտրել Ղազինյանին:

Վահագն Ալեքսանյանն ասաց, որ Ղազինյանին չընտրելը ամենատրամաբանական բանն է, որ կարող են անել Ղազինյանի թեկնածության հետ՝ հատկապես, որ չի հարգում հանձնաժողովի ինստիտուտն ու դուռ շրխկացնում. «Ես անձամբ 40 չէ, պատրաստ եմ 400 անգամ էլ նրան չընտրել եւ պարոն Ղազինյանի երեսին ասել, որ իրեն չեմ ընտրում: Պարոն Ղազինյանն էլ թող բարի լինի իր թեկնածության հետ նստի ու լսի հարցերը: Ես հարցեր ունեի, հիմա զրկված ենք դրանք տալուց»: Կողքից Արփի Դավոյանն էլ ասաց. «Ես շատ կարեւոր հարց ունեի նրան տալու ու նա դուրս եկավ՝ վախենալով՝ ենթադրելով, թե ինչ հարցեր կան իրեն տալու»:

Հանձնաժողովի նախագահը 10 րոպե ընդմիջում հայտարարեց, որից հետո հայտարարեց, որ այսպես չեն կարող իրենց «ներվերը սղոցել»:

Հանձնաժողովը Ղազինյանի թեկնածության հարցին 4-րդ անգամ «դեմ» քվեարկեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930